Շտապօգնության մեքենաներին պետք է զիջել

21-12-2022 11:09

Ոստիկանության հաղորդագրությունը Հայաստանում ամեն օր շտապօգնության ծառայություն միջինը ստացվում է 700 ահազանգ: Իսկ ամեն մի ահազանգ մի կյանք է: Շտապօգնության բուժանձնակազմի գերխնդիրն է արագ հասնել պացիենտին, առաջին բուժօգնություն ցուցաբերել, անհրաժեշտության դեպքում նաև տեղափոխել բժշկական հաստատություն: Ցավով ենք նշում, բայց մեր երկրում՝ հատկապես մայրաքաղաքում, ոչ բոլոր վարորդներն են զիջում շտապօգնության մեքենաներին: Անգամ օրվա ամենաթեժ ժամին, երբ կան մեքենաների հապաղումներ, հնարավոր է և պե՛տք է զիջել շտապօգնության մեքենաներին: Սա վերաբերում է ոչ միայն շտապօգնության ծառայությանը: Կապույտ գույնի առկայծող փարոսիկ և հատուկ ձայնային ազդանշան միացրած տրանսպորտային միջոցի մոտենալու դեպքում վարորդները պետք է զիջեն ճանապարհը` նշված տրանսպորտային միջոցի անխոչընդոտ անցումն ապահովելու համար: Կապույտ և կարմիր գույների առկայծող փարոսիկներ և հատուկ ձայնային ազդանշան միացրած տրանսպորտային միջոց մոտենալու դեպքում վարորդները պետք է իջեցնեն արագությունը և զիջեն ճանապարհը` նշված, ինչպես նաև դրանով ուղեկցվող տրանսպորտային միջոցների անխոչընդոտ անցումն ապահովելու համար: Կապույտ կամ կապույտ և կարմիր գույների առկայծող փարոսիկներ միացրած, կանգնած վիճակում գտնվող տրանսպորտային միջոցին մոտենալիս` վարորդները պետք է իջեցնեն արագությունը, որպեսզի անհրաժեշտության դեպքում հնարավորություն ունենան անմիջապես կանգ առնել: Կարմիր գույնի առկայծող փարոսիկ միացրած, կանգնած վիճակում գտնվող տրանսպորտային միջոցին մոտենալիս` տվյալ ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցների վարորդները պետք է կանգ առնեն և շարունակեն երթևեկությունը միայն թույլտվություն ստանալուց հետո: Սրանք ճանապարհային երթևեկության կանոններ են, որոնք պետք է խստագույնս պահպանել: Պարեկային ծառայությունը հետևողական է և շարունակելու է հայտնաբերել այն վարորդներին, որոնք չեն զիջում կապույտ կամ կապույտ և կարմիր գույների առկայծող փարոսիկներ միացրած մեքենաներին: Ըստ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 124-րդ հոդվածի 4-րդ մասի՝ Կարմիր և (կամ) կապույտ լուսային ազդանշանով առկայծող փարոսիկներ միացրած և միաժամանակ հատուկ ձայնային ազդանշաններ արձակող տրանսպորտային միջոցին ճանապարհը չզիջելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով՝ 20 000 դրամով: Հարգելի՛ վարորդներ, մի՛ խախտեք ճանապարհային երթևեկության կանոնները:

Lragir.am,
21-12-2022 11:09