Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռով Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է Ս․ Ոսկանյանի կնոջը փոխհատուցել 20000 եվրո՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում՝ կյանքի իրավունքի խախտման համար: 2010 թվականի հոկտեմբերի 7-ից Ս․Ոսկանյանը գտնվել է կալանավայրում, որտեղ, օրեր անց, սկսել է բողոքել ոտքի շրջանոմ ցավերից և հայտնել, որ ինքն իրեն թուք է ներարկել: Կալանավայրի բժիշկը, տեղյակ լինելով իրավիճակից՝ Ոսկանյանի շարունակական գանգատներից և վատթարացող առողջական խնդրից, նրան չի ուղեգրել կալանավայրի գլխավոր հիվանդանոց, ինչի արդյունքում էլ հոկտեմբերի 24-ին Ոսկանյանը մահացել է: 2010 թվականի դեկտեմբերի 30-ին քրեական գործ է հարուցվել բժիշկ Մ.-ի նկատմամբ՝ բժշկական անփութության հատկանիշներով: 2011 թվականի օգոստոսի 30-ին դատարանը որոշել է կարճել քրեական գործի վարույթը և դադարեցնել բժիշկ Մ.-ի նկատմամբ քրեական հետապնդումը՝ հանցակազմի բացակայության պատճառով: Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, պատվիրակված փաստաբան՝ Կ․ Թումանյան, հայցով դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ Կոնվենցիայի 2-րդ մասի խախտման հիմքով: ՄԻԵԴ-ը հայցը բավարարել է՝ հաշվի առնելով Ս. Ոսկանյանին ցուցաբերած թերի բուժօգնության վերաբերյալ փորձագիտական խմբի միաձայն կարծիքը: Դատարանը գտնում է, որ ներպետական իշխանությունները, տեղյակ լինելով Ոսկանյանի վարակի մասին, չեն իրականացրել իրենց պարտավորությունները: Դատարանը գտնում է, որ իշխանությունները չեն կարողացել մանրակրկիտ և ամբողջական քննել Ս․ Ոսկանյանի մահվան դեպքը, տեղի է ունեցել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտում: ՄԻԵԴ որոշման մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ: