Հարձակումներ Հայաստանի եւ Իրանի դեմ․ «բանդան» կրկին իրար գլխի է հավաքվել

30-01-2023 09:30

Իրանի ռազմարդյունաբերական օբյեկտների դեմ հարձակումների հետեւում, ըստ արեւմտյան զլմ-ների, կանգնած է Իսրայելը: Հարձակման նախօրեին իսրայելական մամուլը խորհրդավոր ակնարկներ էր անում, թե Թել-Ավիվը «տակից» է օգնում Ուկրաինային, հարվածելով իրանական օբյեկտներին եւ խոչընդոտելով իրանական սպառազինության մատակարարումներին Ռուսաստան, քանի որ զգուշանում է Մոսկվայից՝ ՌԴ-ում հրեական համայնքի անվտանգության եւ Մերձավոր Արեւելքում իրավիճակի պատճառով: Իր հերթին, ուկրաինական պաշտոնական քարոզչությունը եւ ռուսական հայտնի ծագման «լիբերալ-հակապուտինյան» քարոզիչները Իրանն ամուր կապել են ռուսական ագրեսիային, այնպես, կարծես թե Իրանն է ագրեսորը: Ընդ որում, հակաիրանական գիծը տարվում է հակահայ ստոր քարոզչության եւ ընդգծված թուրքամետ ֆոնով (ահա ցցուն մի օրինակ): Ուկրաինացի ժողովրդի արյան ու տառապանքների վրա շատերն են տաքացնում իրենց ձեռքերը, սակայն սրանք ամենանողկալի շրջանակներն են: Թուրքիան եւ «Ադրբեջանը» ներկայում Ռուսաստանի գրեթե միակ «դարպասն» են, որոնց հետ ստեղծած գորշ սխեմաներով Մոսկվան վաճառում է իր էներգակիրները, ստանում անհրաժեշտ գումարներ, տեխնոլոգիաներ ու սարքավորումներ պատերազմը ֆինանսավորելու, սեփական ռազմարդյունաբերական համալիրն աշխատացնելու եւ Ուկրաինան ոչնչացնելու համար: Ավելին, Թուրքիան ներկայում ստանձնել է ռուս-ուկրաինական ջարդի մենեջմենտը (մանրամասն՝ այստեղ): Իրանի դեմ հարձակումներն ուղեկցվում են Երուսաղեմում հայ համայնքի եւ հայ Պատրիարքարանի դեմ հարձակումներով, որոնք Նեթանյահուի վերադարձով հաճախացել են: Մամուլում սա վերագրվում է «հրեա ծայրահեղականներին», իրականում սա պետական քաղաքականություն է, առավել եւս, որ ծայրահեղականները մաս են կազմում իշխանության վերադարձած Նեթանյահուի կոալիցիոն կառավարության: Սա Մերձավոր Արեւելքի շրջանից բնիկ հայերի եւ հայկական քաղաքակրթական ու քաղաքական ներկայությունը ոչնչացնելու ծրագիրն է: 2020-ի աշնանից Հայաստանի դեմ ՌԴ-Բաքու-Թուրքիա-Իսրայել ահաբեկչական արշավի թիրախը ոչ միայն Հայաստանն է, այլեւ Իրանը: ՀՀ հարավի օկուպացիան եւ հայ բնակչության տեղահանությունը, հայ-իրանական սահմանը վերացնելու ծրագրերը ոչ միայն հայկական պետականությունը ոչնչացնելու, այլեւ Իրանի լիակատար մեկուսացման ու ամբողջականությունը քանդելու նպատակ են հետապնդում:

Lragir.am,
30-01-2023 09:30