Լաչինի միջանցքի բացման խնդիրը Մեծ Բրիտանիայի կառավարության ուշադրության կենտրոնում է. դեսպանը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարին

24-01-2023 19:13

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հունվարի 24-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերին: Հանդիպմանը ներկա են եղել նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը, Արաքսիա Սվաջյանը և Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ադդէ Հովասափյանը: Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից,  դեսպանը շնորհավորել է Ժաննա Անդրեասյանին ԿԳՄՍ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ` նշելով, որ կարևորում է համագործակցության շարունակականությունը կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության և սպորտի ոլորտներում: Ջոն Գալագերին համատեղ և արդյունավետ աշխատանք է մաղթել նախարարին` ի շահ երկու պետությունների բարեկամական կապերի զարգացման ու ամրապնդման: Ըստ աղբյուրի՝ Ժաննա Անդրեասյանը, անդրադառնալով ոլորտային համագործակցությանը, հատկապես կարևորել է ԿԳՄՍ նախարարության արդյունավետ համագործակցությունը Բրիտանական խորհրդի հետ: Որպես հաջողված օրինակներ՝ նշվել են անգլերենի ուսուցիչների վերապատրաստման և ուսուցման որակի ապահովմանն ուղղված աջակցությունը, դպրոցներում անգլերենի ակումբների ստեղծման ծրագիրը, բուհերում «Ստեղծագործ միտք» ծրագրի իրականացումը: «Առանձնահատուկ կարևոր են Բրիտանական խորհրդի դերը և աջակցությունն անգլերենի ուսուցման մեթոդաբանության մշակման և ուսուցիչների վերապատրաստման հարցերում»,- ասել է ԿԳՄՍ նախարարը՝ շնորհակալություն հայտնելով Բրիտանական խորհրդին մշակույթի ռազմավարության նախագծի մշակման աշխատանքներում գործուն աջակցության համար: Նշվում է, որ հանդիպման ընթացքում կարևորվել է գիտակրթական համատեղ ծրագրերի իրականացումը, որը կարող է նպաստել գիտության և կրթության ոլորտներում համագործակցության նոր հնարավորությունների ստեղծմանը: Անդրադարձ է եղել ՀՀ-ում ընթացող կրթական և մշակութային բարեփոխումների ընթացքին, և երկուստեք վերահաստատվել պատրաստակամությունը՝ էլ ավելի սերտորեն համագործակցել ոլորտային ռազմավարությունների իրականացման փուլում: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը դեսպանի ուշադրությունն է հրավիրել 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից շրջափակված Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետության և ամբողջ աշխարհի հետ կապող միակ ճանապարհի խնդրին՝ վերստին շեշտելով հումանիտար ճգնաժամի անդառնալի հետևանքները: «Ամեն օր շարունակվում են խախտվել շուրջ 30.000 երեխաների հիմնարար իրավունքները, այդ թվում՝ կրթության իրավունքը: Հույս ունենք, որ նաև դիվանագիտական խողովակներով մեր մտահոգությունները տեղ կհասնեն, խնդիրը լուծում կստանա, և Լաչինի միջանցքը կբացվի»,- նշել է Ժաննա Անդրեասյանը: Նշելով, որ բարձրաձայնված խնդիրը գտնվում է Մեծ Բրիտանիայի կառավարության ուշադրության կենտրոնում՝ դեսպան Ջոն Գալագերը հույս է հայտնել, որ խնդիրը  կստանա դրական լուծում: ՀՀ ԿԳՄՍ նախարարության տեղեկացմամբ՝ դեսպանն ու նախարարը քննարկել են նաև համագործակցության ընդլայնման հնարավորություններին առնչվող հարցեր: Բարձր գնահատելով կատարված աշխատանքն ու փորձի փոխանակումը՝ երկուստեք կարևորվել է զարգացման ծրագրերի ընդլայնումը բոլոր ուղղություններով: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել առաջիկայում Լոնդոնում տեղի ունենալիք Համաշխարհային կրթական ֆորումին Հայաստանի կրթական բարեփոխումների ընթացքի և ձեռքբերումների ներկայացմանը:

Lragir.am,
24-01-2023 19:13