Հայաստանի և Արցախի դրոշներ, Արցախի շրջափակումը դադարեցնելու կոչով պաստառ՝ Շվեդիա-Ադրբեջան խաղի ժամանակ

28-03-2023 10:31

Ֆուտբոլի Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման փուլի Շվեդիա-Ադրբեջան հանդիպման ժամանակ հանդիպմանը ներկա հայ երկրպագուներն ակցիա են իրականացրել՝ Արցախի շրջափակումը դադարեցնելու պահանջով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ խաղի ընթացքում երկրպագուները Հայաստանի և Արցախի դրոշներ են պարզել, ինչպես նաև մեծ պաստառ, որի վրա գրված է եղել․ «Դադարեցրեք Արցախի շրջափակումը»: Ի դեպ, այդ խաղում Ադրբեջանի հավաքականը ջախջախիչ պարտություն է կրել: Շվեդիայի հավաքականը 5 անպատասխան գնդակ է ուղարկել ադրբեջանցիների դարպասը: 38-րդ րոպեին խաղի հաշիվը բացել է Էմիլ Ֆորսբերգը, 65-րդ րոպեին Բեհլուլ Մուսատաֆազադեն դարձել է ինքնագոլի հեղինակ, 79-րդ րոպեին հաշիվը խոշոր է դարձրել Վիկտոր Գյոկերեսը, 88-րդ րոպեին գոլի հեղինակ է դարձել Յասպեր Կարլսոնը, մեկ րոպե անց էլ աչքի է ընկել Անտոնի Էլանգան: Ադրբեջանի հավաքականը խոշոր հաշվով պարտություն էր կրել նաև որակավորման փուլի առաջին խաղում՝ 4-1 հաշվով զիջելով Ավստրիայի հավաքականին:

Lragir.am,
28-03-2023 10:31