ՀԱՊԿ-ի որոշ երկրներում ուժի մեջ է մտել ՀԱՊԿ-ի շրջանակներում իրավական օգնության տրամադրման համաձայնագիրը

27-03-2023 17:49

Ուժի մեջ է մտել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների տարածքներում հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների ժամանակավոր տեղաբաշխման հետ կապված գործերով իրավասության և իրավական օգնության ցուցաբերման հարցերի շուրջ համաձայնագիրը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշվում է ՀԱՊԿ-ի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ: «Միջազգային պայմանագիրը վավերացվել է Բելառուսի Հանրապետությունում, Ղրղզստանի Հանրապետությունում, Ռուսաստանի Դաշնությունում և Տաջիկստանի Հանրապետությունում և 21-րդ հոդվածին համապատասխան՝ հիշյալ  պետությունների համար ուժի մեջ է մտել 2023 թվականի մարտի 24-ին», – ասված է տեքստում: Մամուլի ծառայությունում հիշեցրել են, որ համաձայնագիրը ՀԱՊԿ անդամներն ստորագրել են 2021 թվականի սեպտեմբերի 16-ին Դուշանբեում: «Այս փաստաթղթի հիման վրա կիրականացվի ՀԱՊԿ անդամ պետությունների իրավասու մարմինների՝ զինվորական ոստիկանության, զինվորական հետաքննության, զինվորական դատախազության, ռազմական դատարանների (տրիբունալների) համագործակցություն՝ քրեական և վարչական գործերով, այն անձանց նկատմամբ, որոնք մտնում են հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների կազմի մեջ», հստակեցրել են կազմակերպությունում: Ավելի վաղ հաղորդվել էր, որ փաստաթուղթը նաև ուղղված է այն հանցագործությունների օպերատիվ հետաքննությանը, որոնք կատարվել են տեղաբաշխման վայրերում ուղարկող կողմի կազմավորումների մեջ մտնող անձանց կողմից ընդունող կողմի քաղաքացիների դեմ՝ հանցանքի վայրում ձերբակալման դեպքում: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը համաձայնագրի վավերացման մասին օրենքն ստորագրել էր 2022 թվականի մայիսի 28-ին:

Lragir.am,
27-03-2023 17:49