ՀԱՊԿ-ը Եվրամիության որոշումից «գրգռվել է» եւ խոսում է ՀՀ դիտորդներ ուղարկելու մասին

24-01-2023 20:15

ՀԱՊԿ-ը շարունակում է աշխատել հայ-ադրբեջանական սահմանին դիտորդական առաքելության ուղարկելու ուղղությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է rbc կայքը՝ վկայակոչելով ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովին: Նրա խոսքով՝ այն բանից հետո, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նման հարցումով դիմել է ՀԱՊԿ-ին, Հավաքական անվտանգության խորհուրդը մշակել է «Հայաստանի Հանրապետությանը օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» որոշման նախագիծ: «Նախագծի վրա աշխատանքը շարունակվում է: Հաստատման ընթացակարգի ավարտից հետո նախագիծը կներկայացվի կազմակերպության կանոնադրական մարմինների քննարկմանը»,- նշել է Զայնետդինովը՝ նշելով, որ ժամկետների վերաբերյալ կոնկրետ թվեր նշելը վաղաժամ է: ՌԴ ԱԳ նախարար Սերգեկ Լավրովը տարվա ամփոփիչ ասուլիսում անդրադարձել էր ՀՀ-ում եվրոպացի դիտորդների տեղակայման հարցին ու ասել, թե «չպետք է մոռանալ, որ խոսքն Ադրբեջանի հետ սահմանի մասին է և հավանաբար եթե այդ առաքելությունը ծավալվի առանց Ադրբեջանի համաձայնության, այն կարող է կոնտրպրոդուկտիվ լինել վստահության ամրապնդման փոխարեն: Այն կարող է լրացուցիչ գրգռիչներ ստեղծել»: Հետաքրքիր է, երբ եվրոպացի դիտորդները չկային, ով էր «կոնտրպրոդուկտիվ դեր խաղում ու լրացուցիչ գրգռիչներ ստեղծում» ՀՀ տարածք Բաքվի ներխուժումների հարցում: Գուցե ռուսական զո՞րքը, որը ճշգրիտ տեղակայված էր հենց այդ ներխուժման վայրերում, որոնք նարխուժումների նախօրեին լքում էին այդ վայրերը: Իրականում, Լավրովի հայտարարությունը խոստովանություն էր, որ այդ ներխուժումներն իրականացվում են ՌԴ առաջնորդությամբ, եվրոպացի դիտորդները հնարավոր է խանգարում են այդ մեխանիզմի հետագա ծավալմանը եւ Պուտին-Ալիեւ-Փաշինյան համաձայնությունների աչքից հեռու իրականացմանը:

Lragir.am,
24-01-2023 20:15