Բաքուն ուզում է զավթել Հայաստանի Հանրապետության տարածքները և դա հիմնավորել այսպես կոչված «ադրբեջանցի փախստականների վերադարձով»

Lragir.am-ի զրուցակցին է իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը Տիկին Ալավերդյան, Ալիևը խոսում է այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» մասին՝ հայտարարելով, թե «ադրբեջանցիները» պետք է վերադառնան Հայաստան: Ինչպե՞ս պետք է Հայաստանի իշխանությունները հակազդեն սրան: Հենց այս «Արևմտյան Ադրբեջան» եզրույթն արդեն նշանակում է, որ Հայաստանը կարող է հանդես գալ միջազգային ամենատարբեր հարթակներում, մինչև անգամ դատական, բարձրացնելով Ադրբեջանի կողմից նկրտումների, տարածքային անհիմն պահանջների հարցը: Այսինքն՝ առաջին հերթին Հայաստանը պետք է պատասխանատվության կանչի Ադրբեջանին ահա այս եզրույթն օգտագործելու ու այն պետական ծրագրերում նպատակ սահմանելու համար: Կարելի է ասել, որ դրանով Ալիևը շարունակում է դաստիարակել սերունդ, որը հայատյացությունից բացի ամբողջովին համոզված է լինելու, որ Հայաստան գոյություն չունի, որ «Հայաստանը գտնվում է Արևմտյան Ադրբեջանի տարածքների վրա»: Հայաստանի իշխանություններն այսօր այդ հակազդող աշխատանքը չեն անում: Ինչ վերաբերում է այսպես կոչված փախստականներին, ապա Հայաստանը լքել են 164 000 ադրբեջանցիներ: Նրանք բոլորը Հայաստանից գնացել են իրենց կամքով, ավելին, նրանց ավելի քան 85-90 տոկոսն իրենց բնակարանները ԽՍՀՄ ժամանակ փոխանակել են հայերի հետ: Լինելով ԽՍՀՄ քաղաքացիներ՝ նրանք մի բնակության վայրը փոխել են այլ բնակության վայրի հետ: Դրա համար նրանց չենք կարող լիարժեք փախստական կոչել: Կրկնում եմ՝ նրանք բռնի չեն տեղահանվել, իրենց կամքով են հեռացել: Ես հիշեցնեմ, որ ընդամենը 6000 ադրբեջանցի էր բնակվում Երևանում, մնացածն ապրում էին շրջաններում: Հստակեցնենք, որ 1988 թվականի երկարաշարժից տուժած բոլոր այն տների համար, որոնք ադրբեջանցիներին էին պատկանել և արդեն իսկ փոխանակվել էին հայերի հետ, դրանց համար ևս փոխհատուցում է տրվել ադրբեջանցիներին: Սովետական աշխատանքային պետական կոմիտեն 72 մլն ռուբլի է փոխանցել սովետական Ադրբեջանին, որը որպես փոխհատուցում պետք է տրամադրվեր այն ադրբեջանցիներին, որոնք ժամանակին բնակվել էին այդ բնակարաններում և արդեն իսկ փոխանակել էին այդ բնակարանները հայերի հետ: Այսինքն՝ նրանք երկրորդ անգամ ստացել են այդ գումարները: Ադրբեջանական հանրապետությունն այս գումարները տվել է այդ մարդկանց, թե ոչ, մենք դրա պատասխանատուն չենք, բայց ԽՍՀՄ մակարդակով դա տեղի է ունեցել: Այսպիսով, եթե մենք դիտարկենք, թե քանի ադրբեջանցի կարող է միջազգային իրավունքի տեսանկյունից լիարժեք կոչվել փախստական, կտեսնենք, որ եթե նրանց թիվը մի քանի հազար լինի, լավ է: Նրանք էլ գուցե այլ փոխհատուցում ստացել են, պարզապես մենք իրավական ապացույցներ չունենք: Այնինչ, Ադրբեջանն այսօր հայտարարել է փախստականների մարդահամար, ես չգտեմ, թե դա ի՞նչ խոսք է: Դա նշանակում է փախստականների վերահաշվառում, և ինքը ներկայացնելու է ոչ թե ադրբեջանցիների այն թիվը, որոնք Հայաստանից դուրս են եկել, այլ մի թիվ, թե նրանց սերունդները հաշվելով՝ քանի հազար կամ միլիոն մարդ է կազմելու: Այսինքն՝ այն, ինչ անում է Ադրբեջանը, սողացող անեքսիայի հայց է, և նա դա անելու է նույնչափ հետևողական, նույնչափ ստերի վրա հիմնված: Հասկանալի է, որ Ադրբեջանն ուզում է զավթել Հայաստանի Հանրապետության տարածքները և դա հիմնավորել այսպես կոչված «ադրբեջանցի փախստականների վերադարձով»: Նիկոլ Փաշինյանն ի պատասխան ասաց, որ իրենք էլ Հայաստանում են Ադրբեջանից բռնագաղթած փախստականների մարդահամար իրականացնում: Ես չեմ հասկանում՝ այդ ինչ անգրագետ տերմին է՝ «փախստականների մարդահամար»: Դա կոչվում է հաշվառում: Իսկ Նիկոլ Փաշինյանն ինչո՞ւ է հայելային արձագանքում դրան, ո՞ւմ է այսօր ինքը հաշվառելու: Կես միլիոնից ավելի հայեր բռնի տեղահանվել են Ադրբեջանից, այսօր քանի՞ հազար փախստական է մնացել Հայաստանում: Ինչո՞ւ ճիշտ հաշվառում չեն իրականացնում: Ինչո՞ւ 2020 թվականին ու դրանից հետո տեղահանված  փախստականների հաշվառում չի իրականացվում և ինչո՞ւ Ադրբեջանն ու