Ազատ գյուղի զորամասում հրդեհի դեպքի առթիվ նոր քրեական վարույթ է նախաձեռնվել՝ սպայական կազմի վերաբերյալ

24-01-2023 21:43

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնվել է նոր քրեական վարույթ՝ պաշտոնեական անփութության հատկանիշներով: ՀՀ քննչական կոմիտեից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին, որ նոր քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասով՝ զինվորական պաշտոնեական անփութության հատկանիշներով, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ: Նշված քրեական վարույթը միացվել է մայր գործին, համատեղ քննություն է իրականացվում, այս դրվագով ևս որևէ անձ մեղադրյալի կարգավիճակ չունի: «Այս վարույթը նախաձեռնվել է զորամասում համապատասխան պաշտոնատար անձանց կողմից հրդեհային անվտանգության սահմանված կանոնները պահպանելու, դրա հետ կապված նախատեսված գործառույթները կատարելու հարցում առերևույթ անփութություն դրսևորելու փաստի առթիվ»,- նշեցին Քննչական կոմիտեից: Ինչ վերաբերում է վարույթի շրջանակներում նշանակված փորձաքննություններին, ապա նշանակված՝ դատաբժշկական և դատագենետիկական փորձաքննությունների եզրակացությունները դեռ չեն ստացվել: Հրդեհի պատճառները պարզելու համար այլ փորձաքննություններ դեռևս չեն նշանակվել, ՔԿ-ից պատճառաբանում են, որ անհրաժեշտ գործողություններ կան արվելու, որից հետո կլուծվի նաև այլ բնույթի փորձաքննություններ նշանակելու հարցը: Իսկ թե արդյո՞ք արդեն հարցաքննվել են հրդեհից հետո պաշտոններից ազատված անձինք, ինչպես նաեւ դասակի հրամանատարը, որը հրապարակավ թյուրիմաց էր որակել կառավարության նիստի ընթացքում հայտարարված վարկածը, ՔԿ-ից չմանրամասնեցին՝ նշելով, որ հարցաքննված անձանց շրջանակ չեն հայտնում: Քրեական վարույթի շրջանակներում չեն հարցաքննվել նաև հրդեհի հետևանքով այրվածքներ ստացած և հրաշքով ողջ մնացած երեք զինծառայողները, որոնցից երկուսը գտնվում են Այրվածքաբանության ազգային կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում: Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնի փոխտնօրեն Կարինե Բաբայանն այսօր «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել էր, որ այրվածքներ ստացած երեք զինծառայողների առողջական վիճակում մեծ փոփոխություններ չկան, բայց փոքր դրական դինամիկա կա:Ըստ նրա՝ ամեն վիրակապությունից հետո իրենց ցավազրկում ու քնեցնում են զինվորներին:

Lragir.am,
24-01-2023 21:43