Տրանսֆերային գնագոյացման կարգավորումներում կատարվել են փոփոխություններ

22-03-2023 13:12

Փոփոխվել է վերահսկվող գործարքների մասին ծանուցման ձևը Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ տրանսֆերային գնագոյացման կարգավորումներում կատարվել են մի շարք փոփոխություններ: Մասնավորապես, ՀՀ ՊԵԿ նախագահի հրամանի համաձայն, սահմանվել են տրանսֆերային գնագոյացման հաշվարկի ձևը, լրացման և ներկայացման կարգը, որն ուժի մեջ է մտել 2022 թվականի հոկտեմբերի 7-ից: Տրանսֆերային գնագոյացման հաշվարկի ընդունումը թույլ է տալիս հարկ վճարողներին ճշգրտել շահութահարկի և ռոյալթիի բազաները` դրանք համապատասխանեցնելով պարզած ձեռքի հեռավորության սկզբունքին: Իրականացված փոփոխությունների շնորհիվ հարկ վճարողը կարող է ներկայացնել տրանսֆերային գնագոյացման հարկային հաշվարկը և վճարել միայն լրացուցիչ շահութահարկ և  ռոյալթի` առանց լրացուցիչ տույժեր և տուգանքներ վճարելու: Փոփոխվել է նաև վերահսկվող գործարքների մասին ծանուցման ձևը, ըստ որի ավելի մանրամասն տեղեկություն է ներկայացվում հարկ վճարողի կողմից իրականացված վերահսկվող գործարքների մասին: Այն թույլ է տալիս իրականացնել առավել համակողմանի վերլուծություն, ինչը որոշ դեպքերում կարող է հան­գեց­նել տրանսֆերային գնագոյացման փաստաթղթավորման պահանջի նվազ­մանը: Կոմիտեն հայտնում է, որ 2022 թվականին կատարված վերահսկվող գործարքները ենթակա են ծանուցման արդեն նոր ձևով: Վե­րահսկվող գործարքների մասին ծանուցումները ներկայացվում են ամբողջովին էլեկտրոնային եղանակով՝ Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի միջոցով: Միաժամանակ, տրանսֆերային գնագոյացման կարգավորումներում իրականացված փոփոխությունների արդյունքում ընդունվել են մի շարք ենթաօրենսդրական ակտեր՝ տրանսֆերային գնա­գո­յացման փաստաթղթավորումների տեսակների մասին, տրանսֆերային գնագո­յաց­ման համադրելիության վերլուծություններ իրականացնելու նպատակով կիրառ­վող՝ միջազգային առևտրային տվյալների բազաների ցանկը սահմանելու մասին, ինչպես նաև նախնական գնագոյացման պայմանավորվածության ձեռք­բերման կար­գը և պայմանները սահմանելու մասին: Ենթաօրենսդրական ակտերը հասանելի են ՊԵԿ պաշտոնական կայքում՝ «Ներքին իրավական ակտեր» բաժնում: Պետական եկամուտների կոմիտեն, հաշվի առնելով գործող կարգավորումները, հորդորում է հարկ վճա­րողներին՝ աչալուրջ լինել և վերահսկվող գործարքների մասին ծանուցումները  ներ­կա­յաց­նել օրենսդրությամբ սահմանված ժամկետում: ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Lragir.am,
22-03-2023 13:12