Լաչինի միջանցքը բացելու երկու տեսական տարբերակ կա, ՀՀ-ն հավատարիմ է երկրորդին․ Արարատ Միրզոյան

24-01-2023 22:50

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեում տեղի ունեցած քննարկմանը հանդես է եկել ելույթով և ընդգծել, որ Լաչինի միջանցքի շրջափակումը վերացնելու երկու տեսական տարբերակ կա. ռազմական կամ դիվանագիտական: Նա հավելել է, որ Հայաստանը հավատարիմ է երկրորդ տարբերակին, բայց դա հնարավոր է միայն միջազգային հանրության կողմից վճռական միջամտության, Ադրբեջանի վրա ուժեղ ճնշման և այդ ուղղությամբ շոշափելի գործողությունների պարագայում: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, Արարտ Միրզոյանն իր ելույթում նշել է. «Պարոն նախագահ, Առաջին հերթին, թույլ տվեք շնորհակալություն հայտնել այս ձևաչափով քննարկում անցկացնելու մեր խնդրանքը բավարարելու համար: Եվրոպական խորհրդարանի հարգելի անդամներ, հարգելի գործընկերներ, Կցանկանայի խոսքս շարունակել Եվրոպական խորհրդանանին ընդհանրապես, և ձեզանից յուրաքանչյուրին անհատապես երախտիքի անկեղծ խոսքեր հղելով՝ իմ երկրի համար կարևորագույն հարցերի շուրջ հստակ դիրքորոշումներ արտահայտելու համար: Հայ ռազմագերիների խնդրի, մշակութային ժառանգության ոչնչացման և վերջերս Լեռնային Ղարաբաղի շրջափակման մարդասիրական հետևանքների վերաբերյալ վերջին երկու տարիների ընթացքում հրատապ քննարկումներն ու հայտարարությունների ընդունումը հանդիսանում են Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ժողովրդին սպառնացող աննախադեպ մարտահրավերներին համարժեք և օբյեկտիվ արձագանք՝ մարտահրավերներ, որոնք շարունակում են սպառնալ մեր տարածաշրջանի կայունությանն ու անվտանգությանը: Բոլոր այս մարտահրավերները գերազանց կերպով ամփոփվել են 2022 թվականի Ընդհանուր արտաքին ու անվտանգային քաղաքականության զեկույցում, ինչի համար կցանկանայի հատուկ շնորհակալություն հայտնել Ձեզ՝ պարոն Մքալիսթեր և Եվրախորհրդարանի բոլոր այն անդամներին, ովքեր աշխատել են այս զեկույցի վրա և նպաստել Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ՝ մեր տարածաշրջանում իրավիճակն օբյեկտիվորեն արտացոլող հատվածների ներառման համար: Անշուշտ, ես ողջունում եմ Եվրոպական խորհրդարանի կողմից հստակ հայտարարություններն ու տրված ամեն քվեն՝ հօգուտ հիշյալ մարդասիրական խնդիրների լուծմանը: Ձեր ձայնը լսվել է Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում: Հուսով եմ, որ այն լսվել և հաշվի է առնվել նաև Բաքվում: Ես իրապես հուսով եմ, որ Եվրոպական խորհրդարանի օրինակով եվրոպական մյուս կառույցները ևս Հարավային Կովկասին վերաբերող հարցերում կդրսևորեն բավարար համարձակություն և արդարություն: Եվրոպական միության, ներառյալ իր օրենսդիր մարմնի հաստատուն և հստակ ուղերձներն իսկապես կարևոր են: Նախ՝ ԵՄ-ն շարունակում է հանդիսանալ Հայաստանի առաջնային գործընկերը՝ ընդհանուր արժեքների վրա հիմնված ինստիտուտների զարգացման և բարեփոխումների մեր օրակարգին աջակցելու գործում, և երկրորդը, չնայած բոլոր մարտահրավերներին, մենք շարունակում ենք ընդլայնել մեր գործընկերության շրջանակը՝ հիմնվելով Եվրոպական միության՝ մեր տարածաշրջանում կայունությանը նպաստելու հանձնառության վրա: Մենք հավատում ենք, որ մեր անվտանգային ճարտարապետությունը չի կարող լինել համապարփակ առանց մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարության: Մեր ժողովրդի բարեկեցությունն ապահովելու նպատակով մենք իրականացրել ենք բարեփոխումներ՝ ուղղված մարդու իրավունքների և օրենքի գերակայության ամրապնդմանը, արդյունավետ կառավարման ապահովմանը և կոռուպցիայի դեմ անզիջում պայքարին: