Lragir.am-ի զրուցակիցն է ռազմաքաղաքական գործիչ, պահեստազորի գնդապետ, Մոնթե Մելքոնյան ռազմամարզական վարժարանի հիմնադիր Ալեքսան Մինասյանը Պարոն Մինասյան, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Արցախի ու Հայաստանի դեմ նոր էսկալացիայի վտանգ կա: Որքանո՞վ է Հայաստանի անվտանգության համակարգը պատրաստ դիմակայելու նոր պատերազմին: Այս մարտահրավերներին դիմագրավելուն և մեր անվտանգությունն ապահովելուն մենք չենք պատրաստվել դեռ շատ վաղուց: Արցախի առաջին պատերազմն ավարտվեց, մենք ստեղծեցինք Մոնթե Մելքոնյան վարժարանը, բայց այն կիսատ մնաց, որովհետև պետության կողմից արժանի աջակցություն չստացավ: Այն ժամանակ որակն այնպիսին էր, որ մեզ անգամ ուզում էին պատվիրել Ռուսաստանը, Կորեան, բայց ստացվեց այն, ինչ ստացվեց: Այսօրվա իրադրությունը նույնպես անպատրաստ իրավիճակ է: Նախ չկա այն համակարգը, որը պետք է աշխատի: Իսկ համակարգի բացակայության պայմաններում զինվորականը չի կարող պաշտպանել իր երկիրը: Իհարկե, համամիտ եմ այն մտքի հետ, որ պետությունը պետք է անի այդ համակարգումը, որովհետև բոլոր լծակները իր ձեռքին են: Ինչքան էլ մենք՝ պահեստազորում գտնվողներս փորձենք դա իրագործել, միևնույն է ստացվելու է հախուռն, որովհետև պետությունն ու բանակը գիտեն, թե ինչ հնարավորություններ ունեն ու ինչ կարող են անել: Եվ պետության նախաձեռնությամբ արդեն պետք է իր կողքը հավաքվեն մարդիկ, ովքեր ցանկանում են խաղաղություն կամ պատրաստ են պաշտպանել իրենց երկիրը: Այլ կերպ հնարավոր չէ: Մենք ընկերներով հավաքվում ենք, փորձում ենք օգնել մեր պետությանը: Աստված չանի, եթե բանակը չկարողանա դիմակայել, մենք նույնպես ինչ-որ դիմակայություն ցույց կտանք: Բայց միևնույն է, դա այն չէ, ինչ անհրաժեշտ է բանակի կազմավորման համար: Համենայնդեպս, ռազմական ակադեմիայում ինձ այդպես են սովորեցրել, որ պետք է ամեն ինչ պլանավորված ընթացք ունենա, և ամեն քայլից, անգամ անկումային քայլերից հետո պետք է իմանաս քո անելիքը: Եվ ամեն մարդ պիտի իմանա իր անելիքը: Ցավոք, ես չեմ տեսնում այդ կազմակերպումը: Պատերազմից հետո թեզ է դրվել շրջանառության մեջ, որ մենք թույլ ենք, չունենք ռեսուրսներ: Դեռ նախանցյալ տարվա տվյալներով՝ մեր ռազմական բյուջեն 711 մլն դոլար էր: Ադրբեջացիներինը՝ 2 մլրդ 900 հազար դոլար: Այսինքն՝ ֆինանսավորման առումով իրենք ավելի քան 4 անգամ գերազանցում էին մեզ: Մարդկային ռեսուրսով ևս գերազանցում են: Հետևաբար, բանակային ստանդարտ կռիվ անելը մեզ հաջողություն չի բերի, ինչքան էլ մենք հիմա ասենք, որ մեր բանակը ոգի ունի կամ ուներ: Ոգին զարթնում է, երբ մարդը պրոֆեսիոնալ է լինում, հասկանում է, թե ինչ պետք է անի: Այսինքն՝ դու պետք է հասկանաս, թե ինչ ես անում: Օրինակ՝ 44-օրյա պատերազմում ես տվել են ընդամենը 2 վիրավոր, որովհետև անելիքս գիտեի, հասկանում էի՝ որտեղ դիրաքավորել մեր