Ռուսական ալիքները հայտնել են, որ ՌԴ Եկատերինբուրգ քաղաքում գործ է հարուցվել տեղի հայ համայնքի ղեկավար Մասիս Նազարյանի դեմ՝ ի պաշտպանություն Արցախի ցույց կազմակերպելու համար: Ոստիկանությունը նրան մեղադրում է առանց ծանուցման հրապարակային միջոցառում կազմակերպելու մեջ: Նազարյանից բացի, նույն վարչական հոդվածով գործ է հարուցվել Հելեն Կիրակոսյանի նկատմամբ, նա մեղադրվում է նաև չարտոնված հանրահավաք կազմակերպելու մեջ: Նշվում է, որ Նազարյանն ու Կիրակոսյանը կանգնած էին Հայաստանի դրոշի և «Արցախ, մենք քեզ հետ ենք» պաստառի մոտ: Այս օրերին աշխարհի հարյուրավոր քաղաքներում կազմակերպվում են Արցախին աջակցության ակցիաներ, եւ ոչ ոք պատասխանատվության չի ենթարկում կազմակերպիչներին: Եկատերինգուրգի հայկական եկեղեցու բակում փոքրաթիվ ակցիային ՌԴ ոստիկանության նման արձագանքը պատահական չէ, իսկ Վարչական օրենսգրքի պահանջներին հղումներն ընդամենը պատրվակ են: Սա հայերի հանդեպ ադրբեջանամետ դիրքերից հանդես եկող ռուսական պետության ճնշումների հերթական դեպքն է, որի պարագային պետք է ուշադրություն դարձնել հետեւյալ հանգամանքի վրա: Ալիեւը, հակառակ Պուտինի հետ ՌԴ Ուկրաինա ներխուժման նախօրեին կնքած ռուս-ադրբեջանական դաշնակցային պայմանագրին, բացեիբաց հանդես է գալիս Ռուսաստանի տարածքային ամբողջականության դեմ՝ պաշտոնապես ճանաչում է Ղրիմը, Զապորոժիեն, Խերսոնը, Դոնեցկն ու Լուգանսկը որպես Ուկրաինայի մաս: Պայմանագիրը ենթադրում էր զերծ մնալ տարածքային ամբողջականության դեմ փոխադարձ գործողություններից: Ալիեւն այդպիսով գրողի ծոցն է ուղարկում ռուս պետության տարածքային ամբողջականությունը, իսկ Մոսկվան քիչ է լռում է, դեռ մի բան էլ ճնշում է հայերին Բաքվի ամբողջականությունը կասկածի տակ դնելու համար: Մոսկվայում Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանի կողմից բնականաբար առայժմ քայլեր չեն նկատվել: Ծայրահեղ մտահոգիչ դեպքի լուսաբանման համար դիմեցինք քաղաքական մեկնաբան Պավել Դալլաքյանին: – Տեղի ունեցող իրադարձությունները Նախիջեւանում, Արցախում, ահա արդեն Ռուսաստանում վկայում են, որ Մոսկվայի համար Հարավային Կովկասում մնալուց, միջազգային համբավից եւ նույնիսկ սեփական երկրի տարածքային ամբողջականությունից կարեւոր է լուծել հայկական անկախ պետականության խնդիրը: Նման պետություն չպետք է գոյություն ունենա, քանի որ գոյական սպառնալիք է Ռուսաստանի համար: Պատմականորեն պայմանավորված իրադարձությունների կործանիչ շղթան կարող է սանձազերծվել, ինչի մասին Կրեմլում անշուշտ քաջատեղյակ են: Հայ-ռուսական ծանր իրողության գիտակցումը չափազանց կարեւոր է ավելի քան 200-ամյա արյունալի պատմությունը վերագնահատելու եւ գալիքը սեփական կշռի գիտությամբ կառուցելու համար,- փոխանցեց փորձագետը: