Ռուսական հույսերը սպառված են․ Մոսկվան Արցախին այլ ելք չի թողել

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 5-ին աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիայի Հանրապետություն և արդեն հասցրել է հանդիպել Ֆրանսիայի Սենատի և Ազգային ժողովի պատգամավորական խմբերի ղեկավարների հետ: Հարությունյանի այցը տեղի է ունենում արտգործնախարար Լավրովի սկանդալային ճեպազրույցից հետո, որի ժամանակ նա պարզ և հստակ հայտարարեց, որ կարգավորումը հիմնված է լինելու «Ալմա-Աթայի հռչակագրի վրա, ըստ որի Արցախը Ադրբեջանի կազմում է», և Ռուսաստանը կխթանի «խաղաղ համակեցությունը» համայնքների միջեւ: Այս հայտարարությունից անմիջապես հետո Արցախում սկսեց սադրանքների շարք. ռուս «խաղաղապահները» 3 ժամով փակեցին Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը, թույլ տվեցին սադրանք Գետավանում և հայտարարեցին Բաքվի հետ համատեղ Գորիս-Ստեփանակերտ ճանապարհին անցակետ ստեղծելու իրենց մտադրության մասին: Դրանից անմիջապես հետո Բաքվի էմիսարների հետ ռուսները սկսեցին քննարկել ճանապարհային քարտեզ՝ նրանց անարգել մուտքը Արցախի օբյեկտներ ապահովելու համար: Նույն օրերին, մտացածին պատրվակներով Հայաստանի խորհրդարանը ցուցադրաբար չընդունեց Արցախի վերաբերյալ հայտարարությունը, իսկ իշխող կուսակցության ներկայացուցիչները բացահայտորեն պաշտպանեցին ռուսական «կարգավորման պլանը»՝ նշելով, որ չեն պատրաստվում Հայաստանը դարձնել արցախյան կարգավորման «պատանդ»: Մոսկվան և պաշտոնական Երևանը վերջնականապես դեն նետեցին դիմակները՝ ցույց տալով իրական դեմքը: Դրանից հետո Ստեփանակերտի համար արդեն դժվար է հղում անել Մոսկվային, երդվել Պուտինի անունով ու հայտարարել, որ ռուսական պլանն ավելի լավն է, քան «վաշինգտոնյանը»: Ամեն ինչ շատ պարզ է՝ կամ պետք է բռնել թշնամու կողմը, կամ ինքնիշխան գործողությունների դիմել: Արցախի նախագահը Փարիզում խնդրել է Ֆրանսիայի աջակցությունը երկու հիմնարար հարցում՝ Արցախի ճանաչում և Բերձորի միջանցքի միջազգային երաշխիքներ: «Արցախի վերաբերյալ Ֆրանսիայի Սենատի և Ազգային ժողովի կողմից ընդունված բանաձևերը լավ հիմք են Արցախի և Ադրբեջանի միջև հակամարտության համապարփակ և տեւական կարգավորման համար: Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարգումը և այդ իրավունքի իրացման արդյունքների ճանաչումը հակամարտությունը լուծելու միակ ճանապարհն է, որը երաշխավորում է Արցախի ժողովրդի իրավունքների և անվտանգության համապատասխան մակարդակը»,- ​​ասել է Արայիկ Հարությունյանը: Հարությունյանը հույս է հայտնել, որ Արցախի Հանրապետության ճանաչման ուղղությամբ աշխատանքները կավարտվեն Ֆրանսիայի գործադիր իշխանության կողմից, ինչը կկանխի հայերի նոր ցեղասպանությունը իրենց հայրենիքում: «Ադրբեջանը ցանկանում է կտրել արտաքին աշխարհի հետ միակ և վերջին կապը՝ դրանով իսկ խեղդամահ անելով Արցախը: Մենք ցանկանում ենք, որ Լաչինի միջանցքը լրացուցիչ միջազգային երաշխիքներ ունենա՝ Արցախի և Հայաստանի և արտաքին աշխարհի միջև անխափան հաղորդակցությունն ապահովելու համար», ասել է նա:

ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան
08-12-2022 10:55