Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը երկուշաբթի օրը խորհրդարանում ասել է, որ Չելենջեր տանկերը, որոնք Բրիտանիան մտադիր է տրամադրել Ուկրաինային, պատրաստ կլինեն մարտի մեջ մտնել մինչև ամառ, հնարավոր է արդեն ապրիլին: «Դա կլինի մինչև ամառ, կամ մայիսին: Գուցե նույնիսկ Զատիկին», – Reuters-ը մեջբերել է Ուոլեսի պատասխանը պատգամավորի հարցին, թե երբ բրիտանական տանկերը ուկրաինական անձնակազմով պատրաստ կլինեն մարտի: Զատիկն այս տարի կլինի ապրիլի 9-ին: Լոնդոնը խոստացել էր մինչև մարտի վերջ տեղափոխել 14 Չելենջեր, բայց անձնակազմին մարզելու համար որոշ ժամանակ կպահանջվի: Ուոլեսն ասել է, որ ռազմական նկատառումներից ելնելով չի կարող խոսել այս պարապմունքի ժամանակացույցի մասին, և միայն ասել է, որ սկզբում անձնակազմերը պարզապես կյուրացնեն նոր տեխնոլոգիան, իսկ հետո կսովորեն աշխատել համատեղ: