Lragir.am-ի զրուցակիցն է Գորիսի մտավորականության նախաձեռնող խմբի անդամ Արթուր Խոջաբաղյանը Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի և Արցախի ուղղությամբ կա նոր էսկալացիայի վտանգ: Որքանո՞վ ենք պատրաստ նոր պատերազմի: Թե ինչ են անում իշխանություններն այդ ուղղությամբ, չեմ կարող ասել: Ես մտահոգություններ շատ ունեմ, որովհետև կոնկրետ այս իշխանություններին չեմ կարող վստահել պետության անվտանգությանը վերաբերող հարցերի լուծումը, որովհետև իրենք մեկ անգամ արդեն հանձնվել են: Այսինքն՝ մեկ անգամ հիմնական են հանձնվել, բայց այս ընթացում դարձյալ մի քանի անգամ հանձնվել են՝ մեկ անգամ Իշխանասարում են հանձնվել, հետո Կապանում, հետո Ջերմուկում, Վարդենիսում: Թշնամին մտել է մեր տարածք, իշխանությունները չեն իրականացրել պաշտպանությունը, չեն դիմադրել կամ վախեցել են: Այսինքն՝ մենք հիմա կարող ենք շատ բաներ լսել, որ բարեփոխում են անում և այլն, բայց փաստացի արդյունքը ցույց է տալիս, որ իրենք ոչինչ չեն կարողանում անել: Սա շատ վատ է, որովհետև կամ իրենք ի վիճակի չեն որևէ բան անել, կամ էլ ուղղակի չեն ուզում անել: Բայց փաստն այն է, որ անվտանգության տեսակետից իրենք շատ անվստահելի են: Պետության դերն այն է, որ պետք է պաշտպանի իր քաղաքացիներին, իշխանությունն էլ ընտրվել է, որ այդ գործն անի: Եթե այդ աշխատանքը չեն կարողանում անել, պետք է հայտարարեն այդ մասին ու գնան, որպեսզի ուրիշն անի այդ գործը: Բայց ոչ հայտարարում են, ոչ էլ հրաժարական են տալիս, և դրա հետևանքով մենք անընդհատ տարածքներ ենք կորցնում: Ի՞նչ իրավիճակ է սահմանամերձ համայնքներում, մարդիկ պատրա՞ստ են դիմակայել այս մարտահրավերներին, քաղպաշտպանության հարցերը լուծվա՞ծ են: Ինչքան կարողանում, այդ աշխատանքը անում ենք: Գնահատական տալը սխալ է, որովհետև ինչքան էլ անենք, քիչ է: Ընդհանուր պետական քաղաքականության խնդիր կա: Մարդկանց մոտ տրամադրությունները հակասական են, այո, այսօր մարդկանց տրամադրվածությունը լավ է, մարդիկ չեն մտածում, որ լքելու են իրենց համայնքը, պատրաստ են ցանկացած էսկալացիայի: Պատրաստ են մեռնել իրենց քաղաքում, բայց չեն լքի այն: Դա շատ լավ է, բայց այնպես չէ, որ պետք է հույսներս դնենք մեռնելու վրա: Պետք է այնպես անենք, որ ոչ թե մեռնենք, այլ ապրենք: Իշխանությունների կողմից Արցախի հարցով վարվող քաղաքականությունն ինչպե՞ս եք գնահատում: Իմ կարծիքով՝ ի սկզբանե այդպես է որոշված եղել: Այսինքն՝ նոյեմբերի 9-ի փաստաթղթով ի սկզբանե դա պայմանավորվել են, և այնպես չէ, որ այս իշխանություններն առաջին անգամ են ակնարկում այդ մասին՝ սկսած Արցախի կարգավիճակի հարցում նշաձողի իջեցման մասին հայտարարությունից: Արտգործնախարարը կարող է գնալ միջազգային կառույցներում հայտարարություններ անել, բայց պետական շրջանակների կողմից ժողովրդի մեջ չի քարոզվում այն, որ Արցախը վտանգի տակ է, քայլեր պետք է անել: Եթե այս իշխանություններն արդեն մեկ անգամ հանձնել են, այլևս վստահություն չեն կարող ներշնչել: Սա է ամբողջ խնդիրը, որը մեր հասարակությունը չի հասկացել: Ասում են, որ Հայաստանը ռեսուրս չունի՝ ապահովելու Արցախի անվտանգությունը: Երբ որևէ երևույթի նկատմամբ ի սկզբանե վերաբերմունք ունես, դրանից է ծնվում, թե հետո դու ինչ քայլեր ես անելու: Եթե ի սկզբանե մտածես, որ Արցախը հայկական է, չես կարող նման պատճառաբանություններ բերել, հակառակը պետք է անես՝ Արցախը պաշտպանես: Հիմա այն տպավորությունն է, որ Հայաստանի իշխանություններն Ադրբեջանի շահերից են խոսում, հայկական պետության կողմից վերաբերմունքի ընդգծված փոփոխություն կա Արցախի նկատմամբ: Եվ դրանից բխում են մնացած գործողությունները: Ինչի՞ կհանգեցնի այս քաղաքականությունը: Այսօր շատ հարցեր կախված են աշխարհում տիրող իրավիճակից, Հայաստանի ու Արցախի խնդիրները ևս հաճախ կախված են աշխարհում կատարվող իրադարձություններից: Բայց գլոբալ առումով այս քաղաքականությունը տանում է նրան, որ մենք մենակ ենք մնալու թուրքերի առաջ, և պետք է կարողանանք մեզ պաշտպանել ու ողջ մնալ: Հենց տարածաշրջանը մի քիչ խառնվեց, ամեն մեկը հազիվ իր գլուխն է պահելու, և մենք էլի մենակ ենք մնալու: Մենք դա պետք է գիտակցենք ու հասկանանք, պատրաստ լինենք, որ պետք է կարողանանք մեզ պաշտպանել: Մեր նպատակը ողջ մնալն է, ոչ թե կոտորվելը: Էսկալացիան հիմնականում սպառնում է Արցախի, Սյունիքի ու արևելյան շրջանների բնակչությանը: Հասարակությունը գիտակցում է սա, բայց քանի որ պետական քաղաքականություն չկա, և հասարակությունն էլ այնքան չի զարգացել, որպեսզի կարողանա պետական քաղաքականություն ու օրակարգ ձևավորել, դրա համար որևէ կերպ արդյունք չի գեներացվում: