Ռուսաստանի դեսպանատան դիմաց ենք, որովհետև Ռուսաստանը ոչ միայն թողտվություն է ցուցաբերել այդ հանցավոր գործողության նկատմամբ, այլ մասնակից է դրան․ Արա Պապյան

11-01-2023 16:38

Ազգային ժողովրդավարական բևեռն այսօր «Շրջափակում՝ հանուն ապարշրջափակման» խորագրով երթ է իրականացրել դեպի ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատուն: Նրանք պահանջել են, որպեսզի Ռուսաստանը կատարի իր պարտավորությունները և ապահովի Բերձորի միջանցքի ապաշրջափակումը: ԱԺԲ խորհրդի անդամ Արա Պապյանը նշել է․ «Ռուսաստանի դեսպանատան դիմաց ենք, որովհետև Ռուսաստանը ոչ միայն թողտվություն է ցուցաբերել այդ հանցավոր գործողության նկատմամբ, այլ մասնակից է դրան: Երբ Ռուսաստանը մեզ պարտադրում էր 4․5 հազար քառակուսի կիլոմետրը, որը հայ զինվորն իր արյունով պահել էր, հանձնել Ադրբեջանին, դրա դիմաց խոստանում էր Բերձորի միջանցքի անխափան աշխատանք: Հիմա էդ ո՞նց եղավ, մեզ կարող էր պարտադրել, իսկ մի բուռ չակերտավոր բնապահպաններից չի կարողանում ազատագրել այդ միջանցքը: ԱԺԲ-ն անօրինական է համարում նոյեմբերի 9-ի այդ հայտարարությունը, բայց եթե ռուսները դա համարում են օրինական, թող իրենց պարտավորությունները կատարեն: Եթե չեն կարող իրենց պարտավորությունները կատարել, գոնե չխոչընդոտեն ուրիշներին: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստերում ինչ-որ հնարքներ են անընդհատ բանեցնում, վերջին պահին փոփոխություններ են մտցնում տեքստի մեջ՝ դրանով իսկ վիժեցնելով Արցախի ապաշրջափակման վերաբերյալ որևէ փաստաթղթի ընդունում: Այս երկդիմի քաղաքականությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ դավաճանություն: Դավաճաններն ավելի վատն են, քան թշնամին»: Արա Պապյանը կոչ է արել հայ ժողովրդին ու քաղաքական ուժերին միանալ այս պահանջին: «Եթե որևէ մեկը կարծում է, որ զոհաբերելով Արցախի մեր հայրենակիցներին՝ ինքը Երևանում ու Հայաստանի այլ մարզերում կյանք է վայելելու, խորապես սխալվում է: Քայլ առ քայլ թուրքը ռուսի աջակցությամբ հասնում է իր նպատակին: Միասնություն է պետք, հետևողական պայքար: Եվ Նիկոլ Փաշինյանը պետք է լավ իմանա, որ ինքն այլընտրանք չունի, պետք է տեր կանգնի իր խոստումներին: Եթե չի կարողանում խնդիր լուծել, չես կարող, գնա, թող գան ուրիշները, որոնք կարող են այդ խնդիրները լուծել»,- հավելել է Պապյանը: ԱԺԲ խորհրդի անդամ Գարեգին Չուգասզյանն ասել է․ «Այսօր հավաքվել ենք ՌԴ դեսպանատան մոտ, որովհետև գիտենք, թե ով է մեղավոր Բերձորի միջանցքի փակման համար: 2022 թվականն ապացուցեց, որ Ռուսաստանի՝ իր կայսրության վերականգնման ծրագիրը տապալված է: 2022 թվականի ապացուցվեց, որ 3+3 ֆորմատը չի գործելու Հարավային Կովկասում: 2023 թվականը լինելու է բեկումնային տարի, փշրվելու են պուտինյան ռեժիմի ատամները, նաև էրդողանյան ռեժիմի ատամներն են փշրվելու, որովհետև սրանք փոխկապակցված հրեշներ են: Մենք ինքներս պետք է քշենք ռուսներին այստեղից: 2020 թվականի պատերազմի դասն այն էր, որ մենք գիտակցեցինք, թե ովքեր են մեր թշնամիները, դա ռուս-թուրքական միացյալ աքցանն է»: Ակցիայի մասնակիցները դեսպանատան մոտ վանկարկել են՝ «Ռուսաստանը դավաճան է», «Ռուսաստանը թշնամի է», «Ռուսաստանը օկուպանտ է», «Ռուսաստանն ագրեսոր է», «Հայաստանն առանց Պուտինի»: Ակցիային միացել են նաև ազգությամբ ռուսներ:

Lragir.am,
11-01-2023 16:38