Ժամանակի ընթացքում կավելանան մեղադրանքները, որովհետև Ռուսաստանը ցեղասպան գործողություններ է իրականացնում Ուկրաինայում

Lragir.am-ի զրուցակիցն է ուկրաինահայ վերլուծաբան Մարատ Հակոբյանը Հաագայի միջազգային քրեական դատարանը Ռուսաստանի նախագահ Պուտինի ձերբակալության միջազգային օրդեր է տվել: Ռուսաստանն ավելի քան մեկ տարի է՝ հանցագործություններ է կատարում Ուկրաինայի տարածքում, ի՞նչ նշանակություն ունի միջազգային դատարանի այս որոշումը: Հաագայի միջազգային դատարանի ձերբակալության օրդերի համար հիմք է հանդիսացել ուկրաինացի երեխաների տարհանման փաստը: Բայց քանի որ Ռուսաստանի իշխանության հրամանով ռուսական զորքի ոճիրներն ավելի շատ են Ուկրաինայի տարածքում, ապա կարող ենք ասել, որ սա դեռ սկիզբն է: Քանի որ այս փաստը շատ ակնհայտ է, գործընթացն սկսվել է դրանից, բայց ժամանակի ընթացքում կավելանան մեղադրանքները, որովհետև Ռուսաստանը ցեղասպան գործողություններ է իրականացնում Ուկրաինայում: Հանցագործությունների թիվը շատ մեծ է, և Միջազգային դատարանի այս որոշումը շատ կարևոր է, որպեսզի նման բռնապետները հասկանան, որ իրենց ցանկացած քայլի համար միևնույն է պատասխան են տալու: Սպասենք հաջորդող գործողություններին: Միևնույն է, Ռուսաստանի իշխանությունը և ոճիր գործած անձինք պետք է պատասխանատվության ենթարկվեն: Հայաստանն ինչպե՞ս պետք է իրեն դրսևորի այս պայմաններում, Հռոմի ստատուտը վավերացնելու դեպքում ՀՀ-ն պարտավորություն է ստանձնելու միջազգային դատարանի առաջ: Նախ Հռոմի ստատուտի վերջնական վավերացումը Հայաստանի ձեռքին շատ կարևոր գործիք կլինի՝ Ադրբեջանին Միջազգային դատարանում պատասխանատվության կանչելու առումով: Սա շատ կարևոր է Հայաստանի համար, որովհետև 2002 թվականից այսկողմ կատարված բոլոր ոճրագործությունները հնարավոր է ներկայացնել դատարանին: Ես հույս ունեմ, որ Հայաստանի իրավաբաններն այդ աշխատանքը մեծ եռանդով կանեն: Ինչ վերաբերում է Պուտինին, ակնհայտ է, որ Հայաստանը չի կարող պաշտպանել հանցագործ Պուտինին և իր թիմակիցներին: Հայաստանը քաղաքակիրթ երկիր է և պետք է քաղաքակիրթ երկրին հարիր մեթոդներով առաջ շարժվի: Հայաստանը պետք է իրեն հեռու պահի Պուտինի ցանկացած փորձից՝ Հայաստանը ներքաշելու իրենց հանցագործությունների մեջ: Միան քաղաքակիրթ աշխարհի հետ ու քաղաքակիրթ աշխարհի կանոններով Հայաստանը կարող է իր քաղաքականությունը կառուցել այսպիսի ագրեսիվ հարևանների հետ: Ի դեպ, Ռուսաստանն էլ է այդ ագրեսիվ հարևանների թվում, այսինքն՝ պետք է նաև Ռուսաստանից պաշտպանվել: Ռուս պաշտոնյաներն արդեն այս առիթով հայտարարություններ են անում: Մասնավորապես, ՌԴ Պետդումայի նախագահ Վոլոդինը հայտարարել է, որ «պետք է կազմակերպել աշխատանքը բարեկամական երկրների հետ երկկողմ համաձայնագրեր կնքելու ուղղությամբ՝ նախատեսելով փոխադարձ հրաժարում Միջազգային քրեական դատարանի հետ համագործակցությունից և աջակցությունից»: Ինչպե՞ս եք գնահատում սա: Պետք է զերծ մնալ վոլոդինների նման անձանց հայտարարություններին տեղ տալուց, որովհետև այդ մարդիկ այլևս օրենքի տեսանկյունից հանցագործներ են, Ռուսաստանի իշխանության բոլոր ճյուղերի ղեկավարները հատկապես: Թե ինչ է ասում Վոլոդինը, դա արդեն ոչ ոքի չպետք է հետաքրքրի: Նրանք հանցագործներ են, որոնք դեռ ժամանակավոր գտնվում են բանտից դուրս, բայց միևնույն է, նրանք բոլորն իրենց պատիժը պետք է կրեն: Հետևաբար, այդ հանցագործների՝ իրենց համար նոր հանցակիցներ փնտրելու բոլոր փորձերը պետք է մերժել:

ՌՈԶԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Լրագրող
25-03-2023 19:40