Քպ-ական վերնախավի ֆունկցիոներների միջազգային հանդիպումների վերաբերյալ պաշտոնական բոլոր հաղորդագրություններում նշվում է, որ «քննարկվել են ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի հարցեր, ուշադրություն է հրավիրվել ԼՂ-ում խորացող հումանիտար ճգնաժամի վրա»: Հայկական իրավունքները եւ տարածքները հանձնելու շուրջ ներքին կոնսենսուսի ձեւավորումից հետո ՔՊ-ական վերնախավն իր ագենտուրային պարտավորությունների շրջանակում լծվել է միջազգային ատյաններում հայկական խնդիրների քաղաքական կարգավորման պահանջների ու միջազգային հնարավոր միջամտության չեզոքացմանը: Դա Մոսկվան, Բաքուն ու Անկարան չեն կարող անել, միայն՝ Երեւանը, ինչը եւ արվում է Կրեմլի հրահանգի համաձայն՝ միջազգային հանրությունը պետք է ներգրավվի բացառապես հումանիտար հարցերի կարգավորմանը: Փաշինյանն իր այս ագենտուրային պարտավորությունը ձեւակերպել է՝ «մեր ջանքերն ընկալում են գտնում միջազգային հանրության կողմից», իսկ Արարատ Միրզոյանի ջանքերով լռության են մատնվում միջազգային զեկույցներում ու բանաձեւերում հայկական քաղաքական իրավունքներին առնչվող դրույթները: Նա շնորհակալություն է հայտնել Եվրոպական կառույցներին «հումանիտար խնդիրները» զեկույցում եւ բանաձեւում ներառելու համար, չհիշատակելով այդ փաստաթղթերում հայերի քաղաքական իրավունքներին առնչվող կետերը՝ կարգավիճակ եւ ազգային տարածք, Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների հիման վրա բանակցությունների վերսկսում: Ռուսները Բերձորի միջանցքը Բաքվի հետ փակել են հենց այդ նպատակով՝ լուծարել միջանցքի կարգավիճակը, Արցախը կտրել ՀՀ մնացած տարածքից եւ չեզոքացնել Արցախի խնդրի քաղաքական կարգավորման հնարավորությունները՝ միջազգային ատյաններում նոյեմբերի 9-ի թուղթը լեգիտիմացնելով: Քպ-ական վերնախավի ու Հայ դատի հանձնախմբերի ջանքերով միջազգային փաստաթղթերում ու խորհրդարանների որոշումներում ավելի ու ավելի են հաճախանում հղումներն այդ թղթին, Արցախի խնդիրը հանգեցվում է հումանիտար հարցի, ընդ որում՝ կենցաղային մակարդակով, իսկ միջանցքը՝ «կյանքի ճանապարհի»: Դժվար չէ ենթադրել, թե ինչ ծագումնաբանություն ունի այս եզրը եւ ով է հուշել․ Լենինգրադի բլոկադայից հայտնի այս եզրը քպ-ական վերնախավի ագենտուրային ջանքերին ու ռուսների ստորությանը համապատասխան ֆոն պետք է հաղորդի: Ի դեպ, բազմաթիվ փաստաթղթեր ու վկայություններ կան, որ Լենինգրադի բլոկադան կազմակերպել է հենց Կրեմլը: Այսպիսով, ՀՀ իշխանության ու նրա հենակ «ընդդիմության» ջանքերով Բերձորի միջանցքի կարգավիճակը լուծարվում է: «Կյանքի ճանապարհն» ըստ էության բաց է՝ ռուսների մեքենաները, Կարմիր խաչի մեքենաները անցնում են, հիվանդներին տեղափոխում են, հումանիտար շարասյուներ են անցնում, ինչպես նշվում է ՌԴ ՊՆ ամենօրյա ամփոփագրերում: Քպ-ական վերնախավը եւ նրան սպասարկող «արեւմտամետ» մամուլն ու փորձագետները լայնորեն քարոզում են այն թեզը, թե իբր այդպիսով չեզոքացվում է «Մեղրիի միջանցքի» պահանջը, փրկվում է ՀՀ տարածքը: Իրականում, Բերձորի միջանցքի կարգավիճակի լուծարումը լայնորեն բացում է թե ՀՀ տարածքով միջանցքի/միջանցքների, թե ՀՀ տարածքի զգալի մասի օկուպացման եւ օտարման դուռը: Բերձորի միջանցքին կիրառված սխեմայով ու տեխնոլոգիաներով: Հայաստանն ու Արցախն առանձնացնելու այս ստորության նպատակը եւ հետեւանքը դա է լինելու: Կարդացեք Արցախ. նորից Պոլյանիչկո ու Սաֆոնով: Մոսկվան վերադառնում է 1989 թվական, անխուսափելի է 1991-ը Երեւանի ու Մոսկվայի ջանքերով Ստեփանակերտը վերածվում է էթնիկ, նույնիսկ սուբէթնիկ, գետտոյի