24-ամյա կինը 2021թ․ նոյեմբերից ենթարկվել է սեռական շահագործման․ թրաֆիկինգի համար մեղադրվող կինը կալանավորվել է

25-03-2023 11:49

ՀՀ քննչական կոմիտեում  իրականացված քննությամբ պարզվել են  Երևան քաղաքի 24-ամյա բնակչուհուն խաբեությամբ, բռնություններով և դրանց սպառնալիքով սեռական շահագործման ենթարկելու դեպքի էական հանգամանքներ: 2023թ․ հունվարի 19-ին ին ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին մասի  հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ ձեռք են բերվել փաստական տվյալներ առ այն, որ Երևան քաղաքի 45-ամյա բնակչուհի Գ․Ա․-ն, տեղեկանալով 24-ամյա կնոջ կողմից պոռնկությամբ զբաղվելու ցանկության մասին, նրան առաջարկել է իր ենթակայությամբ զբաղվել պոռնկությամբ՝ խոստանալով ապահովել հաճախորդներով, ինչին վերջինս համաձայնվել է: Այդպիսով 2021թ․ նոյեմբերից Երևան քաղաքի 45-ամյա բնակչուհին 24-ամյա կնոջն ամենօրյա ռեժիմով ենթարկել է սեռական շահագործման: Վերջինիս այդ վիճակի մեջ պահելու դիտավորությամբ Գ․Ա․-ն սկսել է 24-ամյա կնոջ անունից և նրա համաձայնությամբ տարբեր անձանցից պարտքով ձեռք բերել հագուստ, սնունդ և այլ իրեր, իսկ պարտքերը պարտավորվել է մարել վերջինս: Ուռճացնելով նշված պարտքերը, Գ․Ա․-ն 24-ամյա կնոջից պահանջել է ամենօրյա ռեժիմով աշխատած գումարը տալ իրեն՝ դրանից երիտասարդ կնոջը վերադարձնելով ընդամենը կենսական կարիքները հոգալու համար բավարար դրամական միջոցներ: Ժամանակի ընթացքում 24-ամյա կինը գիտակցելով, որ ենթարկվում է սեռական շահագործման՝ 45-ամյա կնոջը հայտնել է, որ այլևս չի ցանկանում զբաղվել մարմնավաճառությամբ, որի կապակցությամբ վերջինիս կողմից ենթարկվել է ծեծի, պարբերաբար նրա հասցեին հնչեցվել են բռնության սպառնալիքներ: 2022թ․ նոյեմբերի 22-ից մինչև 2023թ․ մարտի 1-ը  Երևանի  49-ամյա կնոջը ունեցած այսպես կոչված «պարտքի» գումարը վճարելու պարտադրանքով, 24-ամյա կինը Արցախի փողոցում յուրաքանչյուր օր, հարկադրված զբաղվել է պոռնկությամբ, իսկ վաստակած գումարը՝ օրական միջինը 50.000 ՀՀ դրամ, փոխանցել է 45-ամյա կնոջը: Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա Գ․Ա․-ի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին մասով: Նրան առաջադրվել է մեղադրանք և որպես խափանման միջոց՝ նրա նկատմամբ ընտրվել է կալանավորումը: Նախաքննությունը շարունակվում է: ՀՀ քննչական կոմիտե

Lragir.am,
25-03-2023 11:49