Ավարտվել են հակակոռուպցիոն դատարանի ձևավորման աշխատանքները

17-03-2023 16:49

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն Ազգային ժողովում ներկայացրել է Կառավարության 5-ամյա միջոցառումների ծրագրի` արդարադատության ոլորտի վերաբերյալ զեկույցը, որտեղ անդրադարձել է  2022թ. կատարված հիմնական միջոցառումներին և արդյունքներին: Նախարարը նշել է, որ 2022 թվականին շարունակվել են բարեփոխումները դատական համակարգի, կոռուպցիայի դեմ պայքարի, հարկադիր կատարման, քրեական արդարադատության, քրեակատարողական, պրոբացիայի և մի շարք այլ ոլորտներում: Գրիգոր Մինասյանը նշել է, որ 2022 թվականին մեկնարկել է Սահմանադրական բարեփոխումների իրականացման նոր բաց, մասնակցային գործընթացը: Ձևավորվել է Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը և մասնագիտական հանձնաժողովը, որտեղ ներգրավված են ոչ միայն պետական մարմինների, այլ նաև քաղաքացիական հասարակության և արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչներ: Արդեն իսկ որոշումներ են կայացվել խորհրդարանական կառավարման ձևը որպես հայեցակարգային ուղղություն ընտրելու վերաբերյալ: Մեկնարկել է նախորդ ընտրությունների ընթացքում վերհանված խնդիրների բացահայտման ու լուծման գործընթացը: Անդրադարձ է կատարվելու այնպիսի հարցերի, ինչպիսիք են, օրինակ տեղամասային կենտրոնների ընտրության, քվեարկության սենյակի կահավորվածության հարցերը, որպեսզի ավելի անխոչընդոտ իրացվի հաշմանդամություն ունեցող անձանց ընտրելու իրավունքը: Նախատեսվելու է ընտրողների ժամանակավոր ցուցակներում ավելի արագ և ճկուն ընդգրկվելու հնարավորությունը: Կքննարկվի նաև տեսողության խնդիրներ ունեցող անձանց կողմից ինքնուրույն քվեարկելու համար գործիքների նախատեսումը: Դատաիրավականրական բարեփոխումների շրջանակներում՝ Գրիգոր Մինասյանն նշել է, որ ընդունվել է ոլորտային նոր ռազմավարություն` նոր մեթոդաբանությամբ: Ավարտվել են հակակոռուպցիոն դատարանի ձևավորման աշխատանքները, ստեղծվել է նաև վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը, իսկ Վճռաբեկ դատարանում ձևավորվել են երկու առանձին՝ քաղաքացիական և վարչական պալատներ, ստեղծվել է նոր՝ հակակոռուպցիոն պալատը` ապահովելով հակակոռուպցիոն գործերի եռաստիճան քննության ողջ շղթան: Երևան քաղաքում առանձնացվել են ընդհանուր իրավասության առաջին ատյանի քաղաքացիական և քրեական դատարանները: Բարձրացվել է Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների դատավորների աշխատավարձերը: Դատական համակարգը նոր պրոֆեսիոնալ կադրերով համալրելու նպատակով՝ նախատեսվել են դատավորների ներգրավման նոր ճկուն ընթացակարգեր: Քայլեր են կատարվել դատավորների ծանրաբեռնվածությունը թեթևացնելու ուղղությամբ: Մասնավորապես, ընդլայնվել է գործերի քննության պարզեցված և գրավոր ընթացակարգերի կիրառությունը, մի շարք գործեր, օրինակ արբիտրաժային վճիռների հարկադիր կատարումը, դուրս են բերվել դատարանների քննությունից: Արդյունքում ակնկալվում է բարելավել ողջամիտ ժամկետում գործերի քննությունը դատարաններում: Ամբողջությամբ ավարտվել են դատարանների մի շարք շենքերում նորոգման և հիմնանորոգման աշխատանքները: Շենքերը հագեցվել են անհրաժեշտ նյութատեխնիկական և կահավորման բոլոր միջոցներով և հանձնվել շահագործման: Բարելավվել է հաշտարարության ինստիտուտը: Մի շարք ընտանեկան գործերով նախատեսվել է մինչև դատարան դիմելը պարտադիր հաշտարարություն իրականացնելու պահանջ: Բացառություն կկազմեն միայն այն գործերը, որոնցում առկա է ընտանեկան բռնության տարր: Ավարտին են հասցվում Հայաստանում նոր արբիտրաժային կենտրոնի ստեղծման աշխատանքները: Հարկադիր կատարումն ապահովող ծառայության պաշտոնական կայքում ներդրվել է «Անձնական գրասենյակ» էլեկտրոնային հարթակը, որով ցանկացած անձ կարող է ամբողջական տեղեկատվություն ստանալ իր կատարողական վարույթի վերաբերյալ: Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից գանձված կատարողական ծախսերն ավելի քան 1 մլրդ 325 մլն դրամի չափով գերազանցել են ծառայության ծախսերը: Գործող 13 առևտրային բանկերում օպտիմալացվել է դրամական միջոցների բռնագանձման գործընթացը. այժմ այն տևում է 2-3 օր՝ նախկին 7 օրվա փոխարեն: Փաստաբանների պալատում ձևավորվել է նոր կարգապահական հանձնաժողով, հանրային պաշտպանության շահառուների շրջանակը լրացվել է ևս 3 խմբով: Այդ նոր խմբերն են` 1) օտարերկրացիները՝ արտաքսման վերաբերյալ որոշումը բողոքարկելու համար, 2) անձինք, որոնց վերաբերյալ իրականացվում է անգործունակության վարույթ, 3) տուժողները, եթե