Lragir.am-ի զրուցակիցն է Արցախի Հին Շեն համայնքի ղեկավար Սամվել Սարգսյանը Պարոն Սարգսյան, մարտի 25-ին Բաքվի զինված ուժերը հատել են Արցախի Հանրապետության զինված ուժերի հետ շփման գիծը և որոշակի դիրքային առաջխաղացում ապահովել Ստեփանակերտ-Լիսագոր գրունտային ճանապարհի ուղղությամբ: Ի՞նչ իրավիճակ է: Աջից-ձախից թշնամին դիրքավորվում է: Դեպի Ստեփանակերտ ճանապարհն արդեն երկու օր է՝ փակ է: Բայց մյուս ճանապարհը ռուսների համար գործում է, սննդամթերք են տեղափոխում: Բերդաձորի ենթաշրջանի գյուղերի կապը Սյունիքի մարզի հետ կա, բայց արդեն վերջին գյուղից դեպի Ստեփանակերտ ճանապարհը փակ է: Բնակիչները մնում են գյուղերում, գնալու մասին չեն մտածում, ո՞ւր գնանք: Եթե այստեղից փախնենք գանք Հայաստան, բա Հայաստանից ո՞ւր ենք փախնելու: Ալիևի ախորժակը մեծ է՝ Սևանում ձուկ ուտելու, ոտքերը ջրում դնելու մասին է խոսում: Դրան պետք է դիմակայենք: Տեղեկություն եղավ, որ մարտի 27-ին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումը փորձել է առաջխաղացում կատարել Ստեփանակերտ-Լիսագոր գրունտային ճանապարհի հարակից բարձունքներից մեկի ուղղությամբ: Մարտական հերթապահություն իրականացնող ՊԲ զինծառայողների կանխարգելիչ գործողությունների շնորհիվ ադրբեջանական ստորաբաժանման առաջխաղացման փորձը կասեցվել է: Այսինքն՝ որտեղ բանակը դիմադրություն է ցուցաբերվում, թշնամին չի՞ կարողանում տարածքներ օկուպացնել: Սրին սրով են պատասխանում, և հաջորդ անգամ սրից վախենում են: Երկու տարի է՝ մենք բարձիթողի վիճակում ենք այդ առումով: Իհարկե, ինչ իրենք նախաձեռնում են, մենք պետք է դիմադրությամբ արձագանքենք: Տեսնում եք, չէ՞, իրենց պատասխանը տալիս ենք, հանգիստ նստում են: Թուրքն ո՞վ է դարձել, որ հայի վրա «վերխ հավաքի»: Հիմա նոր սերունդ է եկել, ասում է՝ վայ, թուրքը այստեղ է, թուրքը այնտեղ է: Այո, հասկացանք, որ թուրքին բաց են թողել, որ գան հասնեն այստեղ, բայց տարիքն առած մարդիկ, ովքեր պատերազմ են տեսել ու հաղթահարել, ճանապարհ են անցել, հո բաց չեն թողնելու թուրքին: Իհարկե, պետք է դիմադրել, ամենքի հետ իր լեզվով պետք է խոսես, որ իր տեղն իմանա ու ճանաչի: Սա է մեր խնդիրը՝ մի հատ հավաքվենք, մեզ թափ տանք, զգաստ շարք կանգնենք, մեր պայքարն արդար է: Դրա փոխարեն շատ է քարոզվում, որ պատերազմից հետո թույլ ենք, ռեսուրս չունենք: Սա ինչպե՞ս եք գնահատում: Ես համաձայն չեմ այդ թեզերի հետ: Որ իմանաք 1988 թվականին ոնց ենք սկսել պայքարը․․․ մահակով ենք սկսել, ինքնաշեն զենքով ենք սկսել: Հիմա ամեն ինչ էլ ունենք, ինչո՞ւ են ասում՝ չունենք: Ինչ էլ չունենք, պետք է բացթողումները լրացնենք, որ աշխարհը մեզ հավատա ու իմանա, թե ում հետ գործ ունի: Ուժեղի մոտ միշտ թույլն է մեղավոր լինում, մենք պետք է ուժեղանանք: Երբ տան տղամարդն ուժեղ է լինում, կնոջ վարքը, տան դրվածքը իդեալական է լինում: Իմ ասածի միտքն այն է, որ պետք է երկրի ղեկավարն ուժեղ լինի: Եթե մենք ունենանք ղեկավար, որը կպատասխանի ցանկացած պետության ագրեսիվ քաղաքականությանը, խոսքով, թեկուզ ուժով, այսպես գլուխներս կախ չենք լինի: Մենք պետք է նաև աշխատանք տանենք, որ միջազգային հանրությունը ճանաչի Արցախը: Եթե ասենք, որ մեզ պետք չէ, որ միջազգային հանրությունը մեզ ճանաչի, սուտ է: Բայց առաջնահերթ մենք ինքներս մեր վրա պետք է հույս դնենք, զինվենք, ամրանանք: Եվ եթե մենք ամուր լինենք, այդ նույն միջազգային հանրությունը ինքնըստինքյան ճանաչելու է մեզ: Մենք նախ ինքներս մեզ պետք է վստահենք, մեր ձեռքով մեր առաջ դրված խնդիրը լուծենք: Մենք ինքներս պետք է մեր իրավունքները պաշտպանենք: Բաքվի ու Ստեփանակերտի միջև ուղիղ բանակցությունների անհրաժեշտության մասին է այսօր խոսվում, դա ընդունելի՞ է ձեզ համար: Դա էլ է պետք, ինչո՞ւ ոչ, պետք է բանակցել: Պետք է ոչ թե ինտեգրացիայի գնանք, այլ բանակցենք՝ մեր խնդիրները լուծելու համար: Բայց չի կարելի թեկուզ մտքի ծայրով անցկացնել, թե Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում, դա Արցախի ժողովրդի համար անընդունելի է: Այստեղ որոշողը Արցախի ժողովուրդն է, իշխանությունը չէ: