Նիկոլ Փաշինյանն ու խորհրդարանի ընդդիմությունն օրինականացրեցին ամենաանթույլատրելին

Lragir.am-ի զրուցակիցն է ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը Պարոն Հայրիկյան, Բաքվի զինված ուժերը Արցախում օկուպացրեցին հայկական հողի եւս մեկ կտոր: Ինչպե՞ս եք գնահատում իրավիճակը: 2020 թվականի նոյեմբերի 9-ին Նիկոլ Փաշինյանը միահեծան կերպով ամենաանսպասելի և ամենաանթույլատրելի համաձայնությունը կնքեց: Եվ այն ժամանակվանից Արցախը տրվեց: Հիմա, երբ մաս-մաս տարածքներ են տալիս, դա հավասարազոր է նրան, որ պատանդ են տալիս 120 հազար մարդու՝ նրանց ունեցվածքն էլ հետը: Հետո էլ ասում են՝ վայ, այսօր էլի մի տարածք վերցրեցին: Բայց, կներեք, 2020 թվականի նոյեմբերի 9-ին դու տվել ես, հրաժարվել ես կատարել քո պարտականությունները որպես գլխավոր հրամանատար: Քեզ չեն ընտրել նրա համար, որ դու երկիր հանձնես, հայկական իրավունքները ուրանաս: Արցախը տրված է 2020 թվականի նոյեմբերի 9-ից: Եվ երբ որևէ մեկը խոսում է նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունները հարգելու մասին, նա զարգացնում է Ադրբեջանի հետագա քայլերը՝ ուժի կիրառման միջոցով: Ուժի միջոցով ու սպառնալիքով հարցեր լուծելը միջազգային իրավունքում անթույլատրելի է: Մենք Հայաստանը դարձնում էինք միջազգային իրավունքի ենթակա, որպեսզի չենթարկվեր որևէ պետության՝ ուժի միջոցով սեփական կամքը պարտադրելուն, այն ժամանակ բոլշևիկյան բռնապետություն էր, դրանից առաջ թուրքերի ու բոլշևիկների համատեղ համաձայնությունը: Իսկ այս անգրագետ դեղնակտուցներն իրենց հիմար խելքով սրիկայություն արեցի և ասացին՝ մենք զրոյից ենք սկսում: Սրանք զրոյից սկսեցին, դա հանգեցրեց նրան, որ ոչ միայն չօգտվեցինք միջազգային իրավունքի ընձեռած հնարավորություններից, այլ հիմա հպարտորեն ասում են՝ խախտվել է նոյեմբերի 9-ի փաստաթուղթը: Խորհրդարանական ընդդիմությունն ասում է, որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը կապիտուլյացիոն փաստաթուղթ է, բայց միաժամանակ ասում են՝ դա կատարված իրողություն է: Այսինքն՝ իրենք օրինականացրեցին ամենաանթույլատրելին: Ի՞նչ են ցույց տալիս Արցախում տեղակայված ռուս խաղաղապահների գործողությունները: Ռուսներն ունեն իրենց շահերը, դրանք երբեմն անառողջ, հիվանդագին հավակնություններ են: Նրանք ուզում են որևէ կերպ վերականգնել իրենց ներկայությունն այդ տարածաշրջանում, կնքել են 5 տարով պայմանագիր, որն արդեն չի գործում: Երբ Եվրամիության դիտորդները եկան Հայաստան, ռուսներն ասում էին՝ պիտի Ադրբեջանն էլ համաձայն լինի: Դե որ ասում եք, հիմա Ադրբեջանն էլ պետք է համաձայն լինի, որ դուք էլի մնաք Արցախում: Իրենք զբաղված են իրենց հիվանդագին, անառողջ աշխարհընկալումից բխող հավակնություններին հագուրդ տալու մոլուցքով: Ինչպես Մակրոնն ասաց՝ ռուսներն ու ադրբեջանցիները միասին 2020 թվականին հարձակվել են հայերի վրա: Դա ես չեմ ասում, ասում է աշխարհի գերտերություններից մեկի ղեկավարը: Եվ իրենք այսօր այդ գիծը շարունակում են: Նամանավանդ, որ Հայաստանի այսօրվա ազգակործան պատուհասը, ինչպես իր հոգևոր հայրն էր ասում, կիսատ-պռատ քայլեր է անում: Ի՞նչ պետք է անել: Ես կասեի, թե ի՞նչ պետք է արած լինեինք: Պետք է անեին բոլոր նախկինները, ովքեր չեն արել, բայց դա չի արդարացնում նրան, ով այդ չարածների վրա ավելացնում է: Չի արել Լևոնը, չեն արել Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, այն, ինչ պետք է արվեր Հայաստանի անկախ դառնալուց հետ: Մերոնք մեծ հաճույքով պետք է ընդառաջ գնային սահմանների անձեռնմխելիության թեզին, ասեին՝ եղավ, եկեք տեսնենք, թե որոնք են միջազգայնորեն ընդունված սահմանները: Չեն արել դա, Կավբյուրոյի որոշումն են համարել հիմք և մինչև հիմա էլ շարունակում են: Բայց այս վերջին ողորմելին եկավ ասաց՝ Լենին-Աթաթուրք պայմանագիրը, դրանից հետո Սովետական իշխանության տարիներին Հայաստանը թուլացնելու միջոցով ծվատելու քաղաքականությունն օրինական են: Մոսկվայում շատ լավ գիտեին, որ հիմնական ներուժն ունի Հայաստանը: Եվ Ազգային միացյալ կուսակցությունն ապացուցեց, որ իսկապես ազգային ազատական ներուժ ունի հայ ժողովուրդը: Իրենք դրա համար ուզում էին հայերին հատկապես հարվածել: Այդ ամենն իրենք մեզնից լավ գիտեն, իսկ մենք չգիտենք: Մենք չասացինք՝ եթե խոսում եք սահմանների մասին, եկեք տեսնենք, թե նախքան Ստալինի գծած սահմանները, նախքան մեր բռնազավթումը ինչ է եղել, աշխարհն ինչ է ընդունել: Քանի որ սրանք մեր բռնազավթումը չընդունեցին, այս իրավիճակն է: Թե ի՞նչ պետք է արվի այսօր, նոր անելու բան չկա: Պետք է շատ բուռն կերպով բոլոր ուղություններով, մասնավորապես դիվանագիտական, աշխատել: Բայց աշխատելու համար բոլորը նայում են, թե ո՞վ է ասողը, ի՞նչ է ասում, սա՞ պետք է ասի: 40 տարի առաջ ինձ Ռեյգանն էր ընդունում, ամերիկյան սենատորները երկու օրվա ընթացքում 38 հոգի ստորագրություն էին հավաքում՝ ինձ ընդառաջելու համար: Որովհետև գիտեին, որ կա ազգ, այդ ազգի ազատասիրության խորհրդանիշն այսինչ բաներն է ասում: Իսկ այսօր կա կիսատ-պռատ ազգ, որի ռուսական հարճ լինելու տրամադրվածությունը երբեմն դրսևորվում է: Կիսատ-պռատ կասես, կիսատ-պռատ էլ պատասխան կստանաս, կամ էլ ընդհանրապես չես ստանա: Ես եվրոպական երկրների կոնֆերանսում զգացի, որ իմ առաջարկն աշխարհի ժողովրդավարության մակարդակը նոր փուլի է հասցնում, եթե Հայաստանը դա արած լիներ արդեն, կլիներ աշխարհի ամենաառաջադեմ երկիրը, քաղաքակրթական ամենաբարձր արժեքի գլխավոր առաջատարը: Չեն ուզում անել, ուրեմն արժանի չեն: Բայց ես չեմ կարծում, որ մեր ազգն արժանի չէ, արժանի չեն այս ապիկար իշխանասատկածները:

ՌՈԶԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Լրագրող
27-03-2023 22:43