ՌԴ ԱԳՆ հրապարակեց «մանիֆեստը»՝ ՌԴ-ն հեռանում է Հարավային Կովկասից,

27-01-2023 11:50

Հայաստանի դեմ 2020-ի սեպտեմբերից սկսած ու շարունակվող ոճրագործությանը՝ ռազմական արշավին եւ «հետպատերազմյա կարգավորմանը» Պուտին-Ալիեւ-Փաշինյան կրկեսով քաղաքական պատշաճ տեսք ու լեգիտիմություն հաղորդելու ջանքերն ավելի ու ավելի են դժվարանում: Քարոզչական աղբը նույնիսկ ամենադյուրահավատ հայերին է զզվեցրել, Ռուսաստանը Հայաստանի դեմ կանգնած է ողջ հասակով, իր սեփական դեմքով, նրա նպատակները եւ նույնիսկ դրանք իրագործելու մեխանիզմները հայ հանրության ավելի ու ավելի լայն շերտերի են հասանելի դառնում: Այս իրավիճակում ՌԴ պաշտոնական հայտարարությունները վեր են ածվում ավանդական դեմագոգիայի, սակայն բուն նպատակները արդեն չթաքցնող հուսահատ ջղաձգումներով: Տենդենցի վառ արտահայտությունը ՌԴ ԱԳՆ հայտարարությունն է Հայաստանում երկարաժամկետ առաքելություն տեղակայելու Եվրամիության որոշման կապակցությամբ: Այսպես, արձանագրելով, որ Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական նոր առաքելությունն ավելի հավակնոտ է լինելու, ՌԴ ԱԳՆ գրում է․ «Անդրկովկասում արտատարածաշրջանային գործոնի ամրապնդման վերաբերյալ Ռուսաստանի սկզբունքային դիրքորոշումը չի փոխվել: Մենք որևէ «ավելացված արժեք» չենք տեսնում հայ-ադրբեջանական սահմանի տարածքում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ ԵՄ «փորձագետների» վերահսկողությունից: Եթե ​​Բրյուսելն անկեղծորեն շահագրգռված լիներ Անդրկովկասում խաղաղությամբ, ապա նրանք Ադրբեջանի հետ կհամաձայնեցնեին իրենց առաքելության աշխատանքի պայմանները»: Ըստ ՌԴ ԱԳՆ-ի՝ Անդրկովկասում խաղաղությունը հնարավոր է միայն հարեւանի տարածքը զավթող Բաքվի հետ համաձայնություններով, ենթադրվում է՝ Բաքվի պայմաններով: Մոսկվայի առաջնորդությամբ Նիկոլի «խաղաղ օրակարգը», պատրաստակամությունը նորանոր զիջումների եւ Իլյուշայի «հաղթական» հոխորտանքները դրա հիմնավորումներն են: Տեսեք, մի խախտեք հայ վերնախավերի ներքին կոնսենսուսի հուզիչ ներդաշնակությունը: «Հայաստանի սահմանամերձ շրջաններում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի կցորդի վերածված Եվրամիության դիտորդներների հայտնվելը, որն ԱՊՀ տարածքում առճակատման քաղաքականություն է վարում, կարող է միայն աշխարհաքաղաքական առճակատում բերել տարածաշրջան և սրել առկա հակասությունները»: Սա ուղիղ հրահանգ է Բաքվին՝ սրել իրավիճակը: Հայաստանի դեմ նոր հարձակման հիմնավորումը շարադրված է սառը պատերազմի եզրաբանության կուռ վերարտադրությամբ: «Հայաստանում ամեն գնով ոտք դնելու, Ռուսաստանի միջնորդական ջանքերը դուրս մղելու Եվրամիության փորձերը կարող են վնասել հայերի և ադրբեջանցիների հիմնարար շահերին տարածաշրջանի խաղաղ զարգացմանը վերադառնալու նրանց ձգտումներում»: Թե որոնք են Ռուսաստանի պատկերացմամբ «հայերի և ադրբեջանցիների» հիմնարար