ԵՄ քաղաքացիական առաքելությունը կսկսի ամբողջությամբ գործել առաջիկա շաբաթներին

24-01-2023 18:13

Հունվարի 23-ին ԵՄ խորհուրդը համաձայնել է Հայաստանում Եվրոպական Միության քաղաքացիական առաքելություն (EUMA) հիմնել անվտանգության և պաշտպանության ընդհանուր քաղաքականության շրջանակում: Այս մասին «Լուրեր»-ի հարցմանն ի պատասխան նշել են Հայաստանում Եվրամիության պատվիրակությունից: «Առաքելության նպատակն է աջակցել Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունությանը, տեղում վստահության ամրապնդմանը և ԵՄ աջակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին նպաստող պայմանների ապահովմանը: Առաքելության մանդատը նախատեսված է երկու տարվա համար, և դրանում ներգրավված կլինի մինչև 100 աշխատակից, ներառյալ՝ փորձագետներ և ԵՄ դիտորդներ: Այն կսկսի ամբողջությամբ գործել առաջիկա շաբաթներին: Առաքելությունը կտեղակայվի Հայաստանի տարածքի մի քանի վայրում՝ Ադրբեջանին մոտ գտնվող սահմանամերձ շրջաններում: Դրա գործողության գոտին կընդգրկի Ադրբեջանի հետ սահմանի ամբողջ երկայնքը, ներառյալ Նախիջևանի հատվածը»,- տեղեկացրել են Եվրամիության պատվիրակությունից:

Lragir.am,
24-01-2023 18:13