Երեւանի ու Մոսկվայի ջանքերով Ստեփանակերտը վերածվում է էթնիկ, նույնիսկ սուբէթնիկ, գետտոյի

24-01-2023 17:21

Երբ տարիներ առաջ, Հայաստանի դեմ Արցախում ռազմական արշավի ու «հետպատերազմյա կարգավորման» մեկնարկին քաղաքական մեկնաբան Պավել Դալլաքյանը Եզերք օրագրային նոթերում եւ Լրագիր պարբերականում իր հրապարակումներով հիմնավորում էր, որ այսպիսով Ռուսաստանն իրագործում է Կովկասից իր պատմական նահանջի ռազմավարությունը, հայ մեդիա-փորձագիտության ու առավել եւս հանրային լայն շերտերի համար սա անհասկանալի, նույնիսկ ֆանտաստիկ բան էր թվում: 1916 թ․ Վանի ստորությունից մեկնարկած Ռուսաստանի ռազմավարական նահանջը տեղի է ունենում հայկական հողի ու տարածքների հաշվին, թուրքերի հետ համաձայնություններով, նրանց եւ քրդերի ձեռքերով: Այդպես 1915-1920-ին փակվեց Արեւմտյան Հայաստանի հարցը, 1920-1923-ին Հայաստանի Առաջին Հանրապետությունն օկուպացվեց ռուս-թուրքական բանակների կողմից, իսկ 1921 թ․ ռուս-թուրքական պայմանագրերով ՀՀ տարածքների ռազմավարական իմաստով վճռորոշ մասը՝ Կարսը, Արդահանը անցան Թուրքիային, Արարատ լեռան շրջանը զիջվեց Վրացաստանին՝ Բաթումի հետ փոխանակելու համար, Նախիջեւանն անցավ այսպես կոչված «Ադրբեջանի» պրոտեկտորատի տակ, իսկ Արցախը՝ պայմանագրերի չհրապարակված բաժնով եւս Բաքվին: Սա ջախջախում էր՝ մարդկային ու տարածքային սպանդ, հայի ցեղը պատմական ասպարեզից մեկընդմիշտ դուրս նետելու ոճրագործություն: Այն շարունակվեց 1942-43 թվականներին Ղրիմ-Ռոստով-Խարկով շրջանում հարյուր հազարավոր հայ տղամարդկանց կոտորածով: Այս ամենի գլխավոր շահառուն եւ նախաձեռնողը Ռուսաստանն էր, իր ցարական եւ բոլշեւիկյան կերպարանքներով: Մնացած տարածքի վրա ձեւավորվեց Հայկական ԽՍՀ անունով ռեզերվացիան, որպես ռուսական քաղաքականության մատաղացու՝ իրապես ռեզերվ: Ռուսական նահանջի հաջորդ փուլը գործնականացավ 2020-ի սեպտեմբերի 27-ի ռազմական ագրեսիայով: Ռուսաստանն արդեն դեմոկրատական տարազով էր: Մնացյալը բոլորի աչքի առջեւ է: Մոսկվան ներկայում Հայաստանի առջեւ կանգնած է ուղիղ, իր դեմքով, եւ արդեն փորձ էլ չի կատարում քողարկվել գործիք Բաքվի ու Անկարայի հետեւում: 3 տարի շարունակ Կրեմլի կոյուղատարներից նետված քարոզչական աղբը դունչ ու թաթիկով փորփրող հայ մեդիա-քաղաքագիտության գերակշիռ հատվածից հիմա զգուշավոր հայտարարություններ են հնչում՝ «Ռուսաստանը ոնց որ իսկապես հեռանում է Հարավային Կովկասից, ռուսներն ու թուրքերը ոնց որ իսկապես Հայաստանի վերացման համատեղ ծրագիր են իրագործում, Նիկոլին Պուտինն է բերել ու պահում իշխանության» եւ այլն: Ճիշտ է՝ առայժմ զգուշավոր, պատճառահետեւանքային կապերի նենգափոխմամբ (օրինակ՝ պատերազմ չէր լինի, եթե Նիկոլը Ռոբերտին չբռներ, Ռուսաստանը հիմա թույլ է ու կախված է Թուրքիայից եւ նման ուրիշ զավեշտներ): Ինչն էր Կրեմլից իջեցված քարոզչական կեղտաջրերի բերածը՝ հայերի հնարավոր դիմադրությունը եւ միջազգային առարկայական միջամտությունը կանխելը հանրությանը ապակողմնորոշելու, նրանց պարտվածի, անելանելիության զգացումն արմատավորելու միջոցով: Ռուսները պետք է մնային փրկչի կերպարում, Հայաստանի դեմ ծրագրերն ու նահանջի ռազմավարությունը սահուն եւ ցանկալի տեմպով իրագործելու համար: Ահա դրանով է զբաղված հայկական մեդիա-քաղաքագիտության գերակշիռ մասը՝  իշխող խմբակին սպասարկող «արեւմտամետ», իսկ իրականում ռուսանպաստ իր հատվածով: Հետեւանքը, դարձյալ Պավել Դալլաքյանին հղելով, Հայաստանը (Արցախը ներառյալ) վեր է ածվում կրկնակի թիրախի՝ արեւելքից ու արեւմուտքից: Երեւանն իրականացնում է սովետական ռեզերվացիայի մնացորդը ինչ-որ տարածքի վրա պահելու խնդիրը, իսկ Ստեփանակերտը վերածվում է էթնիկ, նույնիսկ սուբէթնիկ գետտոոյի: Այլ որակի քաղդասի ու մեդիա-փորձագիտության եւ դրա ուղիղ հետեւանք՝ հանրային լայն շերտերի քաղաքական գիտակցության պարագային, Կովկասից Ռուսաստանի անխուսափելի հեռացման գինը հայ կյանքերն ու տարածքները չէին լինելու:

Lragir.am,
24-01-2023 17:21