Հայաստանի ամերիկյան համալսարանը մեկնարկում է բակալավրի նոր ծրագիր

13-03-2023 15:29

Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Ագեան բնագիտության և ճարտարագիտության ֆակուլտետը հայտարարում է նոր՝ «Շրջակա միջավայրի և կայունության գիտությունների» (BSESS)  բակալավրի ծրագրի մեկնարկը: Քառամյա ծրագրի դասավանդումը կմեկնարկի 2023 թվականի աշնանը: Ծրագիրը նախագծված է այն ուսանողների համար, որոնք հետաքրքրված են բնապահպանության և կայունության մարտահրավերներով: BSESS-ը ներառում է դասընթացներ, և գործնական աշխատանքներ, որոնց ընթացքում ուսանողները կուսումնասիրեն մարդու ազդեցությունը շրջակա միջավայրի վրա: Ծրագրիրը  նաև կանդրադառնա քաղաքային միջավայրի կայունության խնդիրներին՝ ուսումնասիրելով շարժունակության և էներգիայի լուծումները, օդի բարձր որակի ապահովումը, ջրօգտագործումը, թափոնների կառավարումը, շրջանաձև տնտեսությունը, աղետներին դիմակայելու խնդիրները և այլ թեմաներ: Ծրագիրը ուսանողներին կտա գիտելիքներ և գործիքներ՝ շրջակա միջավայրին և կայունությանը առնչվող մարտահրավերները տեղական, ազգային, ինչպես նաև գլոբալ մակարդակներում հաջողությամբ հաղթահարելու համար: «Այս ծրագիրը ընդլայնում է մեր ֆակուլտետի առաջարկած բակալավրի հնարավորությունները բնական, գիտատեղեկատվական և հասարակական գիտութունների ուղղությամբ: Սա տեղին և կարևոր լրացում է ՀԱՀ-ում գիտական կրթության մեջ», – նշում է Ագեան բնագիտության և ճարտարագիտության ֆակուլտետի դեկան դոկտոր. Արամ Հաջյանը: Լինելով միջառարկայական ծրագիր, BSESS-ի դասընթացները կընդգրկեն բնական գիտությունների  (կենսաբանություն, քիմիա և աշխարհագրություն), տարածական գիտությունների (աշխարհագրություն, ԱՏՀ և հեռահար զոնդավորում) և սոցիալական գիտությունների (քաղաքականության պլանավորում և կառավարում) ոլորտները: Ուսանողները կունենան լայն հնարավորություններ մասնակցելու պրակտիկաների և հետազոտական աշխատանքների ինչպես ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնում, այնպես էլ այլ առաջատար մասնավոր, պետական և միջազգային ընկերություններում: Ծրագիրը միտված է լրացնելու Հայաստանում շրջակա միջավայրի և կայունության գիտության ոլորտում առկա բացը: «Այս բացը հեշտությամբ նկատելի է քաղաքաշինության, կայուն զարգացման և կառավարման ոլորտներում, ինչպես նաև Հայաստանում բնական ռեսուրսների անարդյունավետ կառավարման գործում: Ծրագիրը կխթանի տեղական և միջազգային մակարդակով տեղեկացված և միասնական մարդկային ռեսուրսի ստեղծմանը, որ անհրաժեշտ է Հայաստանին տարատեսակ մարտահրավերներ հաղթահարելու համար», — նշում է ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնի և BSESS ծրագրի ղեկավար Ալեն Ամիրխանյանը: BSESS ծրագրի շրջանավարտները հնարավորություն կունենան զարգացնել իրենց կարիերան կանաչ ֆինանսների, շրջանաձև տնտեսության և քաղաքային տրանսպորտի ոլորտներում, ինչպես նաև կայունության, էներգիայի, բնական ռեսուրսների կառավարման և այլ բնագավառներում: Ծրագիրը կարող է նաև ամուր հիմք ծառայել նրանց համար, ովքեր դիտարկում են մագիստրոսական կրթությունը շարունակել ջրի և էներգիայի կառավարման, շրջանաձև տնտեսության, թափոնների կառավարման, կենսատնտեսության, տրանսպորտի և քաղաքային կյանքի պլանավորման և զարգացման, աշխարհատարածական գիտությունների և այլ ոլորտներում: Շրջակա միջավայրի և կայունության գիտությանների բակալավրի ծրագրի մասին լրացուցիչ տեղեկություններ կարող եք ստանալ հետևյալ հոլովակից և ծրագրի կայքէջից: Դիմումների պահանջների, վերջնաժամկետների և ուսման վարձավճարների մասին տեղեկատվությունը հասանելի է ՀԱՀ բակալավրիատի ընդունելության կայքէջում: Լրացուցիչ հարցերի համար խնդրում ենք գրել [email protected] հասցեին:

Lragir.am,
13-03-2023 15:29