Թուրքիան պատասխանատվության չեն կանչվում՝ իրենց ցեղասպանական ագրեսիայի համար: Այսինքն՝ այն, ինչ հիմա արվում է Հայաստանում, ամբողջովին համապատասխանում է ադրբեջանական այն ծրագրին, որով իրենք փորձում են ցույց տալ, որ Հայաստանում ընդամենը մի քանի հազար փախստական կա, իսկ ադրբեջանցիները՝ կես միլիոն կամ մեկ միլիոն են: Պետք է ուղղակի հստակեցնել, որ այդ մարդահամարը ոչ թե Հայաստանի կառավարության ծրագիրն է, այլ հերթական անգամ Ադրբեջանի ցեղասպանական ծրագրերի սպասարկում է Հայաստանի կառավարության կողմից: Հայաստանի իշխանություններն ի՞նչ քաղաքականություն են վարել փախստականների հարցով, և ի՞նչ պետք է անեին, որ չեն արել: Հայաստանի Հանրապետությունն ի սկզբանե որդեգրել էր մի քաղաքականություն, որով որոշել էր նախ և առաջ լուծել այդ մարդկանց սոցիալական, ինտեգրման խնդիրները: Մեր կազմակերպությունը կողմնակից էր, որ այն բոլոր հայերը, որոնք ժամանակին փոխանակել են իրենց բնակարաններն ադրբեջանցիների հետ, նրանք ստանային նորանկախ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն: Դրանով մենք կզատեինք այդ մարդկանց: Ադրբեջանական ընտանիքները շատ ավելի մեծ էին, և երբ բնակարանները փոխանակվում էին, շատ քիչ թվով հայեր, մեր հաշվարկով, ընդամենը մոտ 80 հազար հայ, փոխանակելով բնակարանները, կարող էին սովետական ժամանակ համարվել ՀՀ քաղաքացի: Իսկ նրանք, ովքեր փոխհատուցում չեն ստացել, 400 հազարից ավելի են: Հայաստանում փախստականների կեսից ավելին ստացել են քաղաքացիություն, բայց նրանք երբևիցե չեն ստացել որևէ փոխհատուցում ոչ Ադրբեջանից, ոչ Սովետական միությունից: Միջազգային հանրությունից ու ՄԱԿ-ից շատ շնորհակալ ենք, բայց նրանք հիմնականում լուծել են հրատապ հարցերը՝ հումանիտար օգնություն, բնակարանային հարցեր: Այդ մարդկանց հարցը պետք էր քաղաքական օրակարգի հարց դարձնել, միջազգային դատական ատյաններում պետք է պահանջվեր փոխհատուցում: Մենք ունենք ընդամենը երկու զուգահեռ դատական գործ, դա արդեն նախադեպային է: Եվ մինչ այսօր «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով որևէ փոխհատուցում չի եղել: Այդ ամենի պատասխանատվությունը ՀՀ-ի վրա է: Այդ աշխատանքը չի արվել, հակառակը, որոշել են, որ ինչքան հնարավոր է շատ մարդ պետք է ստանա ՀՀ քաղաքացիություն և դրանով իսկ կատարել ոչ քաղաքացիության թիվը կրճատելու մասին կոնվենցիան: Ադրբեջանում անմիջապես ստեղծվել էր նախարարություն, որի անվան մեջ հստակ եղել է «փախստական» բառը: Հայաստանում 1998 թվականին, երբ վերջապես ընդունվեց Փախստականների մասին օրենքը, դրանից մի քանի տարի հետո չունեցանք մարմին, որի անվան մեջ «փախստական» բառը կլիներ․ Փախստականների և միգրացիայի հարցերով վարչությունը դարձավ միգրացիայի վարչություն: Այսինքն՝ Ադրբեջանը ստերի վրա հիմնված՝ քաղաքականացրել է այս հարցը, բարձրացրել է այն բոլոր հարթակներում, իսկ Հայաստանը՝ ոչ: Միայն միգրացիոն գերատեսչության նախկին ղեկավարներից Գագիկ Եգանյանն է ՄԱԿ-ում մի կոնֆերանսի ժամանակ ներկայացրել, թե Հայաստանում քանի փախստական կա: Միայն ինքն է հնչեցրել իրական թվերը, թե քանի հայ է բռնի տեղահանվել Ադրբեջանից: Հետագայում անընդհատ հնչեցվում էին այն փախստականների թվերը, որոնք մնացել են Հայաստանում: Դա տվյալների աղավաղում ու այլասերում է համարվում, երբ ասում ես, որ Հայաստանում ունես օրինակ՝ 240 000 փախստական, ապա դա ընկալվում է, որ հենց այդքանն են բռնի տեղահանվել Ադրբեջանից: Երբևիցե չի եղել բանաձև, որ ներկայացվեր՝ Ադրբեջանից բռնի տեղահանվել են կես միլիոնից ավելի հայեր: Այդ թիվը պետք է հնչեցվի ու ասվի, որ նրանց մի մասը գնացել են տարբեր երկրներ, Հայաստանում մնացել են այսքանը: Եվ այն, որ ասում են, թե այսօր փախստականների մարդահամար են իրականացնում, դա ինձ վրդովեցնում է: Կներեք, իսկ ո՞ւր են այդ բոլոր տվյալները, ի՞նչ մարդահամար են անում, հաշվառում են նրանց, ովքեր մնացե՞լ են Հայաստանում: Ես կրկնում եմ՝ Հայաստանում փախստականների մարդահամարը խնդրի այնպիսի այլասերում է, որը հավասարազոր է Արցախը Ադրբեջանի կազմում թողնելուն:

ՌՈԶԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Լրագրող
24-01-2023 18:11