Տաքսու վարորդը հափշտակել է տեղափոխման համար իրեն վստահված 5000 ԱՄՆ դոլար գումարը, ապա այն վերադարձնելու համար պահանջներ ներկայացրել. նախաքննությունն ավարտվել է

17-03-2023 17:18

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են 24-ամյա երիտասարդի կողմից իրեն վստահված գումարը հափշտակելու և շորթում կատարելու դեպքի հանգամանքները: Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2022թ. օգոստոսի 1-ին՝ ժամը 13:30-ին, Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում գործող «Բելաջիո» ռեստորանային համալիրի ավտոկայանատեղիում 46-ամյա տղամարդը տաքսի ծառայության ավտոմեքենայի 24-ամյա վարորդին  է փոխանցել 5.000 ԱՄՆ դոլար և 68.000 ՀՀ դրամ գումար՝ 5.000 ԱՄՆ դոլարը Երևան քաղաքի Խանջյան փողոցում գործող համալիրներից մեկում գտնվող իր ընկերոջը փոխանցելու, իսկ 68.000 ՀՀ դրամը՝ իր անունից «Ֆեդեքս» համակարգով վճարում կատարելու նպատակով: Սակայն 24-ամյա երիտասարդն իրեն վստահված և փաստացի իր տիրապետության տակ գտնվող՝ 46-ամյա տղամարդուն պատկանող խոշոր չափի գումարները հափշտակելու դիտավորությամբ, դրանք չի փոխանցել վերջինիս կողմից նշված անձին, ինչպես նաև որևէ վճարում չկատարելով, հափշտակել է դրանք՝ տղամարդուն պատճառելով խոշոր չափերի հասնող՝ 2.105.650 ՀՀ դրամի գույքային վնաս: Բացի այդ, 24-ամյա երիտասարդը, ուրիշի գույքը շորթմամբ հափշտակելու դիտավորությամբ, իրեն վստահված հիշյալ գումարը հափշտակելուց հետո «WhatsApp» բջջային հավելվածի միջոցով կապ է հաստատել 46-ամյա տղամարդու հետ և պահանջել, որպեսզի վերջինս ոստիկանությունից հետ վերցնի իր բողոքը, ինչպես նաև՝ 10.000 ՀՀ դրամ՝ սպառնալով, որ չտրամադրելու դեպքում իր տրամադրության տակ գտնվող գումարները հետ չի վերադարձնի: Հարուցված հանրային քրեական հետապնդման հիման վրա 24-ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 258-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Նախաքննությունն ավարտվել է և քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին: ՀՀ քննչական կոմիտե

Lragir.am,
17-03-2023 17:18