Ինչու է ԱՄՆ-ն ձգձգում Ռուսաստանի պարտությունը․ հավանական վարկած

08-12-2022 09:51

ԱՄՆ-ն առայժմ ձեռնպահ է մնում Ուկրաինային ավելի հեռահար ու արդիական զինատեսակների մատակարարումներից, պատճառաբանելով, որ չի ցանկանում, որ դրանք կիրառվեն Ռուսաստանի տարածքի վրա հարձակումների համար: Ամերիկացիներն ու դաշնակիցները Կիեւին սպառազինություն են մատակարարում ըստ «ընթացիկ իրավիճակի եւ խնդիրների», ինչը, փորձագետների կարծիքով, կապված է պատերազմը հնարավորինս վերահսկողության տակ պահելու մտադրության հետ: ԱՄՆ պաշտոնատարները հայտարարում են, որ չեն ցանկանում էսկալացիա, ուղիղ առճակատում Ռուսաստանի հետ: ԱՄՆ-ի ու Արեւմուտքի հռետորաբանությունը նշանակալի փոխվել է այն բանից հետո, երբ տապալվեց ռուսական բլից-կրիգը եւ բացահայտվեցին ռուսական բանակի ոճրագործությունները օկուպացիայից ազատագրված շրջաններում: Մինչ այդ, Արեւմուտքում կարծում էին, որ Ուկրաինան կհանձնվի մի քանի օրում, եւ նախագահ Զելենսկիին առաջարկում էին էվակուացիա: Սակայն ուկրաինացիների դիմադրությունը փոխեց իրավիճակը, փոխվեցին նաեւ Ուկրաինային մատակարարվող զենքի որակն ու հեռահարությունը: Ռուսական բանակի առասպելը հօդս է ցնդել, եւ հիմա բոլորին պարզ է, որ դրա հարցերը կարելի է արագ լուծել Ուկրաինային համապատասխան սպառազինության մատակարարման դեպքում: Այնուամենայնիվ, ԱՄՆ-ն առայժմ խուսափում է հարձակողական զենքի մատակարարումներից ու կանգնած է «անթույլատրելի են թե Ռուսաստանի, թե Ուկրաինայի հաղթանակը» դիրքին: Փորձագետները սա կապում են Ռուսաստանի միջուկային շանտաժի եւ պարտության դեպքում այդ ահռելի երկրում անխուսափելի աղետալի զարգացումների հանդեպ Արեւմուտքի մտահոգությունների հետ: Բերվում են այլ պատճառներ եւս, սակայն առավել ուշադրության է արժանի հետեւյալ վարկածը: Այն, ինչ պետք էր անել Ռուսաստանի դեմ, անում են ինքը՝ Պուտինը եւ նրա կլեպտոկրատ շրջապատն իրենց ձեռքով: Ոչ ոք նրանցից ավելի լավ ու հիմնովին չի կարող դա անել: Պուտինի կլեպտոկրատ ռեժիմի գործունեության արդյունքում Ռուսաստանը դադարել է լինել պետություն բառի դասական իմաստով եւ անշեղ ընթանում է անկման ճանապարհով՝ մարդկային, ռազմաքաղաքական, տնտեսական, սոցիալական, արժեքային եւ հնարավոր ու անհնար բոլոր ոլորտներում: Հետաձգելով Ռուսաստանի պարտությունը, Արեւմուտքը Պուտինի վարչակարգին հնարավորություն է տալիս ավարտին հասցնել գործը:

Lragir.am,
08-12-2022 09:51