նրանք պարտադիր ժամկետային զինծառայող են կամ մինչև 16 տարեկան երեխա: Բացի այդ, 10-ով ավելացվել է հանրային պաշտպանների թվակազմը, որոշակի մասնագիտական պահանջների բավարարող անձանց համար նախատեսվել է հնարավորություն մասնակցելու փաստաբանի որակավորման քննություններին առանց փաստաբանական ակադեմիայում ուսանելու: Գրիգոր Մինասյանը ներկայացրել է նաև Քրեաիրավական ոլորտի բարեփոխումները՝ նշելով, որ տնային կալանք և վարչական հսկողություն խափանման միջոցների, ինչպես նաև ազատության սահմանափակում պատժատեսակի կիրառությունն ապահովելու համար ձեռք են բերվել էլեկտրոնային հսկողության միջոցներ (200 միավոր ոտքին կամ ձեռքին կրելու համար): Քննչական կոմիտեի հաստիքների թիվն ավելացվել է 210-ով, Հակակոռուպցիոն կոմիտեինը՝ 100-ով, իսկ Դատախազությանը՝ 20-ով: Միևնույն ժամանակ, օպտիմալացվել է քննչական համակարգը: Քննչական գործողությունների ընթացքում անչափահասների, անգործունակ կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց իրավունքների պաշտպանությունն առավելագույնս երաշխավորելու նպատակով առաջին անգամ իրականացվել է հատուկ հոգեբանների որակավորում և վերապատրաստում: Մեկնարկել են Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2023-2025 թվականների գործողությունների ծրագրի մշակման աշխատանքները: Նախարարը, անդրադառնալով կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարությանը, նշել է, որ հստակեցվել են նվերներ ընդունելու արգելքին առնչվող կարգավորումները: Սահմանվել է նաև նվերները հաշվառելու պարտականություն: Ընդլայնվել է հայտարարագիր ներկայացնող անձանց շրջանակը: Կատարելագործվել է հավատարմագրային կառավարման ինստիտուտը: Հստակեցվել են ազդարարներին տրվող պաշտպանության մեխանիզմները, նախատեսվել է նոր ազդարարման տեսակ՝ ազդարարում հանրությանը: Մարդու իրավունքների պաշտպանին վերապահվել են ազդարարների պաշտպանության իրականացմանը հետևելու, ազդարարների պաշտպանության վերաբերյալ տվյալների հավաքագրման և այլ լիազորություններ: 2022 թվականի ընթացքում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ դատարան է ներկայացվել ընդհանուր 21 հայցադիմում, որոնցով բռնագանձման ենթակա գումարի չափը կազմում է շուրջ 52 մլրդ ՀՀ դրամ, բռնագանձման է ենթակա նաև 296 գույք: 2022 թվականին քրեական վարույթներով վերականգնվել է պետությանը պատճառված 29,4 մլրդ ՀՀ դրամի վնաս: Քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի բարեփոխումների շրջանակներում՝ Գրիգոր Մինասյանը նշել է, որ դատապարտյալները հնարավորություն են ստացել միջնակարգ կրթություն ստանալ նաև 19 տարեկանից հետո՝ պետական բյուջեի միջոցների հաշվին: Դատապարտյալների անվտանգ փոխադրումներն իրականացնելու համար ձեռք են բերվել և համապատասխան սարքավորումներով կահավորվել են թվով 10 ժամանակակից տրանսպորտային միջոցներ: Դատապարտյալների իրավունքների երաշխավորման նպատակով քրեակատարողական բոլոր հիմնարկներում ապահովվել է շուրջ 30 լեզուներով թարգմանության իրականացում: «Աբովյան», «Արմավիր», «Սևան» քրեակատարողական հիմնարկներում կատարվել են մեծածավալ շինարարական աշխատանքներ` հատուկ հարմարեցված պայմաններ ստեղծելով անազատության մեջ պահվող և հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար: «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում տեղադրվել է տեսահսկման ամբողջական համակարգ, օդափոխության համակարգ: Բանտային բժշկության ոլորտի բարեփոխումներով քրեակատարողական հիմնարկներում ներդվել է նաև հեռաբժշկության ծրագիրը: ՀՀ-ում առաջին անգամ բացվել է Մասնագիտական ուսուցման կենտրոն, որտեղ պրոբացիայի շահառուներին դասավանդվելու են տարբեր հմտությունների զարգացմանն ուղղված դասընթացներ: Մշակվել է օրենսդրական փաթեթ, որով քրեակատարողական ծառայությունում ներդրվելու է քրեակատարողական ծառայողների ատեստավորման համակարգ: Հայտարարվել է նոր քրեակատարողական հիմնարկի նախագծանախահաշվային աշխատանքների մրցույթը: Նոր քրեակատարողական հիմնարկի կառուցմամբ պայմանավորված՝ կփակվեն «Նուբարաշեն», «Երևան-Կենտրոն», «Դատապարտյալների հիվանդանոց» և «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկները: Ամփոփելով ելույթը՝ նախարարն նշել է, որ Արդարադատության նախարարությունն ամբողջությամբ համակարգել է Հայաստանում պարեկային ծառայության ներդրման և Ներքին գործերի նախարարության ստեղծման աշխատանքները, որոնց արդյունքները հավանաբար կներկայացնեն համապատասխան ոլորտի ղեկավարները:

Lragir.am,
17-03-2023 16:49