Ես շատ բան ունեմ ասելու ժողովրդավարական բարեփոխումների բնագավառում Հայաստանի ձեռքբերումների մասին, սակայն այսօր չեմ մանրամասնի ժամանակի սղության պատճառով: Ես կարող եմ ձեզ վստահեցնել, որ մենք հաստատակամ ենք շարունակելու ժողովրդավարական բարեփոխումների ուղին և ակնկալում ենք մեր գործընկերների հետագա աջակցությունը: Ինչ վերաբերում է մեր տարածաշրջանի կայունության գործում ԵՄ արժեքավոր ներդրմանը, ես կցանկանայի ողջունել ԵՄ խորհրդի կողմից նախօրեին կայացված որոշումը Հայաստան երկարաժամկետ մշտադիտարկման առաքելություն գործուղելու վերաբերյալ: Ուզում եմ ընդգծել, որ այս առաքելության նպատակը մարդկանց անվտանգությունն է՝ սահմանամերձ շրջաններում ապրողների, դպրոց հաճախող երեխաների, իրենց գյուղատնտեսական աշխատանքները կատարող մարդկանց և այն ընտանիքների, որոնք ցանկանում են ապրել իրենց տներում՝ չվախենալով թիրախում հայտնվելուց: Հստակ մարդիկ, հստակ դպրոցներ, հստակ տներ: Հարգելի՛ գործընկերներ, Վերջին երկու տարիների ընթացքում Հայաստանի կառավարությունը, ստանալով խաղաղության օրակարգն առաջ մղելու մեր քաղաքացիների քվեն, ինչպես նաև ունենալով Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու քաղաքական կամք՝ բարեխղճորեն ներգրավված է եղել բանակցություններում երեք տարբեր ուղղություններով. առաջինը՝ տարածաշրջանում բոլոր տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակում, երկրորդը՝ սահմանազատում և սահմանային անվտանգություն, և երրորդը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման կամ խաղաղության պայմանագրի: Այս առումով, կցանկանայի ձեր ուշադրությունը հրավիրել հետևյալ մի քանի կետերի վրա: Հաղորդակցությունների ապաշրջափակման աշխատանքային խմբի ձևավորումից անմիջապես հետո Ադրբեջանը, յուրովի մեկնաբանելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարությունը, սկսեց արտատարածքային միջանցք պահանջել: Ցանկանում եմ ընդգծել, որ Հայաստանը պատրաստ է բացել բոլոր հաղորդակցությունները հենց այն պահին, երբ Ադրբեջանը կընդունի, որ ճանապարհները պետք է գործեն այն պետությունների ինքնիշխանության և իրավասության ներքո, որոնցով անցնում են: Սահմանազատման հանձնաժողովների ձևավորումից ամիսներ անց Ադրբեջանը ոչ միայն նոր տարածքային պահանջներ ներկայացրեց, այլև՝ փորձեց իր վերջին ագրեսիան հիմնավորել սահմանի՝ սահմանազատված չլինելու կեղծ փաստարկով: Զավեշտալիորեն, այս հանձնաժողովները ստեղծվել էին 2021 թվականի մայիսին Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական առաջին ներխուժումից հետո՝ նպատակ ունենալով նաև կանխել ցանկացած հետագա ռազմական գործողություն: Երրորդ՝ մենք բանակցություններ ենք սկսել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ: Ցավալիորեն, խաղաղության պայմանագրի վերաբերյալ հայկական կողմի առաջարկած հիմնարար առաջարկների ճնշող մեծամասնությունը մերժվել են Ադրբեջանի կողմից: Առաջարկությունների թվում է պետական սահմանի սահմանազատման չափորոշիչների ճշգրտումը, քանի որ մենք կարծում ենք, որ առանց Հայաստանի և Ադրբեջանի միջպետական սահմանի սահմանազատման վերաբերյալ հստակ համաձայնեցված չափորոշիչների իրական խաղաղությունն անհնար է: Հաջորդը պետական սահմանից զինված ուժերի դուրսբերումը և ապառազմականացված գոտու ստեղծումն է՝ հնարավոր հետագա էսկալացիան կանխելու համար, ինչպես նաև վստահության ամրապնդման միջոցները և անվտանգության մեխանիզմը, խաղաղության պայմանագրի երաշխավորի(ների) ինստիտուտը, որը կապահովի հանձնառությունների կատարումը: Ընդհանրացնելով. Ադրբեջանն ակնկալում է, որ Հայաստանը միայն պետք է ընդունի իր բոլոր պահանջները, իսկ իր ուզածը չստանալու դեպքում, Ադրբեջանը օգտագործում է ճնշման բոլոր հնարավոր գործիքները. սկսած հայ ռազմագերիներին պատանդ պահելուց մինչև հայերի նկատմամբ պետականորեն հովանավորվող ատելության տարածում, ռազմատենչ հռետորաբանությունից մինչև ուժի կիրառում: Մենք ընդունեցինք Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը և Լեռնային Ղարաբաղի հարցը զուգահեռաբար, առանձին հարթություններով քննարկելու վերաբերյալ Ադրբեջանի առաջարկը: Հակառակ դրան, Ադրբեջանը սկսեց պնդել, որ Լեռնային Ղարաբաղն իրենց ներքին խնդիրն է՝ հակադրվելով Բաքվի և Ստեփանակերտի միջև բանակցությունների միջազգային մեխանիզմ ստեղծելու Հայաստանի առարկայական առաջարկին: Հասկանալի է նաև, որ մինչ այժմ Ադրբեջանի գործողությունները, այդ թվում՝ Լաչինի միջանցքի շրջափակումը, ևս մեկ անգամ ապացուցեցին միջազգային ներգրավվածության բացարձակ անհրաժեշտությունը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության խնդիրների լուծման համար: Հարգելի գործընկերներ, Հենց այս պահին Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը շարունակում է գտնվել անմարդկային շրջափակման մեջ, Լաչինի միջանցքի՝ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ կապող միակ կյանքի ճանապարհի արգելափակման պատճառով: Անցած շաբաթ հրատապ քննարկում գումարելով և «Լեռնային Ղարաբաղի շրջափակման մարդասիրական հետևանքների» վերաբերյալ բանաձևն ընդունելով՝ դուք քաջատեղյակ եք իրավիճակին: Մի հանգամանք կա, որը կցանկանայի ընդգծել. սա առանձին դրվագ չէ, և այն պետք է դիտարկվի որպես Ադրբեջանի կողմից լայնածավալ և համակարգված կերպով իրականացվող քաղաքականության մաս՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի ժողովրդի էթնիկ զտմանը: Կյանքի անտանելի պայմաններ ստեղծելով՝ Ադրբեջանը նպատակ է հետապնդում հարկադրելու Լեռնային Ղարաբաղի ժողովրդին լքել իրենց տներն ու հայրենի հողը: Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունը, որով առաջարկում էր վտարել այն հայերին, որոնք չեն ցանկանում դառնալ Ադրբեջանի քաղաքացիներ, ևս մեկ անգամ ապացուցում է էթնիկ զտումներ իրականացնելու նրանց մտադրությունը: Քանի որ Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամն օրեցօր սրվում է, անհրաժեշտ է միջազգային հանրության անհապաղ միջամտությունը: Ինչպես անցյալ շաբաթ նշվեց Եվրախորհրդարանի արտահերթ բանաձևում, տեղում հումանիտար իրավիճակը գնահատելու նպատակով Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելություն ուղարկումը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղ ՄԱԿ-ի համապատասխան մարմինների անխոչընդոտ մարդասիրական մուտքի ապահովումը հրամայական է: Մենք չենք կարող մի կողմ քաշվել և հետևել, թե ինչպես են մարդիկ դանդաղորեն սովամահ լինում՝ քաղաքական խաղերի և, գուցե, աշխարհաքաղաքական հաշվարկների պատճառով: Թույլ տվեք ուղիղ ասել. Լաչինի միջանցքի շրջափակումը վերացնելու երկու տեսական տարբերակ կա. ռազմական կամ դիվանագիտական: Հայաստանը հավատարիմ է երկրորդ տարբերակին, բայց դա հնարավոր է միայն միջազգային հանրության կողմից վճռական միջամտության, Ադրբեջանի վրա ուժեղ ճնշման և այդ ուղղությամբ շոշափելի գործողությունների պարագայում: Գործելու ժամանակը հիմա է: Ադրբեջանը պետք է պատասխանատվության ենթարկվի իր գործողությունների համար: Ադրբեջանին պետք է բացատրել, որ միջազգային կանոններ կան, որոնց բոլորը պետք է ենթարկվեն»: ՀՀ արտաքին գործերի նախարարության տեղեկացմամբ՝ ելույթից հետո ԱԳ նախարար Միրզոյանը պատասխանել է Եվրախորհրդարանի անդամների հարցերին:

Lragir.am,
24-01-2023 22:50