ՀՀ ԳԱԱ Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտը չի ներկայացրել մասնագիտական կարծիք՝ կապված Երևանում ծառերի հատման և փոխարինման լայնածավալ աշխատանքների հետ

27-03-2023 16:01

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտը չի ներկայացրել մասնագիտական կարծիք՝ կապված Երևան քաղաքում ծառերի հատման և փոխարինման լայնածավալ աշխատանքների հետ: Այս մասին հայտարարեց ինստիտուտի տնօրեն Արսեն Գասպարյանը: «Մոտ մեկ ամիս առաջ ստացանք հրավեր Երևանի քաղաքապետարանից, որպեսզի ապահովենք ինստիտուտի մասնագետների մասնակցությունը Երևանի կանաչապատման վերաբերյալ աշխատաժողովին: Աշխատաժողովի ժամանակ քննարկվել է Երևանում հիվանդ, դեֆորմացված ծառերի արժեքավոր տեսակներով փոխարինման և ինվազիվ տեսակների հեռացման հարցը, ինչը ողջունվել է մասնագետների կողմից: Կազմվել է արձանագրություն, որը հրապարակված է: Մեկ ամիս անց Երևանի կենտրոնում սկսվեցին ծառերի զանգվածային հատումները: Քաղաքապետարանի աշխատակիցները պարբերաբար հղում են անում գիտական կարծիքի և գիտնականների վրա, ինչը տեղին չէ:  Մեր ինստիտուտի գիտնականները հայտնել են կարծիք ընդհանուր գաղափարի՝ հիվանդ ծառերի փոխարինման վերաբերյալ», – ասաց Արսեն Գասպարյանը: Նա նշեց, որ նման լայնածավալ աշխատանքներ իրականացնելու համար պետք է լինի հստակ մշակված ծրագիր: «Մեր ինստիտուտը նման ծրագիր չի ստացել, չի քննարկել և չի արձագանքել:  Մենք ունենք պետություն, և պետության մեջ գործում են մասնագիտացված պետական ինստիտուտներ և կառույցներ, որոնց պետք է դիմել, դիտողություններ և առաջարկություններ ստանալ: Սա շատ կարևոր գործընթաց է, բայց այն տեղի չի ունեցել:  Ցանկացած հատման դեպքում ծառի կենսունակությունը պետք է որոշվի մասնագետների կողմից, ներկայացվի հիմնավորում՝ ինչու է հատվում և ինչ է տնկվելու: Ըստ էության, մասնագիտացված կառույցներն այս ամենի հետ ոչ մի առնչություն չունեն, և Գիտությունների ազգային ակադեմիայի Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի անունը շահարկվում է ըստ կարիքի», – ասաց Արսեն Գասպարյանը: Ըստ ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտի տնօրենի՝ այս գործընթացն ունի նաև հանրային բաղադրիչ․ «Իմ կոչն է՝ ներկայացնել, հանրայնացնել ամբողջական ծրագիրը,  մասնագիտական հիմքերը յուրաքանչյուր փողոցի, ծառի համար: Ամբողջ աշխարհում ավելի գերադասում են օգտագործել տեղական տեսակները, որովհետև ավելի կայուն և դիմացկուն են: Բուսաբանության ինստիտուտը վերջերս իրականացրել է հետազոտություն, ներկայացրել տեսակները Երևանի համար, որոնք նպաստավոր են կլիմայի փոփոխության երկարաժամկետ հեռանկարում: Քաղաքապետարանը մասնակցել է քննարկումներին և ունի այդ ուղեցույցը: Խորհուրդ կտամ օգտվել գիտության արդյունքներից»: Արսեն Գասպարյանն առաջարկում է անհապաղ սկսել քաղաքային բնապահպանական ռազմավարության մշակում: «Այսօր չկան սահմանված և չափելի ռազմավարական նպատակներ, իսկ քաղաքը մի ամբողջ էկոհամակարգ է: Եթե մենք չունենք բնապահպանական ռազմավարություն, մանրամասն ներկայացված ոլորտային գործողությունների ծրագիր, ապա արագ կերպով նման ազդեցություն ունեցող որոշումներ կայացնելը տեղին չեմ համարում: Կարծում եմ, որ պետք է այդ գործընթացը կասեցվի, ծրագիրը  մանրամասն մշակվի, ներկայացվի հանրային և մասնագիտական լայն քննարկման, ստացվի մասնագիտացված կառույցների արձագանքը, կատարվեն համապատասխան փոփոխություններ և դրա հիման վրա, հանրությանը պատշաճ իրազեկելու պայմաններում, իրականացվեն գործողություններ: Մենք՝ բոլորս, ցանկանում ենք, որ մեր քաղաքի համար լավ լինի», – ասաց Արսեն Գասպարյանը: ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին

Lragir.am,
27-03-2023 16:01