«Նոր անուններ» միջազգային փառատոնն իր շուրջն է համախմբել հինգ տասնյակ շնորհալի պատանի երաժիշտ-կատարողների

08-12-2022 09:11

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Մշակույթի գործիչների ընկերակցություն» ՀԿ-ն դեկտեմբերի 10-13-ը կանցկացնի «Նոր անուններ» պատանի երաժիշտ-կատարողների 11-րդ միջազգային փառատոնը: 2022 թվականին պատանի երաժիշտ-կատարողների ներկայացուցչական հավաքին  կմասնակցեն Հայաստանի, Արցախի, Ռուսաստանի, Վրաստանի, ԱՄՆ-ի, Իրանի շուրջ 5 տասնյակ շնորհալի պատանի երաժիշտ-կատարողներ՝ միջազգային և հանրապետական մրցույթների ու փառատոների բազմակի դափնեկիրներ, տարբեր հիմնադրամների կրթաթոշակառուներ: «Նոր անուններ» պատանի երաժիշտ-կատարողների 11-րդ միջազգային փառատոնի հանդիսավոր բացումը տեղի կունենա դեկտեմբերի 10-ին՝ ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Դեկտեմբերի 11-ին և 12-ին՝ ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հանդիսատեսը կունկնդրի պատանի երաժիշտների մենանվագ կատարումները: Փառատոնի  հանդիսավոր փակումը և պատանի մենակատարների ելույթը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ դիրիժոր Հարություն Արզումանյանի  ղեկավարությամբ, տեղի կունենա դեկտեմբերի 13-ին՝ ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Մեծ Բրիտանիայից ժամանած «Վեսթմինսթեր» լարային քառյակն առաջին անգամ Երևանում կկատարի Է․ Էլգարի «Ինտրոդուկցիա և ալլեգրո» ստեղծագործությունը՝ քառյակի և նվագախմբի համար: Փառատոնի շրջանակում մասնակիցների համար կկազմակերպվի մշակութային ծրագիր, որը հնարավորություն կընձեռի օտարազգի պատանիներին մոտիկից ծանոթանալու Հայաստանին.  պատանիները  կայցելեն  պատմամշակութային և տեսարժան վայրեր: Բոլոր մասնակիցները կպարգևատրվեն փառատոնի դիպլոմներով: Այս տարի ևս փառատոնի հյուրեկ երաժիշտների շարքում հայազգի շնորհաշատ պատանիներ են, որոնք փառատոնի շնորհիվ կապվում են իրենց արմատներին, հայրենի երկրին ու մշակույթին: Արձանագրենք նաև, որ իններորդ տարին անընդմեջ «Նոր անուններ» ծրագրի սաները ամերիկյան աստղերի հետ մասնակցում են «Հայաստանի մանուկներ» (COAF) հիմնադրամի՝ Նյու-Յորքում կազմակերպվող ամենամյա բարեգործական գալա համերգներին, որոնց արդյունքում հավաքված միջոցներն ուղղվում են Հայաստանի մարզեր: «Նոր անուններ» ծրագրի նախագահն է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սիլվա Մեքինյանը:

Lragir.am,
08-12-2022 09:11