ՀՀ իշխանությունները միակողմանի որոշել են կամ նրանց «հավատացրել» են, որ Հայաստանը բանակի կարիք չունի

Lragir.am-ի զրուցակիցն է «Բերդ» կրթական, ռազմահայրենասիրական ՀԿ անդամ Արփի Թոփչյանը Բանակում տեղի ունեցած ողբերգական դեպքը ինչի՞ հետևանք եք համարում: Բանակում տեղի ունեցած հերթական ողբերգական դեպքը ՀՀ իշխանությունների կողմից տարվող պաշտպանական քաղաքականության տապալման ևս մեկ դրսևորում է: Այս ողբերգության առաջնային և գլխավոր պատասխանատուն երկրի քաղաքական ղեկավարությունն է՝ վարչապետով և նրա կողմից նշանակված պաշտպանության նախարարով: Ցավով եմ նշում, բայց նմանատիպ և ավելի սարսափելի դեպքերի կրկնությունը բացառված չէ, քանզի նմանատիպ դեպքերի բացառման հիմքում ընկած է սխալների ադեկվատ և օբյեկտիվ վերլուծությունը: ՀՀ կառավարության ղեկավարի կողմից առաջ քաշված՝ տրամաբանությունից զուրկ և ֆիզիկայի օրենքներին դեմ վարկածը վկայում է, որ այդ մասին խոսք լինել չի կարող: Ի վերջո, բոլորիս համար էլ պարզ է, որ ինքնապարգևատրումների և պետական միջոցների վատնման ֆոնին բանակում տիրող նյութատեխնիկական խայտառակ վիճակի հետևանքով 15 զոհի առկայությունը քաղաքական պատասխանատվությունը վեր է ածել արդեն քրեական պատասխանատվության: Կարծում եմ՝ ՀՀ իշխանությունները միակողմանի որոշել են կամ նրանց «հավատացրել» են, որ Հայաստանը բանակի կարիք չունի: Իսկ բանակի վրա խնայած միջոցները կարելի է մեծ հաճույքով ծախսել ինքնապարգևատրումների, միջազգային գործողումների, մեքենաների և այլ զվարճանքների վրա: Ինչ փույթ, որ ընդամենը չորս ամիս առաջ 220 հայորդիներ իրենց կյանքով կանգնեցրին թշնամու ճանապարհը: Հիշեցնեմ, որ Ջերմուկի և Վարդենիսի ուղղությամբ հարձակումը Քարվաճառից էր, այն տարածքից, որ հայ սպան և զինվորը պահել էին, բայց ՀՀ վարչապետը հանձնել է մեկ ստորագրությամբ: Իշխանությունները հայտարարել են այն մասին, որ հայկական բանակի բարեփոխումները տեղի են ունենալու ռուսական կողմի աջակցությամբ: Դուք ինչպե՞ս եք գնահատում այս քաղաքականությունը, ի՞նչ մոդել է ռուսական բանակի մոդելը: Այդ հայտարարությունը և դրան հաջորդող քայլերը ես գնահատում եմ խիստ բացասական, որովհետև Հայաստանի առջև ծառացած անվտանգության մարտահրավերի տեսանկյունից ռուսական բանակի մոդելը արդյունավետ չէ: Հայաստանն ունի ռելիեֆային, ժողովրդագրական, տնտեսական և ռեսուրսային բոլորովին այլ պայմաններ և չի կարող իրեն թույլ տալ ռուսական բանակի մոդելով առաջնորդվելու «շքեղությունը»: Ռուսական ռազմական դոկտրինի՝ ռազմավարական խնդիրներ լուծելու անարդյունավետությունն այսօր առավել քան երևում է Ուկրաինայում, երբ անգամ Ռուսաստանի պես հսկա երկրի ռեսուրսներն իր տրամադրության տակ ունեցող համակարգը չի կարողանում ռազմավարական խնդիրներ լուծել: Բացի դրանից, մենք արդեն անցել ենք ռուսական բանակի մոդելով գնալու ճանապարհը: Ի վերջո Արցախյան առաջին պատերազմից հետո Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը որդեգրեց սովետական բանակի մոդելը՝ առանց հաշվի առնելու ռուսական ու հայկական բանակների առջև դրված խնդիրների առանձնահատկությունները: Նման մոտեցման աղետալի հետևանքները տեսանք 2020 թվականին: Սովետական՝ ռուսական բանակի մոդելը կենսունակ չէ 21-րդ դարի պատերազմներում: Դուք խոսեցիք քաղաքական պատասխանատվության մասին, այնինչ, իշխանության ներկայացուցիչներն այս օրերին հայտարարեցին, որ ճիշտ աշխատանք են իրականացնում, քաղաքական պաշտոնանկություններ չպետք է լինեն: Ինչպե՞ս եք գնահատում սա: ՀՀ քաղաքական իշխանությունների նման պահվածքի հիմնական պատճառն այն է, որ նրանք մինչև օրս պատասխան չեն տվել երկրի անվտանգային համակարգը ջախջախելու և պաշտպանական քաղաքականությունը տապալելու համար: Եթե հայ հանրությունը լիներ քաղաքական ազգ, նա կգիտակցեր, որ պետության և պետության ղեկը ստանձնած անձի, թիմի թիվ մեկ պարտականությունը երկրի անվտանգության ապահովումն է: Իսկ պատերազմի մեջ գտնվող երկրում անվտանգության հարցը բազմակի կարևոր է, հետևաբար այդ հարցը տապալած ղեկավարի պատասխանատվության հարցը հանրային դիսկուրսի թիվ մեկ թեման պիտի լիներ: Բայց ունենք այն, ինչ ունենք: Քաղաքական ազգի փոխարեն՝ էմոցիոնալ և հեղհեղուկ զանգված: Ուստի, իշխող թիմը մինչ օրս մնացել է անպատիժ: Իսկ անպատժելիության զգացումը գլխապտույտ առաջացնելու հատկություն ունի: Հատկապես պատմական օրինաչափություններից անտեղյակների մոտ: Վերջում, օգտվելով առիթից, շնորհավորում եմ բոլորիս ՀՀ ԶՈՒ կազմավորման 31-ամյակի կապակցությամբ: Դեռ գալու է Հայ Ազգի արժանապատվության վերականգման ժամը…

ՌՈԶԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Լրագրող
30-01-2023 21:40