ՀՀ վարչապետի աշխատակիազմն ու ԱԳՆ չեն արձագանքել մարտի 25-ին Բաքվի ստորաբաժանումների կողմից Արցախի Լիսագորի շրջանում ռազմավարական բարձունքի գրավմանը: Վարչապետի պաշտոնը զբաղեցնողն այդ ընթացքում մեկնել էր այն տարածք, որտեղ պետք է կառուցվի մարզական-փառատոնային համալիր, դա ներկայացնելով որպես «ասիմետրիկ պատասխան մեզ ուղղված բոլոր մարտահրավերներին», այնուհետեւ մեկնել աղբ հավաքելու ռելոկանտների հետ: Իր հերթին, վարչապետի «կլաստերային նարատիվի» ծիրում Արարատ Միրզոյանը ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում խոսում էր իրենց պատկերացումներով բանակցելու, Բաքվին արված առաջարկ-«նավոդկաների» մասին: Այն է՝ Բաքուն «խաղաղ պայմանագրի» տարբերակ է ուղարկում, Երեւանը լրացնում է դրանք նոր պարտավորություններով եւ հետ ուղարկում: Լիսագորի բարձունքի գրավումը հետեւեց Լավրով-Միրզոյան մոսկովյան բանակցություններին (տես այստեղ), Երեւանի «նավոդկայով»: Դատելով Արցախի ՊՆ հաղորդագրությունից, Բաքվի ստորաբաժանումները փորձում են գրավել այլ բարձունքներ: Նպատակը՝ Բերձորի միջանցքը հանձնվում է Բաքվի վերահսկողությանն անցակետերի տեղադրմամբ: