Ալիեւն ընդունեց, որ Արցախը Հայաստան է․ Նիկոլն ու ՀՀ ԱԳՆ-ն շտապեցին հերքել

18-03-2023 23:02

Արցախի օկուպացված Թալիշ գյուղում, որտեղ ըստ Բաքվի զլմ-ների՝ վերաբնակեցվել են «ներքին տեղահանված ադրբեջանական ընտանիքներ», ցապարների ցեղապետ Ալիեւը կրկին բացել է իր գարշահոտ բերանը եւ վերջնագիր ներկայացրել: Ինչ է ասում ցապարների ցեղապետը․ «Այսօր մենք հայրենի Ղարաբաղի հողի վրա ենք, հայրենի Զանգեզուրի հողի վրա, եւ այստեղ ենք լինելու հավերժ: Ադրբեջանցի ժողովուրդն իրավամբ ապրում է հպարտության զգացումով: Որպեսզի Հայաստանը հանգիստ ապրի 29 հազար քառակուսի կիլոմետր տարածքի վրա, կա մի պայման. նրանք պետք է ընդունեն մեր պայմանները, պաշտոնապես Ղարաբաղը ճանաչեն Ադրբեջանի տարածք, մեր պայմանների հիման վրա կատարեն սահմանազատման աշխատանքները: Իրողությունները՝ կապված օկուպացիայի, պատերազմի հետ, հետպատերազմյա իրողությունները պետք է գտնեն եւ կգտնեն իրենց արտացոլումը խաղաղության բանակցություններում: Հակառակ դեպքում ոչ մի խաղաղության պայմանագիր չի լինի: Որոշ երկրներում ինչ-որ համաժողովներ են կազմակերպվում, գիտաժողովներ՝ կապված Ադրբեջանի ներքին գործերի հետ: Որոշ հայամետ երկրներ ճանաչում են «Լեռնային Ղարաբաղի անկախությունը», որը աշխարհի քարտեզին գոյություն չունի, գոյություն չունի Ադրբեջանի տարածքում: Ի՞նչ է սա նշանակում: Սա նշանակում է, որ օկուպացիայի ժամանակ այդ բոլոր ուժերի միակ նպատակն օկուպացիան հավերժ դարձնելն էր: Չլուծել այդ հակամարտությունը, այլ սառեցնել այն»: Նա գանգատվել է նաեւ, որ «Հայաստանի հովանավորները տեղեկատվական պատերազմ են վարում Ադրբեջանի դեմ»: Այսպիսով, Ալիեւը հայտնել է ՀՀ տարածքի, ներառյալ Արցախը, հանդեպ հավակնությունների, «Արեւմտյան Ադրբեջան ադրբեջանցիների վերադարձի» մասին՝ «օկուպացիայի եւ հետպատերազմյա իրողությունների» հիման վրա: Նիկոլն իր վերջին ասուլիսում նույնպես թվարկել էր այս պայմանները եւ հայտարարել, որ «Բաքվի պահանջներին համաձայն չենք, բայց պետք է ընդունենք դրանք»: Պատահական չէ, որ Նիկոլն ու իր ԱԳՆ-ն այդպես էլ չարձագանքեցին Շոլցի հայտարարությանը Արցախի խնդրի քաղաքական կարգավորման եւ կարգավիճակի, տարածքային ամբողջականության եւ ինքնորոշման իրավունքի սկզբունքների հավասարազորության մասին, ընդգծելով ստատուս քվոյի անթույլատրելիությունը: Չարձագանքեցին Եվրախորհրդարանի բանաձեւերին, որոնցում Եվրոպական խորհրդարանը արձանագրում է, որ նոյեմբերի 9-ի թուղթը կարգավորում չէ, Արցախի ինքնորոշման եւ կարգավիճակի խնդիրները պետք է քննարկվեն միջազգային իրավունքի հիման վրա, հղում անելով 2009 թ․ ՄԽ համանախագահների առաջարկներին: Շոլցի հայտարարությունը եւ Եվրախորհրդարանի բանաձեւերը հարված էին Փաշինյանին ու նրա «խաղաղ օրակարգին», որը Իսրայել-Թուրքիա-Ռուսաստանի առջեւ հայկական իրավունքներն ու տարածքները հանձնելու իր ագենտուրային պարտավորությունը փորձում էր «հիմնավորել» նրանով, թե իբր «միջազգային հանրությունը պահանջում է իջեցնել նշաձողը Արցախի կարգավիճակի հարցում»: Եվ ահա, ցապարների ցեղապետը Թալիշում «միանում» է Շոլցին ու Եվրախորհրդարանին եւ հայտարարում, որ որոշ երկրներ ճանաչում են Ղարաբաղի անկախությունը, եւ Հայաստանը աջակիցներ ունի: Ավելին, Հայաստանի կողմից Արցախը Ադրբեջանի տարածք ճանաչելու Ալիեւի պահանջն ավելի է ընդգծում այս եւ մի շարք այլ իրողություններ: Նախեւառաջ՝ հայկական իրավունքների առկայությունը եւ ներուժը․ Բաքվում, ի տարբերություն հայերի, լավ են հասկանում հայկական իրավունքի ուժը: Ալիեւի վերջին շրջանի «հաղթանակի» հիստերիան այդ գիտակցման հետեւանքն է, առավել եւս Իսրայելում, ՌԴ-ում եւ Թուրքիայում ներքին ու արտաքին բարդ ու անորոշ իրավիճակի, իր հանցակից Պուտինին ձերբակալելու՝ Միջազգային քրեական դատարանի օրդերի ֆոնին: «Ադրբեջան» կոչվող կազմավորումը կարող է «լեգիտիմացվել» բացառապես Երեւանի ստորագրությամբ եւ հայկական իրավունքները հանձնելով: Նույնիսկ Ալիեւն է ընդունում, որ Արցախը Հայաստան է, այլապես չէր պահանջի Ղարաբաղը ճանաչել որպես «Ադրբեջանի» տարածք: Այս ֆոնին առավել է ընդգծվում Նիկոլի ու քպ-ական վերնախավի ագենտուրային ստորագույն բնույթը, որը կատարում է այդ առաքելությունը:  ՀՀ ԱԳՆ-ն Ալիեւի հայտարարությունների կապակցությամբ երկար-բարակ մի հայտարարություն է տարածել, որում ծպտուն անգամ չկա Արցախի կարգավիճակի, դեօկուպացիայի պահանջի վերաբերյալ, եւ բուն ասելիքը վերջին նախադասությունն է՝ հավատարմություն «խաղաղ օրակարգին», այն է՝ հայկական պետականության վերացման քպ-ական պարտավորությանը:

Lragir.am,
18-03-2023 23:02