ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ժամկետային զինծառայողին ինքնասպանության հասցնելու համար մեղադրանք է ներկայացվել նրա ծառայակցին․վերջինս կալանավորվել է

16-03-2023 18:41

2023թ․ մարտի 11-ին՝ ժամը 13:15-ի սահմաններում, ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի N զորամասի սահմանապահ ուղեկալներից մեկի մշտական տեղակայման վայրում հայտնաբերվել է նույն ուղեկալի սահմանապահ վերակարգում ծառայություն իրականացնող, պարտադիր ժամկետային զինծառայող Արտուշ Գևորգյանի դին՝ մահացու հրազենային վիրավորումով: Ըստ ստացված հաղորդման՝ տվյալ պահին ուղեկալում և նրա մատույցներում այլ զինված զինծառայողներ չեն եղել: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում նույն օրը, ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 1-ին մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ, որի նախաքննությունը հանձնարարվել է քննչական խմբին: Իրականացվել են անհետաձգելի քննչական և վարութային գործողություններ, մասնավորապես՝ կատարվել է դեպքի վայրի զննություն, զորամասից պահանջվել և ստացվել են անհրաժեշտ փաստաթղթեր, օպերատիվ հետախուզական միջոցառումներ անցկացնելու հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին: Նաև նշանակվել են մի շարք փորձաքննություններ, հարցաքննվել են մի շարք անձինք, զինծառայողներ: Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ նույն զորամասի սահմանապահ ուղեկալի պարտադիր ժամկետային այլ զինծառայող՝ Հ․Ա․-ն, ոչ կանոնակարգային հարաբերություններին բնորոշ դրսևորումներով Արտուշ Գևորգյանի անձնական պատիվն ու արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու միջոցով անզգուշությամբ վերջինիս հասցրել է ինքնասպանության: Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա հսկող դատախազն իր որոշմամբ պարտադիր ժամկետային զինծառայող Հ․Ա․-ի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում, և վարույթն իրականացնող մարմնի կողմից վերջինիս ներկայացվել է մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 1-ին մասով: Մարտի 15-ին դատարան ներկայացնելու համար Հ․Ա․-ն ձերբակալվել է: Միջնորդություն է հարուցվել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` Հ․Ա․-ի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքն ընտրելու վերաբերյալ: Դատարանի՝ մարտի 16-ի որոշմամբ միջնորդությունը բավարարվել է: Նախաքննությունը շարունակվում է: ՀՀ քննչական կոմիտե

Lragir.am,
16-03-2023 18:41