Պուտինին ձերբակալելու Հաագայի դատարանի որոշումը նախադեպային նշանակություն ունի․ Հայաստանն ընտրության առաջ

Lragir.am-ի զրուցակիցն է իրավապաշտպան Արթուր Սաքունց Պարոն Սաքունց, Հաագայի միջազգային քրեական դատարանը Ռուսաստանի նախագահ Պուտինի ձերբակալության միջազգային օրդեր է տվել: Սա ի՞նչ է նշանակում: Միջազգային քրեական դատարանը հստակ արձանագրել է, թե ինչ հիմքով է ձերբակալման մասին որոշումը կայացրել: Սա Ուկրաինայի դեմ սանձազերծած պատերազմի հետ է կապված, բայց կոնկրետ նշվում է ուկրաինացի երեխաներին տեղափոխելու, ես կասեի՝ առևանգելու մասին, ինչը ծանր հանցագործությունների թվում է: Մենք գիտենք, որ Միջազգային քրեական դատարանի դատախազն էլ սկսել է փաստահավաք առաքելություն, փաստերն են հավաքում: Կարծում եմ, որ Պուտինին այլ մեղադրանքներ էլ կառաջադրվեն, մասնավորապես, Ուկրաինայի քաղաքացիական ենթակառուցվածքների ոչնչացման հետ կապված: Բայց կարևոր է արձանագրել, որ հետխորհրդային տարածաշրջանի երկրներում սա առաջին դեպքն է, երբ պետության ղեկավարի նկատմամբ քրեական վարույթ է սկսվել միջազգային ատյանի կողմից: Սա նախադեպային նշանակություն ունի: Եվ ըստ էության սա նաև օրինակ է, որ միջազգային ինստիտուտներն ու միջազգային իրավունքն այնուամենայնիվ գործողության մեջ են: Իհարկե, դրանց որոշումների իրականացումն այլ գործողություններ է ենթադրում, նկատի ունեմ ձերբակալումը, դատարան ներկայացնելը, որպեսզի դատաքննություն իրականացվի, բայց բոլոր դեպքերում սա հստակ իրավական գնահատական է, թե ինչպիսին չպետք է լինեն պետության ղեկավարի գործողությունները: Սա նաև օրինակ է կոնկրետ Հայաստանի համար, թե ինչպես կարելի է աշխատել միջազգային ինստիտուտների հետ, ինչի արդյունքում կարող ես ունենալ միջազգային ինստիտուտի կողմից միջազգային իրավունքի հիման վրա գնահատականներ, որոնք քո քաղաքացիների, պետության շահերի պաշտպանության ուղղությամբ կարող են լինել շատ օգտակար: Պետք է նաև այս որոշման մյուս կողմը դիտարկել՝ այն անխուսափելիորեն ունի կանխարգելող նշանակություն մյուս հնարավոր նման գործողություններ անող պետությունների ղեկավարների դեպքում: Խոսքս նույն Իլհամ Ալիևի, Էրդողանի մասին է՝ Սիրիայում և Արցախում գործողությունների հարցում: Այսինքն՝ սա լավ նախադեպ է: Ավելին, Հայաստանն արդեն իսկ ունի ՄԱԿ-ի միջազգային դատարանի՝ ընդդեմ Ադրբեջանի որոշումները՝ և խտրականության, և Լաչինի միջանցքի հարցերով, ՀՀ ազգային շահերից է բխում նաև Հռոմի ստատուսի վավերացումը: Հայաստանի կողմից այդ ստատուտը վավերացնելու դեպքում Հայաստանը նաև կկարողանա անմիջականորեն օգտագործել Միջազգային քրեական դատարանի ռեսուրսներն ու հնարավորությունները: Իհարկե, այստեղ հարց է առաջ գալիս, որ եթե Հայաստանը վավերացնում է Հռոմի ստատուտը, նաև պարտավորություն է վերցնում Վլադիմիր Պուտինին ձերբակալելու հարցով: Չնայած, ես կարծում եմ, որ ստորագրելն արդեն իսկ այդ պարտավորության ստանձնում է: Դու արդեն քո մոտեցումն այդ ստորագրությամբ ձևակերպել ես, որը քեզ թելադրում է նաև որոշակի գործողություններ կատարել: Այսինքն՝ այստեղ շատ հետաքրքիր իրավիճակ է ստեղծվում՝ ՀՀ իշխանությունները միջազգային ինստիտուտների և իրավունքի հետևողական աջակի՞ցն են լինելու, թե այնուամենայնիվ շարունակելու են մնալ պուտինյան ռեժիմի դաշնակից կարգավիճակում: Մի երկրի, որի ղեկավարը կամ պարագլուխը արդեն դիտարկվում է որպես միջազգային հանցագործ: Ինչպես ասում են՝ եկել է պահը հստակ որոշում կայացնելու: Սա նաև պատասխան է այն շրջանակներին, որոնք ասում են, որ պետության ղեկավարն ունի անձեռնմխելիություն: Սա նաև ուղեցույց է Հայաստանի Հանրապետության դատարանների համար, այդ թվում՝ Սահմանադրական դատարանի համար, նաև փաստաբանների համար, որ չի կարող պետության ղեկավարն ունենալ անձեռնմխելիություն, եթե մարդկության դեմ հանցագործություններ է կատարում: Միջազգային քրեական դատարանի որոշումն իրավական բովանդակություն ունի, բայց դրա կատարումն ակնհայտ քաղաքական կամքով է պայմանավորված, հանձինս այն պետությունների, որոնք հանդես են գալիս որպես միջազգային իրավունքի աջակից: Նաև սա հնարավորությունների լայն ճանապարհ է Հայաստանի համար՝ դիմագրավելու և պատասխանելու Իլհամ Ալիևի բռնապետական ռեժիմին, համապատասխան քայլեր ձեռնարկելու և միջազգային ռեսուրսներ ներդնելու առումով՝ կանխելու համար  ոտնձգությունները, էթնիկ զտման քաղաքականությունը և ագրեսիան Հայաստանի ուղղությամբ: Այդ ագրեսիայի կանխման ուղղությամբ դաշնակից համարվող պետությունը որևէ կամք ու ցանկություն չդրսևորեց: Իրենք իրենց արժեքային համակարգով դա չէին անելու, Ալիևի ռեժիմն ավելի սերտ արժեքային ընդհանրություններ ունի պուտինյան ռեժիմի հետ, դրանք նույնն են իրենց բովանդակությամբ: Այստեղ նաև հարց է առաջ գալիս՝ Հայաստանի ներկա իշխանությունները գտնո՞ւմ են, որ իրենք պետք է գտնվեն այդ նույն կառույցների մեջ, որոնց արժեքային հիմքը միջազգային իրավունքի և միջազգային ինստիտուտների կազմաքանդումն ու ոչնչացումն է: Այսինքն՝ այստեղ այնքան ակնհայտ է Հայաստանի ազգային, պետական, քաղաքացու շահը, որ դրա պաշտպանության և դրսևորման միակ տարբերակը հենց այդ միջազգային ինստիտուտների հետ համագործակցությունն է, միջազգային իրավունքի պաշտպանությունը: Եվ եթե դու չանես այդ քայլը, ապա քո իսկ ազգային, պետական ու քաղաքացու շահերից չի բխելու: Այսինքն՝ եկել է այն փուլը, որ Հայաստանը պետք է քաղաքակրթական ընտրությո՞ւն կատարի: Չի կարող այդ ընտրությունը չկատարել: Եթե հիմա Հայաստանը չկատարի այդ քայլը, ապա ես հստակ եմ ասում, որ Միջազգային քրեական դատարանին չաջակցելը նշանակում է հանդես գալ ընդդեմ Հայաստանի Հանրապետության պետական շահի, ՀՀ անվտանգության շահի, Արցախի անվտանգության և գոյատևման շահի:

ՌՈԶԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Լրագրող
18-03-2023 17:22