տղաներին, ինչպիսի կրակային շերտեր ու օղակներ ստեղծել: Այդ ամենը գիտելիք է, հայերի մոտ շատ թյուր կարծիք կա, որ զինվորականը միայն զենք բռնողն է: Ոչ, դա այդպես չէ: Զենք բռնելը գործի կես տոկոսն է, իրականում շատ կարևոր են մտավոր թռիչքները: Նաև այն է կարևոր, որ սա տեխնոլոգիական պատերազմ է: Բայց ցանկացած տեխնոլոգիական պատերազմում, մանավանդ փոքր երկրների համար, որոնք չունեն այդպիսի ինքնաթիռներ, համակարգեր, միշտ ազդեցություն է ունենում այն, թե զինվորն իր հետևում տեսնո՞ւմ է իր հայրենիքը, զգո՞ւմ է, թե ոչ: Դրանից է կախված այն, թե ինչպես ինքը կվարի այդ մարտը: Ընդհանրապես ոգին բարձրանում է այն ժամանակ, երբ դու գիտես, թե ինչ ես անում ու վստահ ես քո վրա: Անգամ փողոցային խաղի ժամանակ պետք է ոգի ցուցադրես, իսկ այդտեղ գալիս է այն միտքը՝ դու կարող ես, թե չես կարող: Սա պետության ֆունկցիա է, որովհետև փոքր երկրներում միշտ միաձուլվում են պետության շուրջը: Հայաստանը միասնական կդառնա, երբ պետությունը կփորձի միասնական դարձնել, որովհետև անհատներն այդ հնարավորությունը չունեն: Ես մեր տղաներին տեսնում եմ, երեկ էլ ավելի քան 30 մարդ հավաքվեց, քննարկեցինք իրավիճակը: Մեզ թվում է, որ կարող ենք այս անել, այն անել, ոչ, սա պրագմատիկ հաշվարկ է: Պատերազմն ընդհանրապես պրագմատիկ հաշվարկ է, հաջողությունը գալիս է միայն ճիշտ համագործակցության պայմաններում: Այսինքն՝ պետք է սիստեմավորում ունենաս, որ իմանաս՝ ում որտեղ, երբ օգտագործես: Եթե դա չի արվում, դու պարտվում ես, ոգին էլ անկում է ապրում: Այսինքն՝ առաջ է գալիս այն հարցը, որ պետությունը, բանակը պետք է ղեկավարեն պրոֆեսիոնալները: Այո, պրոֆեսիոնալները պետք է ղեկավարեն: Ավելին, մեր պայմաններում ոչ միայն պրոֆեսիոնալիզմն է պարտադիր, բայց նաև պետք է ընտրվեն այն մարդիկ, որոնք ունեն ֆանտազիա, հաղթանակի տեսլական: Եթե դու հաղթանակի տեսլական չունես, չես հաղթելու: Իսկ մենք փաստորեն չենք ուզում ուժեղացնել մեր բանակը, ինձ մոտ այդպիսի տպավորություն է: Կամ չենք հասկանում, կամ չենք ուզում, կամ չգիտենք ինչպես անել: Բայց փաստ է, որ մեր բանակը չի ուժեղանում, և այդ փաստը մեր երեսին է շուռ գալիս: Մենք այս ամենի հետևանքները բազմիցս զգացել ենք մեր մաշկի վրա: Եթե այսպես շարունակվի, մենք կպարտվենք նորից ու նորից: Իսկ պարտության հետեւանքը ինքներդ գիտեք, թե ուր կտանի մեզ: Պարտությունը միշտ թելադրում է, մեզ հնարավորություն չի տալիս թելադրել մերը: Արցախի հարցով վարվող քաղաքականությունը ինչպե՞ս եք գնահատում: Եթե Հայաստանը հրաժարվում է Արցախից, ապա․․․ Եթե մենք հրաժարվում ենք Արցախից, ապա կհրաժարվենք նաև Հայաստանից: Նախ Արցախը մեր մասն է, պատկերացնո՞ւմ եք, թե Արցախը հանձնելու դեպքում մենք ինչ բարոյահոգեբանական վիճակում կհայտնվենք: Կստացվի, որ պարտվածի շղարշը քաշում ենք մեր երեսին, որը բերելու է նրան, որ մենք հետագայում անընդհատ հանձնելու պրոցեսների մեջ ենք լինելու: Արցախը կընկնի, հետո Սյունիքը կընկնի, հետո Սևանը, և կդառնանք մի փոքրիկ Երևան: Այսինքն՝ ինչպես Հայաստանի մյուս մարզերի պաշտպանությունն է պետությունը պարտավոր կազմակերպել, նույնկերպ Արցախի՞ հարցում պետք է լինի: Այո, ինչու մենք երկրորդ ելք ունե՞նք: Ինչքան փոքրացանք, այնքան թուլանալու ենք: Մենք գիտենք մեր թշնամիների նպատակները, որո՞նք պետք է լինեն մեր նպատակները: Չգիտես ինչու՝ բոլորին հետաքրքրում է ազգային գաղափարախոսությունը: Մեր ազգային գաղափարախոսությունը շատ հասարակ է՝ մենք ունենք հզորանալու խնդիր: Եվ դրա համար պարտավոր ենք մեր միջից գտնելու այն մարդկանց, որոնք ի վիճակի են ապահովել այդ հզորացումը: Եթե չգտնենք, ուրեմն չենք գտնի, շատ ազգեր չեն գտել ու կորել են: Բայց ես չեմ կարծում, որ մենք չենք գտնի, կգտնենք, ուղղակի չգիտես ինչու ուշանում է: Եվ պատահական չէ, որ ես ստիպված որոշել եմ զբաղվել քաղաքականությամբ: Ես այսօր ուղղորդողին չեմ տեսնում, թունելի այն կողմում լույս վառողին չեմ տեսնում: Հետևաբար, ամեն մեկը պետք է փորձի, պետք է այնքան փնտրենք, մինչև գտնենք այն մարդուն, ղեկավարին, այն մոտեցումները, որոնք մեզ առաջ կտանեն: Դա կլինի զինվորական ղեկավար, թե քաղաքական, կարևոր չէ: Իշխանությունների կողմից լսում ենք պատճառաբանություններ, որ պաշտպանական բնագծերի կառուցումը, ինժեներական աշխատանքները հնարավոր չէ լիարժեք իրականացնել, քանի որ ՀՀ տարածքները հակառակորդի դիտարկման տակ են: Մենք տեսանք, թե ինչ կացարանում են ապրում մեր զինծառայողները, որոնցից 15-ը զոհվեցին հրդեհի հետևանքով: Ի՞նչ աշխատանքներ պետք է անել այս ոլորտում: Այն տեղանքը, որտեղ տեղի ունեցավ հրդեհը և որի հետևանքով վառվեցին մեր զավակները, թշնամու անմիջական թիրախում չէր: Բայց մենք այնտեղ էլ չէինք ապահովել անվտանգությունը, ինժեներական կառույցներն ապահովված չէին: Զորամասերում ճաղավանդակ չպետք է լինի ընդհանրապես, երկրորդ մուտքը չկար: Մեր անփութության հետևանքով նման դեպք ունեցանք, մեր հետևողական չլինելու հետևանքն է սա: Մենք չունենք անգամ ցածր կարգի պրոֆեսիոնալներ, իսկ մենք ուզում ենք խոսել բարձր կարգի պրոֆեսիանալիզմից, այսինքն՝ հենց թշնամու աչքի առաջ կառուցել ինժեներական կառույցներ: Ամեն ինչ հնարավոր է անել, ֆանտազիայի խնդիր է: Ասել, որ, գտնվում ենք թշնամու թիրախում, դա պատճառաբանություն է ընդամենը: Եթե չես ուզում գործն անել, դու միշտ պատճառներ գտնում ես: Եթե ուզում ես անել, միշտ գտնում ես ճանապարհներ: Ժամանակակից ինժեներական կառույցների առկայությունը պարտադիր էր նախկինում, պարտադիր է և հիմա: Մենք նախկինում էլ չենք արել դա, մենք 30 տարի ոչինչ չենք արել: Ինչի՞ վրա ենք հույս դրել: Աստծո վրա ենք հույսներս դրել՝ թողնելով մեր բանականությունը: Իսկ Աստված ասում է՝ ես քեզ ուղեղ եմ տվել, օգտագործիր: Ցավոք, ոչինչ չարվեց, մենք ինքնաբերաբար գնացինք պատերազմի՝ չօգտագործելով փոխադարձ համագործակցության, անգամ հետադարձ էլեմենտներ: Էլ չեմ ասում, որ մենք մեր իսկ տարածքում, երբ արդեն նահանջ արեցինք, անգամ դիվերսիոն աշխատանքներ չկարողացանք անել: Սա խոսում է մեր անփութության, թափթփվածության, 30 տարի բանակը չաշխատեցնելու, բանակը ճիշտ չօգտագործելու, ճիշտ էլեմենտներ չսովորեցնելու մասին: Նոյեմբերի 9-ի փաստաթղթով առանց կրակոցի հսկայական հայկական տարածքներ հանձնվեցին թշնամուն, և այսօր դրա հետևանքը տեսնում ենք: Ինչպե՞ս եք գնահատում այդ քայլը: Ես նորից ու նորից դա վերագրում եմ մեր վախկոտությանը: Մենք՝ հայերս միշտ գովում ենք մեզ, որ համարձակ ենք, բայց ես սա վախկոտություն եմ որակում: Կուզեք համարեք ռազմական վախկոտություն, իհարկե, ես այդտեղ քաղաքական վախկոտություն էլ տեսա: Բայց քաղաքական վախկոտությունը ծնվում է, երբ ռազմական վախկոտությունն արդեն կա: Նիկոլ Փաշինյանն ասաց՝ պարտվեցինք, որովհետև բանակում 5-րդ շարասնույն կար, ինչպե՞ս եք սա գնահատում: Շատ ավելի վատ, որ 5-րդ շարասյուն կար: Այսինքն՝ 5-րդ շարասյուն ասելով՝ եթե նկատի ունի հետախուզական ու ռազմաօպերատիվ գործողությունները, ավելի վատ մեզ համար, որ դրան էլ պատրաստ չէինք: Եթե կար 5-րդ շարասյուն, դրա համար կա ԱԱԾ, որը պետք է զբաղվեր դրանով: Բայց մենք ոչնչով չենք զբաղվել: Ես ոչ ուզում եմ նախկիններին մեղադրել, ոչ ներկաներին, սա ընդհանուր թափթփվածության խնդիր է, մենք թափթփված տեսակ ենք: Հիմա մենք գոյության խնդիր առաջ ենք կանգնած, բայց այդ սխալներից ու թափթփվածությունից դասեր չենք քաղում: Ի՞նչ պետք է անել: Այո, դասեր չենք քաղում: Ինձ հարց տվեցին, ասացին՝ դուք անգամ ռուսական սպեցնազ եք պարապեցրել, ինչո՞ւ ձեր ներուժը չեն օգտագործում բանակում: Ասացի՝ ես չգիտեմ: Իսկապես ես չգիտեմ: Մենք չենք ուզում, որ որևէ մեկը երևա, հավանաբար չեն ուզում, որ նաև ես երևամ: Ստացվում է, որ պրոֆեսիոնալներին չեն ներգրավում այս աշխատանքներին, իսկ ռազմարվեստն իսկապես շատ բարդ գիտություն է, բոլորին թող չթվա, թե զենք բռնելով է վերջանում ամեն ինչ: Կարող ես սովորական սրած ճյուղով զենք դառնալ, եթե գլխով աշխատես: Բայց մենք չենք անում ոչինչ, և դա վերևից ներքև այդպես է, միայն ժողովուրդը չէ, Նիկոլ Փաշինյանը ևս բախտի քմահաճույքին է թողել երկիրը: Փաշինյանը կոչ է անում միջազգային հանրությանը՝ զսպել թշնամու հնարավոր հարձակումները: Միջազգային հանրությունը չի զսպելու, դրա օրինակները տեսնում ենք անընդհատ: Միջազգային հանրությունը ոչինչ չի կարող, եթե դուք ինքդ պատրաստ չես քեզ պաշտպանելու: Եթե քեզ հարվածում են, բայց դու պատասխան չես տալիս, կներեք, պետք է լիներ այն, ինչ եղավ: Եվ, ցավոք, դեռ կլինի, քանի դեռ այն մարդիկ, որոնք ի վիճակի են քայլ անելու, գիտեն ինչ անել, նրանց արահամարհում են: