Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն մարտի 17-ին հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկելով երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները: Այս մասին հայտնում է իրանական IRNA-ն: Աբդոլլահիանը նշել է, որ Իրանի դրական փոխգործակցությունը հարևան և տարածաշրջանային երկրների հետ ճանապարհ է հարթում տարածաշրջանում կայուն խաղաղության, զարգացման և կայունության հաստատման, ինչպես նաև տարածաշրջանային համագործակցության վրա հիմնված միջազգային ավելի մեծ ձեռքբերումների համար: Չավուշօղլուն ողջունել է Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև ձեռք բերված համաձայնությունը՝ կարծիք հայտնելով, որ այս զարգացումը կտանի դեպի իսլամական աշխարհի դիրքերի ամրապնդման, իսլամական երկրների միջև համագործակցության արդյունավետության բարձրացման: Նախարարները տեսակետներ են փոխանցել երկկողմ կապերի ընդլայնման շուրջ: IRNA-ի փոխանցմամբ, հեռախոսազրույցում քննարկվել են նաև Իրանի հարաբերություններն Ադրբեջանի հետ: