Ռուսաստանի ԱԳՆ-ից չենք լսել նման պաշտոնական դատապարտում, օրինակ, երբ Ադրբեջանում տեղակայվեցին թուրքական ռազմական օդանավերը, Նախիջևանում՝ թուրքական զորքեր

Lragir.am-ի զրուցակցին է «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը Պարոն Պապյան, Եվրամիությունը որոշեց երկու տարով դիտորդներ տեղակայել Հայաստանում, ի՞նչ նշանակություն ունի այս որոշումը: Ես սա համարում եմ խիստ կարևոր քայլ, քանի որ էապես կնվազեցնի վտանգը Հայաստանի սահմանամերձ շրջաններում: Այլևս ոչ Ռուսաստանը, ոչ Ադրբեջանը չեն կարող կեղծել իրականությունը, որովհետև պարզ կդառնա, թե ով է նախահարձակ կողմը և ով է ապակայունացնում վիճակը: Մյուս կողմից, սա նաև ցուցանիշ է, որ Եվրամիությունն արդեն ավելի գործնական քայլերի է գնում: Դեռևս վաղ է խոսել բուն միջազգային խաղաղապահների տեղակայման մասին Արցախում, բայց սա դրա նախընթաց քայլերից է: Հայտարարվեց, որ եվրոպացի դիտորդները պարեկություն են իրականացնելու շփման գծում, սա ինչո՞վ է տարբերվում նախորդ առաքելությունից: Ես կարծում եմ, որ սովետական Հայաստանի և սովետական Ադրբեջանի վարչական սահմանը կբաժանվի հատվածների, և յուրաքանչյուր հատված կունենա իր պատասխանատուն: Վստահ եմ, որ իրենց ֆինանսական միջոցներ են տրամադրված, որպեսզի տեղում նաև աշխատողներ վարձեն, միայնակ չեն լինելու: Պարեկային ծառայություն իրականացնել նշանակում է, որ գոնե ինչ-որ պարբերականությամբ պետք է այնտեղ շրջեն և տեղեկություններ հավաքեն: Այո, սա շատ ավելի գործնական է: Սա հստակ նշանակում է, որ Հայաստանը Եվրամիության հետաքրքրությունների գոտում է: Այստեղ մի ուրիշ հետաքրքիր ուղերձ կա: Սրանով կարծես քաղաքական առումով Ադրբեջանը դուրս է դրվում Եվրամիության շրջանակից: Ես ուզում եմ հիշեցնել, որ 1990-ական թվականներին, երբ եվրոպական երկրներում ձևավորվում էին արտգործնախարարության համապատասխան բաժինները, երկար ժամանակ քննարկում կար, թե որ երկրները պիտի Եվրոպայի բաժնում լինեն, որ երկրները՝ Ասիայի: Տեսակետներից մեկն այն էր, որ քանի որ Հայաստանն ու Վրաստանը եվրոպական քաղաքակրթության մաս են, պետք է լինեն Արևելյան Եվրոպայում, իսկ Ադրբեջանը պիտի լինի Միջին Ասիայում, որովհետև միջինասիական երկիր է իր մտածողությամբ: Հաղթեց այն տեսակետը, որ տարածաշրջանը չպետք է բաժանել, Ադրբեջանը ևս պետք է ներառվի տարածաշրջանում: Հիմա կարծես թե Եվրոպան համոզվում է, որ Ադրբեջանը միևնույն է, չի դառնում եվրոպական երկիր: Իսկ այն ժամանակ մտքերից մեկը սա էր՝ Ադրբեջանը պետք է Միջին Ասիայի հետ միասին լինի: Կարծում եմ՝ հիմա մենք տեսնում ենք այդ հարցում նաև քաղաքակրթական հստակեցնումներ, ինչը ևս կարևոր է: Ռուսաստանի ԱԳՆ-ն սպառնալից հաղորդագրություն տարածեց Հայաստանում ԵՄ դիտորդների տեղակայման հարցով: Ինչպե՞ս եք գնահատում ՌԴ այս արարքը, ի՞նչ է ցույց տալիս սա: Այս տեքստից հասկացանք, որ Ռուսաստանն անհանգստացած է, որ իր միահեծան տնօրինումը Հարավային Կովկասում վերանում է: ՌԴ-ն լավ է հասկանում, որ արդեն Եվրոպայի աչքերն ու ականջներն այստեղ են: Ընդունելի չէ նման հայտարարությունը, որովհետև դա ոչ միայն սպառնալիք է պարունակում, այլ նաև անարդար է: Այս դիտորդներն անզեն դիտորդներ են, մենք Ռուսաստանի ԱԳՆ-ից չենք լսել նման պաշտոնական դատապարտում, օրինակ, այն երևույթի, երբ Ադրբեջանում տեղակայվեցին թուրքական ռազմական օդանավերը: Մենք չենք լսել նման հայտարարություն, երբ Նախիջևանում թուրքական զորքերի տեղակայում եղավ: Այդ ո՞նց եղավ, որ Ադրբեջանը կարող է ՆԱՏՕ-ի անդամ երկրի զորքեր տեղակայել իր տարածքում և որևէ դատապարտում չստանալ, իսկ երբ Հայաստանն իր տարածքում ԵՄ դիտորդ է տեղակայում, Ռուսաստանը հանդես է գալիս նման ոճով: Սա նշանակում է, որ Ռուսաստանը մեր տարածաշրջանում թուրք-ադրբեջանական շահերի պաշտպանն է, և գործում են միասնաբար: Ռուսաստանի կողմից սադրանքներ կարո՞ղ են լինել: Այո: Ես չեմ բացառում նաև, որ Ազատ գյուղի ողբերգական իրադարձությունը կարող է սադրանքներից մեկը լինել՝ իրականացված երրորդ կողմի ձեռքով: Ես չեմ ուզում վարչապետի նման վերջնական տեսակետ հայտնել: Հետաքննությունը պետք է պարզի դա, բայց որքանով հասկանում եմ՝ հետաքննությունը նման մտադրություն չունի: Այո, կարող են լինել սադրանքներ՝ սկսած ռազմական ընդհարումների հրահրումից, մինչև չակերտավոր վթարներ Հայաստանի գազամատակարարման գծի վրա և այլն: Մենք երևի աշխարհի միակ երկիրն ենք, որ մեր կենսապահովման ամբողջ ցանցը՝ գազը, էլեկտրականությունը, սահմանները ամբողջը տվել ենք օտար երկրի: Բնականաբար, այդ երկիրը ցանկացած պահի կարող է դա օգտագործել մեր դեմ:

ՌՈԶԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Լրագրող
27-01-2023 19:34