Ոստիկանությունը հրապարակել է Գևորգ Պետրոսյանի ձերբակալության կադրերը

13-03-2023 16:23

Ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել՝ ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանի ձերբակալությունից: «Մարտի 11-ին՝ ժամը 21:00-ի, սահմաններում, ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի գումարտակի ծառայողները Աբովյան-Երևան ավտոճանապարհին նկատել են «Մերսեդես» մեքենա, որի վարորդը մեքենան վարել է անկանոն: Երևանի Հյուսիսային ավտոկայանի մոտակայքում «Մերսեդեսի» վարորդը չի ենթարկվել պարեկների բարձրախոսով հնչեցրած «կանգ առ» օրինական պահանջին և շարունակել է մեքենան անկանոն վարել: Պարեկները հետապնդել են նրան, ինչի ընթացքում ևս մի քանի անգամ հնչեցրել են «կանգ առ» օրինական պահանջ: Երևանի Ծարավ Աղբյուրի փողոցում մեքենան հարկադրաբար կանգնեցվել է: Վարորդը հնչեցրել է սպառնալիքներ և դիմել փախուստի: Շարունակելով հետապնդումը՝ պարեկները նույն փողոցում կրկին հարկադրաբար կանգնեցրել են մեքենան: Վարորդը հրաժարվել է ենթարկվել սթափության աստիճանի ստուգումից և սպառնացել է պարեկներին: Վարորդը ձերբակալվել և տեղափոխվել է ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժին: Նախաձեռնվել է քրեական վարույթ»,- նշված է ոստիկանության տարածած հաղորդագրությունում:

Lragir.am,
13-03-2023 16:23