ՌԴ ԱԳՆ հաղորդագրություն է տարածել Լավրով-Միրզոյան բանակցություններին ընդառաջ

19-03-2023 18:11

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը ԶԼՄ-ների համար հաղորդագրություն է տարածել՝ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի Մոսկվա կատարելիք այցին և ռուսաստանցի գործընկեր Սերգեյ Լավրովի հետ նրա բանակցություններին ընդառաջ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հաղորդագրության մեջ ասված է. «Մարտի 20-ին տեղի կունենան Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար նախարար Ս.Վ.Լավրովի բանակցությունները Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ա.Ս. Միրզոյանի հետ, ով աշխատանքային այց կկատարի Մոսկվա: Առաջիկա հանդիպումը Մոսկվայի և Երևանի միջև բոլոր մակարդակներում ավանդական սերտ շփումների շարունակությունն է: Նախարարները նախատեսում են համալիր քննարկել ռուս-հայկական համագործակցության ներկա վիճակը և դրա զարգացման հետագա քայլերը, այդ թվում՝ Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների 2022 թվականի ապրիլի 19-ի համատեղ հայտարարության դրույթների իրագործման շրջանակներում, որն ամրագրել է երկկողմ փոխգործակցության արտոնյալ դաշնակցային բնույթը և ռազմավարական ուղղվածությունը: Արտաքին գործերի նախարարությունների ղեկավարները մանրամասն կանդրադառնան տարածաշրջանային օրակարգին՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև ամենաբարձր մակարդակով 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի, նոյեմբերի 26-ի և 2022 թ. հոկտեմբերի 31-ի պայմանավորվածությունների կատարման պրիզմայով: Դիտարկվելու են ընդհանուր ինտեգրացիոն միավորումներում՝ ԱՊՀ, ԵԱՏՄ և ՀԱՊԿ, համագործակցության ամրապնդման հեռանկարները, ինչպես նաև միջազգային ունիվերսալ տարբեր հարթակներում, առաջին հերթին՝ ՄԱԿ-ում գործողությունների համակարգումը: Կկայանա երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների կողմից առաջին անգամ նապատրաստված «Ռուսաստանի Դաշնություն և Հայաստանի Հանրապետություն. դաշնակցային փոխգործակցության 30 տարի» ռուս-հայկական պայմանագրերի և համաձայնագրերի եռահատոր ժողովածուի շնորհանդեսը: Հայաստանը Ռուսաստանի ամենամոտ դաշնակիցներից է, ռազմավարական գործընկերը Հարավային Կովկասում: Հիմնվելով բարեկամության պատմական արմատներ ունեցող ամուր ավանդույթների, մեր ժողովուրդների անփոփոխ համակրանքի և մտերմության վրա՝ Մոսկվան և Երևանը կառուցել են բազմակողմ վստահելի հարաբերություններ: Մենք շարունակում ենք կատարելագործել պայմանագրա-իրավական դաշտը, որը ներառում է ավելի քան 200 փաստաթուղթ: Համակարգային աշխատում ենք տանում դրանց գույքագրման վրա»: Այնուհետև հաղորդագրության մեջ ներկայացվում են տվյալներ ամենաբարձր և բարձր մակարդակներում երկխոսության և տարբեր ոլորտներում ռուս-հայկական համագործակցության վերաբերյալ:

Lragir.am,
19-03-2023 18:11