Զինվորների կյանքեր խլած հրդեհի գործով մեղադրյալ կապիտանը երկու ամսով կալանավորվել է

18-03-2023 11:50

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի գործով մեղադրյալ կապիտան Եղիշե Հակոբյանը երկու ամսով կալանավորվել է: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում հաղորդագրություն է զետեղել ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը: «ՀՀ ՊՆ զորամասի ինժեներասակրավորային վաշտի անձնակազմի կացարանում տեղի ունեցած հրդեհի և զինծառայողների մահվան դեպքի առթիվ քննվող քրեական վարույթի շրջանակում մարտի 17-ին վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ մեղադրյալ, նույն զորամասի ինժեներական ծառայության սպա, կապիտան Եղիշե Հակոբյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ»,-նշել է նա և հիշեցրել, որ գիշերը, դատարանը բավարարել է միջնորդությունը, և մեղադրյալը կալանավորվել է: «Ինժեներական ծառայության սպա, կապիտան Ե.Հ.-ին նշված վարույթով մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասով:  Մինչ այս նա գտնվում էր բժշկական հաստատությունում: Տեղեկացնեմ նաև, որ այս վարույթով նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով վարչությունում»,-հավելել է Աբրահամյանը:

Lragir.am,
18-03-2023 11:50