Արևմուտքն իրեն դրսևորեց որպես դաշնակից, առայժմ փոքր գործերով։ Միայն ապուշներն են ասում, թե միայն խոսք է

Lragir.am-ի զրուցակիցն է ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը Պարոն Հայրիկյան, Եվրամիությունը համաձայնություն է տվել Հայաստան երկու տարով ԵՄ քաղաքացիական առաքելություն ուղարկելու մասին: Ինչպե՞ս եք գնահատում այս որոշումը, ի՞նչ ուղերձ ունի այն: Եթե խոսենք ուղերձի մասին, ապա դա քաղաքակիրթ աշխարհի ուղերձն է: Պարզ է, որ Եվրամիությունը նաև ԱՄՆ, Կանադայի, Ավտրալիայի, Ճապոնիայի, այդ բոլոր երկրների ներկայացուցիչն է: Ուղերձը հետևյալն է՝ դուք, հայեր, մեր թշնամու հետ եք, մեզնից հատուկ բան չեք էլ խնդրում, բայց այնուամենայնիվ քաղաքակիրթ աշխարհը կանգնած է ձեր թիկունքին: Եվրամիությունն այս որոշումը կայացրեց առանց մեր խնդրանքի: Որպեսզի Ուկրաինան կարողանա համոզել Գերմանիային, որ թույլ տա իր «Լեոպարդ» տանկերն օգտագործել, մի քանի ամիս դիմեց, խնդրեց, վերջապես կարողացավ դիմադրությունը կոտրել: Այնպես չէ, որ Արեւմուտքն ապուշ է, իրենք իրենց խնդիրներն ունեն, բայց մեր դեպքում առանց մեր խնդրանքի երկու տարով 200 դիտորդ են ուղարկելու Հայաստան: Դուք հասկանո՞ւմ եք, թե ինչ ծախս է դա ենթադրում, դա նշանակում է յուրաքանչյուրի համար մոտ 200 հազար դոլար ծախս: Գլխավոր ուղերձը սա է, որ մենք հանուն արդարության, հանուն ազգերի բնականոն հարաբերության պատրաստ ենք ներդրում կատարել: Հայեր, չնայած դուք քաղաքակիրթ աշխարհի թշնամու հետ եք դաշնակից, բայց մենք հասկանում ենք ձեր վիճակը, գնահատում ենք ձեր ազգի որակական հատկանիշները և պատրաստ ենք ձեզ օգտակար լինել: Այս որոշման համատեքստում շատ ուշագրավ էր Լավրովի մեկնաբանությունը: Նա ասաց՝ այս բնույթի առաքելություններ իրականացնելու համար պետք է երկու կողմերի համաձայնությունը: Ես այսպիսի օրինակ եմ բերում՝ տունդ գող ու ավազակ է մտնում, դու պիտի գողերի համաձայնությո՞ւնն էլ ստանաս, որպեսզի ոստիկան կամ չեզոք մարդիկ գան խնդիրը կարգավորելու համար: Դրանով ինքը ցույց տվեց ռուսական իմպերիալիզմի դիրքորոշումն ու կողմնորոշումը: Եվրամիությունն այս քայլը կատարում է իրենց արժեքային համակարգից ելնելով: Իշխանության քաղաքականությունն ինչպե՞ս եք գնահատում այս համատեքստում: Իշխանությունները ռուսաստրուկներ են: Նիկոլն իշխանության եկավ, որ իբր Սերժի քաղաքականությունը փոխեր, բայց ինքն արտաքին կողմոնորոշման, այսինքն՝ արժեքաղաքակրթական կողմնորոշման հարցում մնաց Սերժի բացասական ժառանգության հետևորդը: Էլ չեմ խոսում Սահմանադրության մասին, որի բարեփոխումները ևս մեկ անգամ տապալեցին: Այս իշխանությունների մասին խոսելիս՝ մենք պետք է հասկանանք, որ գործ ունենք և անմեղսունակների, և անհետևողական ու անսկզբունքային անձանց հետ: Եվրոպայի խորհրդարանը բանաձև ընդունեց, որով Բաքվին կոչ է անում բացել Լաչինի միջանցքը: Բանաձևը դատապարտում է ռուս «խաղաղապահների» անգործությունը, գտնում է, որ նրանց փոխարինումը ՄԱԿ-ի մանդատի ներքո ԵԱՀԿ միջազգային խաղաղապահներով պետք է դառնա հրատապ բանակցությունների թեմա: Ինչպե՞ս եք գնահատում այս բանաձևը, ի՞նչ գործնական քայլեր կարող են լինել: Իրենց ընդունած այդ փաստաթղթի բոլոր կետերը գրված են ավելի հայկական դիրքերից, քան Հայաստանի իշխանությունները որևէ պահանջ ներկայացնելիս են հանդես գալիս: Եվրոպական տարբեր գործիչներ հստակ գնահատական են տալիս հայ ժողովրդի նկատմամբ տեղի ունեցած ռուս-ադրբեջանական գործողությանը: Եթե մեր իշխանությունները մի փոքր խելամիտ լինեին, ապա Արևմուտքը հղում չէր էլ կատարի 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթուղթ կոչվածին և դա կհամարեր ապօրինի, ուժի կիրառմամբ և ուժի սպառնալիքով պարտադրված: Այսինքն՝ Եվրոպական միությունը ցույց տվեց որակական հսկայական տարբերություն: Եվ արդեն սրանից հետո նրանք, ովքեր կփորձեն հավասարության նշան դնել Ռուսաստանի և քաղաքակիրթ աշխարհի միջև, միանգամից ցույց կտան, որ կոմունիստական բռնապետության պատժիչ համակարգի վիժվածքներ են: Այս տարի լրանում է Անկախության հանրաքվեի ճանապարհով ռազմավարական ծրագրի ստեղծման 50-ամյակը: 50 տարի առաջ ԱՄԿ-ԱԻՄ-ը ասել է, որ մենք արևմտյան արժեքային համակարգով ենք ապրելու, և իրավիճակը բարելավելու ճանապարհը քաղաքակիրթ աշխարհի հետ լինելն է: Հիմա քաղաքակիրթ աշխարհը նման քայլ է արել, չնայած մեր պետական կառույցների կողմից համապատասխան հստակ դիրքորոշում չարտահայտվեց: Քաղաքակիրթ աշխարհը ոչ այնքան սրանց կիսատ-պռատ ակնարկների հիման վրա, որքան իրենց արժեքներից բխող դիրքորոշումների հիման վրա ընդունեց որոշում, որը ևս մեկ անգամ գալիս է հաստատելու, որ հայ ազատագրական պայքարի մտքի սպասելիքները ճիշտ էին: Քաղաքակիրթ աշխարհի ներկայությամբ միայն մենք կարող ենք հասնել ընդհանուր իրավիճակի բարելավման: Բոլորն այսօր խոսում են այն մասին, որ Հայաստանը պետք է հզոր լինի, բայց մեծ մասը չի հասկանում, որ որևէ պետություն հզոր է լինում ոչ միայն տնտեսությամբ, բնակչության քանակով, լավ զենքերով ու բանակով, այլ նախ և առաջ իր արժեքային համակարգով և դաշնակիցներով: Հիմա Արևմուտքն իրեն դրսևորեց որպես դաշնակից, առայժմ փոքր գործերով, չեմ ասում միայն խոսքով: Միայն ապուշներն են ասում, թե միայն խոսք է: Այս փոքր գործին կարող են հաջորդել մեծ գործերը, որոնց մենք պետք է պատրաստ լինենք, ավելին՝ ընդառաջ գնանք: Իմ հեղինակած բացարձակ ժողովրդավարության համակարգը մի այնպիսի բան էր, որ ամբողջ աշխարհը կասեր՝ աշխարհի մի կետում կա բացարձակ ժողովրդավար երկիր, և մեր բոլորի խնդիրն է թև ու թիկունք լինել այդ պետությանը: Բայց իշխանությունները չուզեցին, որովհետև իրենց երեխաներին չեն սիրում: Անասունը նույնիսկ իր երեխային սիրում է, իսկ սրանք այդ տարրական զգացմունքից զրկված են:

ՌՈԶԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Լրագրող
24-01-2023 23:21