Մեծահասակների առողջական խնդիրների անվճար հետազոտությունների մեկնարկ Արագածոտնի մարզում

16-03-2023 16:28

«Ալցհայմերի խնամք Հայաստան» հասարակական կազմակերպությունը եւ «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամը համագործակցում են՝ նպաստելու մեծահասակների առողջության բարելավմանը: Համագործակցության շրջանակներում Հայկական ակնաբուժության նախագծի կողմից ՀՀ ողջ տարածքում կազմակերպվող ակնային զննումներին եւ շաքարային դիաբետ ունեցողների հետազոտությանը զուգահեռ Ալցհայմերի խնամք Հայաստանը տարբեր բնակավայրերում իրականացնում է հիշողության գնահատում 40-ից բարձր տարիքի անձանց շրջանում: 2022 թվականի հունիսից «Ալցհայմերի խնամք Հայաստան» կազմակերպությունը սկսեց համագործակցել Հայկական ակնաբուժության նախագծի հետ եւ ընդլայնել Ալցհայմերի հիվանդություն ունեցող անձանց համար նախատեսված ծրագրերի շրջանակը: Հայկական ակնաբուժության նախագծի «Լույս հայի աչքերին» ծրագրի շրջանակներում իրականացվող ակնային խորացված հետազոտություններին զուգահեռ քաղաքացիներին առաջարկվում է հիշողության ստուգում՝ «Առողջ ուղեղի հայկական ծրագրի» սքրինինգային թեստի միջոցով: Համագործակցության առաջին փուլում «Ալցհայմերի խնամք Հայաստան» կազմակերպությունն աշխատել է Կոտայքի մարզի Հրազդան, Աբովյան, Եղվարդ շրջանների այն բոլոր բնակավայրերում, որտեղ հունիսից նոյեմբեր ամիսներին Հայկական ակնաբուժության նախագիծն իրականացրել է ակնային զննումներ: Երկու կազմակերպությունների հաջողված համագործակցությունը նոր փուլում՝ մարտ ամսից սկսած, «Ալցհայմերի խնամք Հայաստան» կազմակերպության մասնագետները Հայկական ակնաբուժության նախագծի հետ հիշողության գնահատման թեստավորում կիրականացնեն Արագածոտնի մարզում: Այս համագործակցության շնորհիվ մեծահասակները հնարավորություն են ստանում մեկ այցով հետազոտվել ակնային տարբեր հիվանդությունների, նախադիաբետի, շաքարային դիաբետի, Ալցհայմերի կամ դեմենցիայի այլ դրսեւորումների վաղ հայտնաբերման համար, ինչի արդյունքում հնարավոր է դառնում անհրաժեշտ բուժումն իրականացնել ժամանակին եւ բարելավել նրանց կյանքի որակը: «Բժշկագիտության զարգացումը հանգեցնում է տարբեր հիվանդությունների միջեւ եղած կապերի հայտնաբերմանը: Այս առումով մեր համագործակցությունն ընդլայնման հետաքրքիր հեռանկար ունի՝ հաշվի առնելով երկու կազմակերպությունների փորձառությունը եւ ներուժը», – ասաց «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Նունե Եղիազարյանը: ««Ալցհայմերի խնամք Հայաստան» ՀԿ-ի  համագործակցությունը «Հայկական ակնաբուժության նախագծի» հետ մեզ հնարավարություն է տվել իրականացնել հիշողության գնահատումներ հազարավոր մարդկանց համար Հայաստանի տարբեր համայնքներում, քանի որ աչքի եւ ուղեղի միջեւ կապը շատ ամուր է, եւ դրանք կարող են մեծապես ազդել միմյանց վրա: Մենք շատ երախտապարտ ենք այս հնարավորության համար»,- նշեց «Ալցհայմերի խնամք Հայաստան» ՀԿ–ի հիմնադիր, ղեկավար դոկտոր Ջեյն Մահաքյանը: «Ալցհայմերի խնամք Հայաստան» ՀԿ-ն առողջապահական համակարգի պատրաստվածության ապահովման համար Դավոսի Ալցհայմերի համագործակցության առաջին համաշխարհային համատեղ դրամաշնորհային ծրագրի 12 շահառուներից է, եւ «Առողջ ուղեղի հայկական ծրագիրն» իրականացվում է հենց այս համագործակցության շրջանակում: «Առողջ ուղեղի հայկական ծրագրի» իրականացմանն աջակցում են ՀՀ առողջապահության, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունները: «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամը Հայաստանում իր գործունեության ավելի քան 30 տարիների ընթացքում համագործակցում է տարբեր գործընկերների հետ՝ նպաստելու ձեռքբերովի կուրության կանխարգելմանը եւ բարելավելու երկրում առողջապահական համակարգը: Վերոնշյալ ակնային զննումների եւ շաքարային դիաբետ ունեցողների հետազոտությններն ու ակնային բուժումն իրականացվում է Դիաբետի համաշխարհային հիմնադրամի հետ գործակցությամբ:

Lragir.am,
16-03-2023 16:28