Նախիջեւանի, առհասարակ 1921 թ․ Մոսկվա/Կարսի պայմանագրերի՝ երկրում ներկայում տիրող վիճակի վրա գործող որոշիչ ազդեցության թեման Հայաստանում ենթարկված է խոր ու համապարփակ տաբուի: Խորհրդարանական խմբերը, Նիկոլ Փաշինյանին սպասարկու բազմապիսի «արեւմտամետներ», մամուլը եւ փորձագիտությունը ոչ միայն չեն քննարկում այս խնդիրները, այլեւ ջանում պայմանագրերը «հին, չգործող թղթեր» ներկայացնել (Հ․ Ավետիքյան): Զարմանալի ոչինչ չկա՝ Հայաստանի տարածքներն ու իրավունքները հանձնելու շուրջ կոնսենսուսի եկած այս խմբերն այլ պահվածք չէին էլ դրսեւորելու: Դրանց կառավարումը իրականացվում է Մոսկվայից եւ Անկարայից: Միեւնույն ժամանակ, բախտորոշ պայմանագրերի շուրջ լռությունը խնդրի մի կողմն է միայն: Այսինքն, դրանց գոյացրած ստատուս քվոն անգամ Մոսկվային ու Անկարային չի գոհացնում: Այդ կենտրոնները Հայաստանի քաղդասի, նաեւ հայ սփյուռքի կառավարելի մասի ուժերով ձգտում են ընդլայնել ստոր պայմանագրերի հասցրած վնասը մեր երկրին: Իրականում այս խմբերի ձեռքով եւ Նիկոլ Փաշինյանի ընդհանուր համակարգմամբ («վրան պետք լիներ՝ կասեի վրան խփեք») իրականացվում է թուրքական եւ ռուսական համատեղ շահերի պաշտպանության ծրագիրը Հարավային Կովկասում՝ ի հաշիվ հայկական շահերի, հողերի եւ կյանքերի: «Խաղաղ օրակարգը» կամ ռուսական պլանը, որի շուրջ կոնսենսուսի են եկել այս խմբերը, ենթադրում է մասնավորապես Արցախի ու Նախիջեւանի՝ Բաքվին պատկանելության ճանաչումը: Զլմ-ները հայտնում են, որ ՀՀ ԱԺ Հայաստան խմբակցության պատգամավոր Արմեն Գեւորգյանը ԵԽ Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի ղեկավար Լինդեր Վերբիկի և գլխավոր քարտուղար Մաթյո Մորի հետ հանդիպմանն ասել է, որ «Ադրբեջանի իշխանությունները փորձեր են անում փոխել Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության կարգավիճակը, այս միտումը հատկապես ակնհայտ է վերջին շրջանում: Լայնածավալ աշխատանք է տարվում ունիտար պետություն ձևավորելու, երկրի երկու հատվածները միավորելու ուղղությամբ: Բաքուն չի թաքցնում Հայաստանի տարածքով արտատարածքային միջանցք ճեղքելու իր ծրագրերը Նախիջևանի հետ կապվելու համար: Այս ֆոնին Գեւորգյանը Կոնգրեսին կոչ արեց ուշադիր հետեւել Լաչինի միջանցքի արգելափակման հետեւանքով օրեցօր վատթարացող իրավիճակին Լեռնային Ղարաբաղում»: Լրագիրը պարբերաբար անդրադարձել է Նախիջեւանի ինքնավարությունը, հետեւապես պրոտեկտորատի կարգավիճակը լուծարելու Բաքվի քայլերին: Ինքնավարության պետական մարմինները լուծարվում են եւ կցվում «Ադրբեջանի» համապատասխան գերատեսչություններին, ՆԻՀ Պետական գերատեսչությունների դոմենը տեղափոխվել է «Ադրբեջանի կառավարության» դոմենի վրա, մտցվել է ուղիղ կառավարում Բաքվից՝ Ալիեւի ներկայացուցչի նշանակմամբ, որին փոխանցվել են ինքնավարության բարձրագույն մարմնի բոլոր լիազորությունները: Նախիջեւանը 1921 թ․ նախ Մոսկվայի ռուս-թուրքական պայմանագրով, այնուհետեւ Հայաստանի ու Բաքվի մասնակցությամբ Կարսի պայմանագրով սահմանվել է որպես հայկական ինքնավարություն՝ ժամանակավորապես Բաքվի պրոտեկտորատի տակ, հայկական կողմի որոշակի իրավասություններով, մասնավորապես՝ ՆԻՀ կարգավիճակի երաշխավորի՝ իբրեւ պայմանագիրը ստորագրած կողմի: Բաքվի կողմից ՆԻՀ կարգավիճակի լուծարումն ու անեքսիան անհնար է առանց Մոսկվայի ու Անկարայի, բայց ամենակարեւորը՝ առանց պաշտոնական Երեւանի համաձայնության, քանի որ Հայաստանը պահպանում է իրավունքը: Փաշինյանի կառավարությունը տվել է այդպիսի երաշխիքներ՝ առ այն, որ Նախիջեւանի ու Արցախի պատկանելության իրավական խնդիրները չի բարձրացնի: Չի հետապնդի 1920 թ․ միջազգայնորեն ճանաչված ՀՀ սահմանները պաշտպանելու խնդիրը: Ամենեւին պատահական չէ, որ Բաքվում Նախիջեւանի ինքնավարության լուծարման մտադրությունները բացատրում են «2020-ի պատերազմից հետո ստեղծված իրողություններով»: Նախիջեւանի անեքսիան առընթեր է Բերձորի 5 կիլոմետր լայնությամբ էքստերիտորիալ միջանցքի շուրջ ծավալված Պուտին-Փաշինյան-Ալիեւ կրկեսին ու բեմադրվող տեսարաններին եւ իրագործվում է դրանց ստվերում գաղտագողի: Ինչպես նկատում ենք, Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած խմբակցության ներկայացուցիչը Նախիջեւանը համարում է «Ադրբեջանի» տարածք՝ երկրի երկու մասերից մեկը, եւ գիտակցաբար նենգափոխում իրադարձությունների պատճառահետեւանքային կապերը: Ավելորդ է ասել, որ Նախիջեւանի խնդիրը Հայաստան խմբակցության, Արմեն Գեւորգյանի, նրա շեֆ հայտնի Ռոբերտի ու նմանների խելքի բանը չէ եւ նենգափոխված ձեւով բարձրացվել է եվրոպական հարթակում մոսկովյան եւ անգորական պատվերով մեկ նպատակով՝ կանխել Մոսկվա/Կարս պայմանագրերի հասցրած վնասների փոխհատուցումը Հայաստանին այդ երկու մայրաքաղաքների կողմից: Նաեւ Թբիլիսիից, որ փոխանակել էր Իգդիր-Արարատ շրջանը Բաթում նավահանգստի ու Աջարիայի հետ եւ օգտվում է դրանցից արդեն 100 տարուց ավելի: Հաշվիչը կանգնեցնել չի հաջողվի, ուզում է 100 Նիկոլ ու Ռոբերտ իրենց մանկլավիկներով ասպարեզ նետվեն: 2020 թվականի պատերազմը Մոսկվա/Կարս պայմանագրերի ուղիղ հետեւանքն է: Դրանց մաս կազմող գաղտնի արձանագրությունները հրապարակվելու են: ՀՀ տարածքը վերականգնվելու է: