Lragir.am-ի զրուցակիցն է Հայ կառուցողական կուսակցության նախագահ Անդրիաս Ղուկասյանը Պարոն Ղուկասյան, Եվրոպական խորհրդարանն ընդունեց ԵՄ-Հայաստան հարաբերությունների զեկույցը: Եվրախորհրդարանն ընդգծում է, որ ղարաբաղյան հակամարտությունը պահանջում է միջազգային իրավունքին համապատասխան համապարփակ քաղաքական կարգավորում, հիմնված ՄԱԿ-ի կանոնադրությամբ և 1975թ. ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտով ամրագրված սկզբունքների վրա, մասնավորապես՝ ուժի կամ դրա սպառնալիքի չկիրառումը, տարածքային ամբողջականությունը, ինքնորոշման իրավունքը, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի 2009թ. հրապարակված բանակցային հիմնարար սկզբունքները: Ի՞նչ է նշանակում սա: Ես ուզում եմ հստակեցնել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի 2009 թվականին հրապարակված բանակցային հիմնարար սկզբունքները Հայաստանի ընթերցողին հայտնի են որպես «Մադրիդյան սկզբունքներ»: Պարզվեց, որ Նիկոլ Փաշինյանի պնդումը, թե միջազգային հանրությունը Հայաստանից պահանջում է հրաժարվել Արցախի ինքնորոշման իրավունքին աջակցելու քաղաքականությունից, Եվրամիության դեպքում իրականությանը չի համապատասխանում: Եվրամիության 27 պետությունները, ինչպես տեսնում եք, կողմ են այն բանաձևին, որ Արցախի հետ կապված ճգնաժամը, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորումը պետք է իրականացվի համանախագահների 2009 թվականի հիմնական սկզբունքների հիման վրա: Դրանք են՝ հանրաքվեի անցկացում, նախքան հանրաքվեն որոշակի ժամանակահատված ժամանակավոր կարգավիճակ, միջազգային խաղաղարար օպերացիա, որն այդ ընթացքում կապահովի խաղաղությունը, Լաչինի միջանցքով Արցախի կայուն և երաշխավորված կապ Հայաստանի հետ և մարդու իրավունքների այնպիսի պաշտպանության մակարդակ, որ բոլոր փախստականներն ի վիճակի լինեն արժանապատվության և անվտանգության մթնոլորտում վերադառնալ իրենց հայրենիք: Եվս մեկ կետ, որն առկա էր այդ սկզբունքներում՝ հայկական կողմը պետք է միջազգային հսկողության տակ վերադարձնի Արցախի հարակից տարածքները: Այսինքն՝ պետք է ենթադրել, որ խոսքն այն ժամանակ գնում էր բուֆերային գոտի ստեղծելու մասին: Այսինքն՝ այդ պահանջը նույնպես արդիական է: Ըստ զեկույցի՝ փորձը ցույց է տալիս, որ Հայաստանի անվտանգությունը երաշխավորելու Ռուսաստանի ենթադրյալ պատրաստակամությունը գոյություն չունի: Եվրամիությունը պաշպանական կարողությունները դիվերսիֆիկացնելու առաջարկ է անում Հայաստանին: Ի՞նչ է ենթադրում սա: Սա երկրորդ պատասխանն է բոլոր նրանց, ովքեր տարիներ շարունակ պնդում էին, որ անվտանգության հարցերում Հայաստանն այլընտրանք չունի, և միակ դաշնակիցը Ռուսաստանի Դաշնությունն է: Կամ, եթե դա Ռուսաստանի Դաշնությունը չեղավ, ապա Հայաստանը հայտնվելու է Թուրքիայի ազդեցության տակ: Եվրամիության այս բանաձևում նաև դրան վերաբերող հատված կա, որտեղ ասվում է, որ Եվրամիությունը չպետք է թույլ տա, որ Թուրքիան, Իրանը և Ռուսաստանը տարածաշրջանում ունենան ազդեցություն: Այս զեկույցը շատ վատ լուր էր ինֆորմացիոն դաշտի այն աշխատակիցների համար, ովքեր այս բոլոր տարիներին այդ թեզերն էին առաջ տանում, որ Հայաստանը պետք է մոռանա Ցեղասպանությունը, Արցախն էլ հարկավոր է հանձնել Ադրբեջանին, և հայերը լավ կապրեն: Կամ էլ, ասում էին՝ Հայաստանն այլընտրանք չունի, պետք է հավերժ ստորադասված վիճակում լինի Ռուսաստանի մոտ: Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի և Արցախի ուղղությամբ նոր էսկալացիայի վտանգ կա: Երբ որևէ պետության համար արտաքին հարձակման կամ ցեղասպանության վտանգ կա, ինչպես Նիկոլ Փաշինյանն է ասում, որ Արցախում էլ ցեղասպանության վտանգ կա, պետությունը պետք է դիմի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին՝ միջազգային ռազմական օժանդակություն ստանալու խնդրանքով: Եթե դա էլ չաշխատի, որովհետև, ենթադրենք, ՌԴ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում կարող է վետոյի իրավունքից օգտվել և թույլ չտալ ընդհանուր որոշման կայացում, այդ դեպքում Հայաստանն անհատապես կարող է դիմել ԱՄՆ-ին, Ֆրանսիային, այլ պետությունների՝ ռազմական օժանդակություն ստանալու խնդրանքով: Հայաստանի իշխանության նկատմամբ կա ողջամիտ կասկած, որ դավաճանական գործունեությամբ է զբաղված: Հայաստանում ասել, որ Նիկոլ Փաշինյանն ու իր գլխավորած Քաղաքացիական պայմանագիր քաղաքական ուժը մեր իշխանությունն է, այս դասավորության մեջ շատ դժվար է: Այդպես կարող են ասել Թուրքիայում ու Ադրբեջանում: Երբ ի հայտ է գալիս, որ երկրի ղեկավարը ժողովրդին խաբում էր, պնդում էր, որ միջազգային հանրությունը պահանջում է նշաձող իջեցնել Արցախի կարգավիճակի հարցում, հրաժարվել ինքնորոշման իրավունքից, երբ պարզվում է, որ դա այդպես չէ, ինչպե՞ս կարելի է դրանից հետո այդ քաղաքական ուժը անվանել «մեր իշխանությունը»: Մերը չէ, մեր թշնամիներինն է, բոլոր նրանցն է, ովքեր կողմ են և Արցախում ցեղասպանություն կազմակերպելուն, և Հայաստանի դեմ պատերազմ հրահրելուն: Հայերի ազգային շահերի վրա հենված քաղաքական ուժը այսպիսի դիրքորոշում ունենալ չի կարող: