Մեկնարկել է Հայ կոմպոզիտորական արվեստի 14-րդ փառատոնը

17-03-2023 15:45

Մարտի 16-ին մեկնարկեց Հայ կոմպոզիտորական արվեստի 14-րդ փառատոնը: Համերգային ծրագրում ընդգրկված բոլոր 3 ստեղծագործություններն էլ պրեմիերաներ էին: Հարություն Դելլալյանի «Մահ» սիմֆոնիկ պոեմը Հայաստանում հնչում էր առաջին անգամ: Առաջին անգամ էին կատարվում Ժիրայր Շահրիմանյանի Թիվ 1 սիմֆոնիան՝ նվիրված Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին, և Նորայր Հարությունյանի Կոնցերտինոն՝ գրված դաշնամուրի և նվագախմբի համար: Համերգը ղեկավարում էր ֆրանսիացի դիրիժոր Ռեմի Դյուրուն: Վերջինս, խոսելով ներկայացված ստեղծագործությունների մասին, նշել է, որ սովորաբար դիրիժորը հյուրախաղերի մեկնում է իր ծրագրով, իսկ Երևանում Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի շրջանակում հակառակն էր. նվագախումբն է առաջարկել երկացանկը: Դիրիժորը նկատում է նաև, որ առաջին անգամ է ներկայացնում հայ հեղինակների ստեղծագործությունները, թեև նրանցից շատերի (և՜ դասական, և՜ ժամանակակից) արվեստին ծանոթ է: «Ինձ համար շատ հետաքրքիր էր բացահայտել հայ կոմպոզիտորներին: Նախևառաջ ես բացահայտեցի շատ ինքնատիպ կոմպոզիտոր Հարություն Դելլալյանին, որի ստեղծագործությունն ունի բացառիկ հնչողություն, գուցե ոչ սովորական, բայց անչափ հետաքրքիր: Գեղեցիկ գույներով ու էներգիայով էին լի նաև երիտասարդ կոմպոզիտորներ Ժիրայր Շահրիմանյանի և Նորայր Հարությունյանի գործերը»: Անդրադառնալով Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ համագործակցությանը, մաեստրո Դյուրուն նկատում է, որ հիանալի, ոգեղեն, արագ կոնտակտի մեջ մտնող նվագախումբ է՝ շատ լավ լարային ու փողային կազմերով: Նորայր Հարությունյանի Կոնցերտինոն Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ կատարեց դաշնակահարուհի Լիլիթ Արտեմյանը, ով 2021 թվականից ղեկավարում է Հայաստանի կոմպոզիտորների միության երիտասարդական ֆորումի աշխատանքները: Ֆորումը համագործակցում է Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի հետ, որտեղ ներկայացվում են նաև երիտասարդ կոմպոզիտորների ստեղծագործությունները: Դաշնակահարը նկատում է, որ Նորայր Հարությունյանի ստեղծագործության կատարումը մեծ խթան կհանդիսանա, որպեսզի նա է՜լ ավելի մեծ բարձունքներ գրավի: «Նորայր Հարությունյանը 12 սիմֆոնիաների հեղինակ է: Կոնցերտինոն նա գրել է վաղ շրջանում՝ դեռևս 16 տարեկանում, և այս ստեղծագործության մեջ արտացոլված են պատանու կենսուրախ տրամադրությունները: Շատ հետաքրքիր, դրական ստեղծագործություն է»,- ասաց Լիլիթ Արտեմյանը: Կոմպոզիտոր Ժիրայր Շահրիմանյանը նշեց, որ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ համագործակցում է 2016 թվականից, նվագախումբը կատարել է իր սիմֆոնիկ և կամերային ստեղծագործություններից: Ժիրայր Շահրիմանյանն ընդգծում է, որ փառատոները կոմպոզիտորների համար ունկնդրին ներկայանալու հարթակ են, նաև խթան ու ոգեշնչում, որպեսզի կոմպոզիտորը նոր ստեղծագործություններ գրի: Հայ կոմպոզիտորական արվեստի 14-րդ փառատոնի շրջանակում կանցկացվի ևս երկու համերգ՝ ապրիլի 17-ին և 20-ին: Փառատոնը հնարավորություն է ստեղծում մեծանուն կոմպոզիտորների երաժշտական ժառանգության կողքին ներկայացնելու նաև երիտասարդ հեղինակների ստեղծագործություններ: Փառատոնի կարևորագույն բաղադրիչներից է հայ կոմպոզիտորների սիմֆոնիկ և կամերային ստեղծագործությունների ձայնագրումը, տեսագրումը, պարտիտուրների և նվագաբաժինների թվայնացումն ու պահպանումը: Փառատոնի գոյության ընթացքում թվայնացվել են հայ կոմպոզիտորների 100-ից ավելի մեծակտավ ստեղծագործություններ, ձայնագրվել են 250-ից ավելի երաժշտական երկեր, իրականացվել են 180-ից ավելի պրեմիերաներ: Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը կազմակերպել են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և Հայաստանի կոմպոզիտորների միությունը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ:

Lragir.am,
17-03-2023 15:45