շահերը, երեւում է ՌԴ նախաձեռնած 2020-ի պատերազմից, ՌԴ հեղինակած նոյեմբերի 9-ի եւ մյուս եռակողմ թղթերի բովանդակությունից: Շահերի մեջ է մտնում նույն նոյեմբեր 9-ի բոլոր դրույթների տոտալ խախտումը Բաքվի եւ բախման մյուս կողմ՝ Ռուսաստանի կողմից: «Համոզված ենք, որ տեսանելի ապագայում տարածաշրջանում կայունության և անվտանգության առանցքային գործոնը մնում է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության հիման վրա տեղակայված ռուսական խաղաղապահ զորախումբը, ինչպես նաև Հայաստանի սահմաններին ծառայող ռուս սահմանապահները: Նրանք կարձագանքեն ԵՄ դիտորդների պահվածքին՝ հաշվի առնելով «տեղում» իրավիճակի զարգացումը»: Սա հայերի «հիմնարար շահերի» ապահովման մեխանիզմն է՝ եռակողմ թղթերի հիման վրա եւ ռուսական զինված կոնտինգենտի վերահսկողությամբ: Եթե եվրոպացի դիտորդները խանգարեն այդ մեխանիզմի իրագործմանը, օրինակ՝ ռուսական զորքի տեղակայման վայրերում Բաքվի ներխուժումներին, ռուս զինվորականները կարող են ուղիղ հակահարված տալ: Հարվածել դիտորդներին եւ նրանց վստահող հայերին: Այսպիսի սպեցիֆիկ լաչառությունը արդեն նույնական է ոչ թե սառը պատերազմին, երբ նման սպառնալիքներ հնչեցնելը վատ տոնի վկայություն էր համարվում, այլ Ուկրաինայում ընթացող պատերազմին: Հայ մարդը հստակ լսում է նաեւ թյուրքական լաչառության աքլորական երանգները: Կարծում ենք, որ այս հանդգնության հակահարվածը կտրվի արդեն առանց նիկոլ-միկոլների պացիֆիստականներին նայելու: «Մենք արձանագրում ենք, որ Երեւանում, առանց իր տրամաբանական ավարտին հասցնելու ՀԱՊԿ առաքելության ուղղությամբ աշխատանքները, գերադասել են ընտրություն կատարել հօգուտ ԵՄ-ի: Եթե ​​հայ դաշնակիցները շահագրգռված մնան օգտագործելու ՀԱՊԿ ներուժը, ապա այդ առաքելությունը կարող է արագ տեղակայվել Հայաստանում»: Այսպիսով, Մոսկվայի ու Բաքվի՝ անցյալ տարվա սեպտեմբերին Հայաստանի դեմ հարձակումից հետո քպ-ական վերնախավի ծավալած՝ ՀԱՊԿ-ում մնալ-չմնալու միմոսությունները եւ ՀԱՊԿ երեւանյան կլոունադան տակավին կարեւոր շտրիխներ են ռուսական ծրագրերում: Կրեմլի պլանավորողները ըստ երեւույթին վատ են տեղեկացված, թե Հայաստանում ինչպիսի զզվանք է առաջացնում «ռուս» բառը մոսկովյան պետության առնչությամբ, անշուշտ: Նիկոլ ի Վովա շապիտոյի հանդիսականները գրեթե բացառապես ագենտներն են: Վերջում ՌԴ ԱԳՆ արձանագրում է, որ «կարգավորումը» միեւնույն է տեղի է ունենալու եռակողմ համաձայնությունների ու թղթերի հիման վրա: ՌԴ ԱԳՆ այս հայտարարությունը Ռուսաստանի ռազմավարության «մանիֆեստն» է՝ ՌԴ-ն հեռանում է Հարավային Կովկասից, որտեղ Հայաստանի անկախ պետություն չպետք է մնա: Մենք մեր սրտանց, եղբայրական երախտագիտությունն ենք հայտնում ՌԴ ԱԳՆ-ին դիվանագիտական եթերում բաց կյուրեղյան տեքստով արտահայտված անկեղծության համար: Սպասիփ, զախաձիծի իշչո, Նիկոլ ի Վովա:

Lragir.am,
27-01-2023 11:50