Ռուբեն Վարդանյանի՝ HardTalk-ին տված հարցազրույցի հետքերով

24-01-2023 22:59

Որպեսզի հայությունը դժվարագույն իրավիճակից դուրս գալու հնարավորություն ունենա, նա պետք է ճիշտ ախտորոշի իրավիճակը և սահմանի ախտորոշմանը համապատասխան` նպատակներ: Արցախում ստեղծված իրավիճակից դուրս գալու, Բերձորի ճանապարհը բացելու և առհասարակ Արցախի հիմնախնդիրը լուծելու համար, պետք է ճիշտ շեշտադրել հիմնախնդրի պատճառները: 1. Հնարավոր չէ արագ և լիովին վերականգնել Գորիս – Ստեփանակերտ ճանապարհը բեռնափոխադրումների եւ տրանսպորտի համար, եթե պահանջող կողմը չի նշում ճանապարհի փակման բոլոր մեղավորներին: Բերձորի ճանապարհը փակվել է Ռուսաստան – Ադրբեջան – Թուրքիա եռակողմ գործարքի հետևանքով, որի վերջին փուլը շարունակվում է 2020 թվականի նոյենբերի 9-ի հայտարարությունով: 2. Հնարավոր չէ մնալ նոյեմբերի 9-ի հայտարարության տառի, ոգու ներքո, եւ, միևնույն ժամանակ ապահովել Արցախում բնակվող ՀՀ քաղաքացիների անվտանգությունը 3.  Հնարավոր չէ գտնել Արցախյան հիմնախնդրի ճիշտ և միջազգային իրավունքին համապատասխան լուծումներ` անջատելով Արցախի հարցը ընդհանուր՝ հայկական հարցից, առանձացնելով Արցախը և մնացյալ Հայաստանը, և մնալով 1921 թվականի «Լենին-Քեմալ» ապօրինի պակտի դրույթների ներքո` դուրս մնալով միջազգային իրավունքի իրավաքաղաքական դաշտից: Դիտելով Արցախը Հայաստանից առանձին «երկրի» կարգավիճակում` մենք, ըստ էության, հանձնում ենք Արցախը միջազգային ճանաչված այլ սուբյեկտի իրավասության ներքո: 4. 21-րդ դարում աշխարհը փոխկապակցված է բոլոր թելերով: Չի կարող մեծ տարածաշրջանում տեղի ունեցող համաշխարհային նշանակություն ունեցող ռազմական հակամարտությունը  չազդել այդ մեծ տարածաշրջանի այլ սուբյեկտների վրա: Չի կարող ռուս-ուկրաինական պատերազմը, որով որոշվում է նոր աշխարհակարգի ձևաչափը` չազդել  Հայաստանի (Արցախը ներառյալ) ապագայի վրա: Այս պատերազմի արդյունքում Ռուսաստանը կլքի տարածաշրջանը՝ հայերին ու Հայաստանը ամբողջությամբ հանձնելով թուրքերին, և չունենալ հստակ կարծիք այս պատերազմի մասին` հարված է հայկական շահերին: 5. Անկախ այն բանից, թե ով է Հայաստանում ադմինիստարցիոն լծակներին տիրում, ոչ մի դեպքում չի կարելի աշխարհին ի ցույց դնել Արցախի և ՀՀ իշխող ադմինիստրացիաների միջև տեղի ունեցող տարաձայնությունները: Կրկնվենք` Հայաստանից առանձին Արցախը չունի որեւէ ապագա: Շատ լավ գիտակցելով, որ Ռուբեն Վարդանյանը ունի արտահայտվելու սահմանափակ հնարավորություններ և գիտակցելով այն, որ Արցախում բնակվող ՀՀ քաղաքացիները գտնվում են ռուս-թուրքական պատանդության ներքո, հորդորում եմ Վարդանյանին զերծ մնալ միջազգային լրատվամիջոցների հետ շփումից, քանզի այդ շփումները միայն վնասում են Արցախին և Հայաստանին առհասարակ: Սամվել Ասլիկյան. Ազգային-Ժողովրդավարական բևեռի մասնակից

Lragir.am,
24-01-2023 22:59