«Երաժշտություն ստեղծագործելը հենց ես եմ». նշվեց Տիգրան Մանսուրյանի 84-րդ տարեդարձը

30-01-2023 17:27

Հունվարի 27-ին լրացավ ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի ծննդյան 84-ամյակը: Մաեստրոյի ծննդյան տարեդարձին «Կողբ» հիմնադրամի կողմից Մանսուրյանի անվան կոմպոզիտորների միջազգային մրցույթի շրջանակում կազմակերպվել էր մանսուրյանական երաժշտության երեկո, որի ընթացքում հնչեցին «8 Հայրեն սիրո, պանդխտության և լուսնյակ գիշերների» (համաշխարհային պեմիերա) և Մեսրոպ Մաշտոցի խոսքերի հիման վրա գրված «Օրհներգ – Նավապետ Բարի» (հայաստանյան պրեմիերա) ստեղծագործությունները: Դրանք ներկայացվեցին Հայաստանի պետական կամերային նվագախմբի, Հայաստանի պետական կամերային երգչախմբի, Երևանի պետական կամերային երգչախմբի կողմից: Մենակատար՝ Տիգրան Քախվեջյան (բարիտոն), ասմունքող՝ Բաբկեն Չոբանյան: Համերգը ղեկավարում էր դիրիժոր Ռոբերտ Մլքեյանը: Մաեստրո Մանսուրյանը խոստովանում է, որ երաժշտություն գրելն իր համար գործ կամ ինքնարտահայտման միջոց չէ: «Երաժշտություն ստեղծագործելը հենց ես եմ»,- ասում է Տիգրան Մանսուրյանը: Երեկոյի ընթացքում հնչող բոլոր երկերի հիմքում գործում են հայ ավանդական ձայնակայքի տեսական հիմունքները, ինչպես նաև դրանց կիրառման հարուստ փորձի արդյունքը, որ մեզ ավանդել են մեր երաժշտության հայրերը դարերի ընթացքում: Մաեստրո Մլքեյանը, անդրադառնալով համերգային ծրագրին, նշում է, որ շնորհիվ Տիգրան Մանսուրյանի՝ հայ ժողովրդի երաժշտական գանձարանին գումարվում է նոր, կարևոր մի բան: Հնչող պրեմիերաները համաշխարհային գոհարներ են. «Երջանկություն է ներկայացնել Տիգրան Մանսուրյանի գործերը, մանավանդ, որ դրանք վերաբերում են ժողովրդական բանահյուսությանը և Մեսրոպ Մաշտոցին»: Մաեստոր Մանսուրյանի նվագախմբային, կամերային, երգչախմբային և վոկալ գործերը կատարվել և կատարվում են ամբողջ աշխարհում՝ ներկայացնելով հայ կոմպոզիտորական արվեստի լավագույն ավանդույթները: Համերգային երեկոյի գլխավոր հովանավորներն էին Fastbank-ը և Fastshift-ը, հովանավորները՝ Team Telecom Armenia-ն, FedEx-ը:

Lragir.am,
30-01-2023 17:27