ԱՄՆ-ը չի բացառում «Ուկրաինային սպառազինությունների որևէ կոնկրետ համակարգերի մատակարարումները», հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի՝ անվտանգության հարցերով խորհրդականի տեղակալ Ջոն Ֆայները՝ պատասխանելով MSNBC հեռուստաալիքի այն հարցին` արդյոք Վաշինգտոնը դիտարկում է Կիևին կործանիչներ մատակարարելու հարցը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը: Ֆայներն ընդգծել է, որ Ուկրաինային օգնությունը կցուցաբերվի՝ այդ երկրի պահանջներին համապատասխան: «Մենք շատ հանգամանորեն դա կքննարկենք», – հավելել է Բայդենի խորհրդականը՝ մեկնաբանելով Կիևին մարտական ինքնաթիռներ փոխանցելու ուկրաինական կողմի կոչերը: Ուկրաինա ամերիկյան կործանիչներ ուղարկելը հնարավոր են համարել նաև ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունում: «Մենք, անշուշտ, ոչինչ չենք պատրաստվում հանել օրակարգից», – հայտարարել է Պենտագոնի ներկայացուցիչ Սաբրինա Սինգհը հունվարի 26-ին կայացած ճեպազրույցում՝ պատասխանելով Ուկրաինային F-16 կործանիչների հնարավոր փոխանցման վերաբերյալ հարցին: