Մարտի լույս 21-ի գիշերը պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի ոստիկանները ստուգման նպատակով կանգնեցրել են «Պորշ» մակնիշի մի մեքենա: Պարեկները վարորդի սթափությունը ստուգելու նպատակով պահանջել են նրա փաստաթղթերը: 43-ամյա տղամարդը հրաժարվել է և, մոտենալով պարեկային ավտոմեքենային, գրպանից հանել է քսանհազարանոց 3 թղթադրամ ու դրել առջևի նստելատեղին: Պարեկները նրան ձերբակալել ու տեղափոխել են ոստիկանության Արաբկիրի բաժին: Ստուգվել է վարորդի սթափությունը: Նա ոչ սթափ վիճակում էր: Դեպքի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: Պարեկային ծառայության ներդրման առաջնահերթ նպատակներից էր կոռուպցիոն ռիսկերի բացառումը: Պարեկներն իրենց գործողություններով բազմիցս հավաստել են, որ հավատարիմ են այդ սկզբունքին: Վարորդներին հորդորում ենք խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և չդրսևորել հակաօրինական վարքագիծ: Բոլոր ապօրինություններին տրվելու է համարժեք իրավական գնահատական: